«Լրիվ փլված է, փետը փտած է». Լենուղու չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներով լուծման են սպասում

«Չոր քնում եմ, արթնանում՝ ամբողջությամբ ջրի մեջ կորած»,- ասում է Մանիկ Աբաջյանը, որ 50 տարի է՝ ապրում է վթարային շենքում, քնում անձրևաջրերով ողողվող պատի տակ:

«Հելնում եմ, վերմակս դարձնում եմ էն յան, էնտեղ չորանում է, նորից դարձնում եմ էս յան», - «Ազատությանն» ասում է նա:

Արամավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող երկու շենքերը չորրորդ կարգի վթարային են, այսինքն՝ ամեն րոպե կարող են փլուզվել: Դրանք կառուցվել են 90 տարի առաջ՝ որպես սովխոզի հանրակացարան:

«Լրիվ փլված է, մի հատ թեթև սեղմեմ, լրիվ պոկվում է», - ցույց է տալիս կինը:

Տիկին Մանիկի հարսը՝ Սաթենիկը 4 անչափահաս երեխա ունի: Վերջերս որդու ծննդյան տարեդարձն էր, ահագին երեխաներ էին եկել, պարել էին ուզում, բայց ինչպե՞ս պարեն չորրորդ կարգի վթարային շենքում։ Սաթենիկն ասում է՝ մի կերպ զսպեցի հյուրերի ցանկությունը. - «Վախենում ենք, ասում ենք՝ երեխեք ջան, մի պարեք, մեկ էլ տեսար՝ իջանք նկուղ»:

Շենքը վթարային է անցած դարի 80-ականներից: Բնակիչներն ասում են՝ ում դիմում ենք՝ մարզպետարան, կառավարություն, մի բան ենք լսում՝ հրատապ ծրագրում եք: Այդ հրատապը տասնամյակներ է տևում, մի քանի տարի առաջ Լենուղու այս շենքի բնակիչները կտրուկ միջոցի դիմեցին՝ դպրոցի մուտքը փակեցին, հետո մի քանի ընտանիք մտավ գյուղապետարանում բնակություն հաստատելու, ակցիաներ եղան, լուծումներ՝ ոչ:

22 ընտանիքներ փակել են գյուղի դպրոցի մուտքը՝ պահանջելով հրատապ լուծել իրենց հարցը․ Լենուղի, 18-ը մարտի, 2019թ․

«Մի քիչ խղճան գոնե, էդ պարգևատրումները մի քիչ քիչ անեն: Մի հոգու որ չպարգևատրեն, գոնե կարան, էս ժողովրդին էս վիճակից դուրս հանեն, մեղք ենք», - ասում են նրանք:

Իշխանության ներկայացուցիչներ էլ են շենք եկել, սեփական կյանքի անվտանգության կանոնները խիստ պահպանելով ծանոթացել են խնդրին:

«Աստիճաններով վախենում էր վերև հելներ, մի քիչ հելավ, ասաց՝ չէ, ապասնի ա, հելնեմ, հանկարծ կփլվի վրաս, բա մենք ո՞նց ենք ապրում էսքան երեխաներով», - հարցնում է բնակիչներից մեկը:

Այս արտակարգ պայմաններում 30 երեխա է մեծանում, երկու շենքերում ապրում է 22 ընտանիք: Գազ, ջուր, սանհանգույց, բնականաբար, չունեն, քանի որ փլվող շենքում որևէ ակտիվ գործունեություն հնարավոր չէ ծավալել:

«Մեր շարժական ջակուզին է»,- մեծ տաշտակը ցույց տալով ասում են բնակիչները:

Այստեղ հարս է եկել Լիանա Վարդանյանը, երրորդ երեխային է սպասում: Նրա սկեսուրը՝ Մարիամ Կարապետյանն ասում է. --«Ասի՝ էսա պայմանները, դրսից ջուր ենք կրում, ներսը ջուր չկա, կոմունալ հարմարություն չկա: Ասաց՝ ոչինչ, սիրում եմ ես»:

Շենքի բնակիչներով երեկ պետք է հավաքվեին կառավարության շենքի մոտ, սակայն վերևներից զանգ են ստացել՝ սպասեք. -«Մեզ էնդեղից հրաման եկավ, որ սպասեք, այս հարցը կլուծվի: Սպասենք, էս 30 տարի սպասել ենք, էս 3 օրն էլ կսպասենք»:

Ասում են՝ այլևս տասնամյակներով չեն սպասելու, հիշում են՝ 88-ի երկրաշարժից հետո, երբ շենքի պատերը հերթական անգամ հեռացան իրարից, իրենց վրաններ բաժանեցին ու խորհուրդ տվեցին շենքից 10 մետր հեռավորության վրա այդ վրաններով յոլա գնալ, մինչև փոխհատուցման հարցը լուծվի: Վրանները փտեցին, իրենք վերադարձան քանդվող տներ, իսկ քանդման պրոցեսն, ասում են, այստեղ անընդհատ է:

Գոհար Սարգսյանի ննջարանի առաստաղը դանդաղ իջնում է մահճակալի վրա, վերևի բնակիչը շուտով ներքև կսահի, իրենք կիջնեն նկուղ. - «Հիմա որ բացենք, արդեն երևի ընկնենք ցած, փետը լրիվ փտած է: 30 տարի մեզ խաբում են»:

Կառավարության լրատվական ծառայությունից հորդորեցին դիմել Տարածքային կառավարման նախարարություն, այստեղից ուղղորդեցին Քաղաքաշինության նախարարություն, այստեղից էլ ասացին՝ մեր գործը չէ: Քանդվող շենքի բնակիչների փոխհատուցման ծրագիր կա, թե ոչ, այդպես էլ պարզ չդարձավ:

Լավատես է Լենուղու համայնքապետը: Նա է բնակիչներին համոզել առայժմ ցույցեր չանել, հուսով է՝ գործադիրը կարձագանքի:

Բոլոր տների լուսամոտագոգերին խաչեր, մոմեր ու Փրկչի պատկերներ են, Աստծուն ապավինելով են քնում ու արթնանում, հավատն ուժգնանում է հատկապես անձրևների ժամանակ: