Մատչելիության հղումներ

Ահազանգում են՝ Արամի 23 հասցեի շենքը կրկին փլուզման վտանգի տակ է


Արամի 23 հասցեում գտնվող շենքը, 5-ը դեկտեմբերի, 2019թ.
Արամի 23 հասցեում գտնվող շենքը, 5-ը դեկտեմբերի, 2019թ.

Արամի 23 պատմամշակութային հուշարձանը կրկին փլուզման վտանգի տակ է, հարևանությամբ շինարարություն իրականացնող ընկերությունը քանդման աշխատանքեր է սկսել շենքի հետնամասում։

Նման ահազանգով քաղաքապետարանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իրավապահներին ու լրագրողներին այսօր կեսօրից հետո դիմել էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կազմակերպության աշխատակիցները, պահակն էր նկատել՝ ինչ-որ շինարարներ մոտենում են «Հայաստանի փոքրիկ երգիչների» երգչախմբին պատկանող շենքի հետնամաս։

«Ես իրանց հետևից գնացի, ասի՝ ի՞նչ ա եղել, բա եկել ենք՝ էն առաջի մասը քանդենք, շինթույլտվություն ունենք և այլ, և այլ, ասի՝ ո՞ւր են էտ թույլտվությունները, ասեց՝ չգիտեմ, շեֆերից պարզի։ Շեֆերն եկան, բա կա, բայց մոտներս չէ, կբերենք», - պատմեց Արամի 23 հասցեի շենքի պահակ Ղարիբ Տոնապետյանը։

Նա պատմում է, որ շինթույլտվությունն այդպես էլ չէին ներկայացրել ու շարունակել աշխատանքները, սակայն դրանք դադարեցրին, երբ տարածք ոստիկանները եկան։ Նա պնդում է, թե շինարարներն իրեն վստահեցրել են, որ շինաշխատանքները կատարում են, որպեսզի կարողանան վերականգնել Արամի 23-ը։ Պահակը մտահոգված է՝ եթե անգամ տանիքին կպչեին, շենքը հնարավոր է փլուզվեր, առանց այդ էլ հարևանությամբ նույն շինարարական կազմակերպությունն ավտոկայանատեղի է կառուցում, որի պատճառով էլ հենց Արամի 23-ը վթարային դարձավ, հիմա դեռ վտանգը կա նոր փլուզման։

Շենքի հետնամասը փլուզվել էր դեռ տարեսզկբին։

«Ըստ իրանց՝ դա պիտի քանդեն, աշխատանքի ֆրոնտ ստեղծեն, որ իրենք տակից սկսեն աշխատել, վերևից մթամ փուլ չգա իրանց վրա։ Իրանց չի հետաքրքրում՝ շենքը կքանդվի, թե չի քանդվի, իրանց հետաքրքրում են աշխատանքային պայմաններ ստեղծեն իրանց համար», - նկատեց Ղարիբ Տոնապետյանը։

Քաղաքային իշխանություններն անցած շաբաթ էին անդրադարձել Արամի 23-ի խնդրին. ավագանու նիստի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ իտալացի ճարտարապետն արդեն ուղարկել է շենքի ամրացման սխեման, քաղաքապետարանը կտա շինթույլտվությունն, ու այդ նախագիծը կլինի շինարարների ձեռքում: Քաղաքապետարանից ասում են՝ իրենք դեռ շինթույլտվություն չեն տվել։

«Հիմա ահազանգել են, մենք եկել ենք, տեղում ուսումնասիրել ենք, որևէ մարդ չի աշխատում», - նշեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արամ Այվազյանը, ապա հավելեց. - «Նախաձեռնել են աշխատանքներ, ուզեցել են սկսել աշխատանքներ իրականացնել՝ հուշարձան-շենքի պահպանման, վերօգտագործման, ամրակայման հետ կապված»։

Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ առանց շինթույլտվության շինարարական կազմակերպությունն արդեն իսկ սկսել է աշխատաքները, աշղեկը պնդում է՝ իրենք շինարարական աշխատանքեր չեն իրականացրել, նախնական ուսումնասիրություններ են արել, որ հետո նոր սկսեն վերականգման աշխատանքերը։

«Ամուր» շինարարական ընկերության աշղեկ Արման Ավագյանը փոխանցեց, որ իրենք չեն պնդել, որ քանդելու շինթույլտվություն են ունեցել. - «Ես չգիտեմ՝ պահակն ինչ է ասել։ Մենք շինթույլտվություն քանդելու ձեռքի տակ չենք ունեցել, ինքը պնդում ա, ես չգիտեմ՝ խի ա պնդում, ես ասում եմ՝ մենք մոտեցել ենք շենքին՝ հասկանանք՝ էս իրավիճակով ոնց կարանք մենք էս շենքն ամրացնենք, որպեսզի չքանդվի», - հայտարարեց նա։

Արամի 23-ում փորձեր էր անում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Շենքի վթարային դառնալուց հետո նվազգախումբն արդեն գրեթե 1 տարի է, ինչ մնացել է առանց փորձասենյակ։


XS
SM
MD
LG