Մատչելիության հղումներ

Հին Երևանից մնացած վերջին շենքերի բնակիչները պնդում են՝ ներպետական ատյանները սպառեն՝ ՄԻԵԴ են հասնելու


Հյուսիսային պողոտային կից՝ հին Երևանից մնացած վերջին շենքերի բնակիչներն չեն հանձնվում, ասում են, հետո ի՞նչ, որ կառավարությունն իրենց շենքերը գերակա շահ ճանաչված տարածքների ցանկից չի հանել, պետք է մոռանա՞ն իրենց 15 տարվա պայքարի մասին ու լքե՞ն տները:

«Այս շենքում ես մնացել եմ միայնակ որպես բնակիչ, որովհետև առաջին հարկերը սննդի օբյեկտներ են դարձել: Չնայած որպես սեփականատեր ամբողջ մուտքում երեք հոգի ենք, բայց փաստացի ես մենակ եմ ապրում», - նշեց բնակիչներից Վարդան Գերավետյանը:

Հյուսիսային պողոտայի կառուցապատումից հետո, Երևանի կենտրոնի մի շարք հատվածներ գերակա շահ են ճանաչվել, դրանց մեծ մասի կառուցապատողը հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ Դիվելոփրս» ընկերությունն է։

Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի շուրջ 50 բնակարանների կեսից ավելին արդեն դատարկ է, մյուսները դեռ ԴԱՀԿ-ից դատարան, դատարանից ԴԱՀԿ գնալ - գալով են փորձում պահպանել իրենց տները։ Մուտքում միայնակ մնացած Վարդան Գերավետյանն ասում է՝ հարևանները ճար չունեին՝ ֆինանսական, սոցիալական լուրջ խնդիրների պատճառով վերցրել են կառուցապատողի առաջարկած գումարն ու գնացել։ Իր տան պատերի հաստությունն է չափում ու նեղսրտում՝ շա՛տ էլ որակյալ ու կոկիկ է իրենց շենքը, կապ չունի, որ կառուցապատողը գրել է՝ հին է, վթարային, արևելյան գետնախորշերով և այլն:

«70 սմ է այս պատը, դրա համար էլ հիմա տաք է բնակարանում՝ առանց ջեռուցման: Ամռանը հով է, ձմեռը տաք է: Մոտ 90 քառակուսի մետր է, սրա համար վճարում են 41 միլիոն դրամ», - նշեց Գերավետյանը:

Կառուցապատողն այն 87 հազար դոլար է գնահատել։ Այս շենքի դիմացի փողոցից սկսվում է թանկարժեք Հյուսիսային պողոտան, անշարժ գույքի վաճառքի ամենամեծ ինտերնետ հարթակից տեղեկանում ենք, որ այստեղ 50 քառակուսի մետր մակերեսով բնակարանների գները սկսվում են 100 հազար դոլարից։ Գերավետյանն ասաց՝ այդ գումարը չի վերցնելու, տունն էլ չի լքելու։ ԴԱՀԿ-ից նամակ է ստացել, բողոքարկել է, գործը կասեցվել է։ «Հիմա չամչի գրավ եմ իմ տանը»,-ասում է նա։

Գերավետյանն ու հարևանները, 15 տարվա դատական գործերի հաստափոր թղթապանակներով անգամ խորհրդարան էին հասել։ 3 տարի առաջ ԱԺ նախագահի հրավիրած լսումներին գերակա շահից տուժած շատ բնակիչներ են ներկա եղել, ինքն անգամ ծավալուն ելույթ է ունեցել, խոստումներ լսել... Հիմա դառնացած արձանագրում է՝ «ոչ մի բան էլ չփոխվեց»։

«Հեղափոխությունը սկսվեց ու մնաց օդի մեջ, նրա համար, որ ժողովրդին ցույց տան, որ շարժ կա, որ «տեսեք, իրավիճակ է փոխվել, ձեր մասին ենք մտածում», պոպուլիզմ էր, հերթական թատրոն, էդ թատրոնն արվեց ու անցան առաջ», - ընդգծեց բնակիչը:

Գործարար Սամվել Մայրապետյանը, որին էլ պատկանում է կառուցապատող «Լոքալ Դիվելոփերս» ընկերությունը, հեղափոխությունից հետո հետախուզման մեջ է՝ կոռուպցիային օժանդակելու գործով։ 66-ամյա Վարդան Գաբրիելյանն ու հարևաններն ասում են՝ հույս ունեինք, որ նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարարը հեղափոխությունից հետո կկանգնի դատարանի առաջ, բայց նա լքել է երկիրը։ Նկարիչ Գաբրիելյանը 75 քմ մակերեսներով երկու բնակելի տարածք ունի գերակա շահ ճանաչված այս շենքերից մեկում, ամիսներ առաջ կառավարությունում է եղել, հերթական անգամ խոստացել են՝ գործը սեղմ ժամկետներում իրավական հանգուցալուծում կստանա։

«Ես պատկերացնում եմ, որ քանի որ ամբողջ գործընթացը արվել է խախտումներով, կառավարությունը հաշվի կառնի խախտումները և գերակա հանրային շահը կհանի, այդքան բան», - ասաց Գաբրիելյանը:

Նա հարցնում է՝ իր երկու բնակելի տարածքները միասին ինչպե՞ս 98 հազար դոլարով վաճառի կառուցապատողին։ Ըստ բնակիչների, այս երեք շենքերում արդեն 6 բնակարան անցել է Մայրապետյանին պատկանող ընկերությանը, մոտավորապես յոթ ընտանիք էլ տեղափոխվել է շենքի հետնամասում ընկերության կառուցած բարձրահարկ։ «66 տարեկան եմ, դեռ հողմաղացների դեմ կռիվ եմ տալիս»,- ասում է նկարիչ Վարդան Գաբրիելյանը։

Իր բարձր առաստաղներն ու հաստ պատերը, նա պնդեց, ոչ մի նորակառույցի հետ չի փոխի, հույսն էլ կառավարությունից կտրել է, իրեն ասել են՝ դատական գործերին չեն միջամտելու. «Լուրջ ակնկալիքներ չունենք, որովհետև կառավարությունն այսօր չի աշխատում, կառավարությունում կարող է աշխատում է մի հոգի՝ միայն վարչապետը, մնացածը սպասում են կարգադրություն լինի, իրանք էդ կարգադրությունը կատարեն: Մենք արդեն էս կառավարության օրոք երրորդ արդարադատության նախարարի հետ ենք հանդիպում, չհաշված տեղակալներ, ու անընդհատ փոխվում են, անընդհատ 0-ից սկսում ենք, անընդհատ պետք է այդ մարդկանց բացատրենք՝ այս գործի էությունն ինչում է կայանում, ու անընդհատ տեղից շարժ չկա»:

«Տերյան 23, 25 ու Լալայանց 37 շենքերի հարցը լուծված է», - ասում է Մայրապետյանին պատկանող ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ու ընդգծում՝ մնացել է 1 բնակարան, դա էլ կանցնի ընկերության հաշվեկշռին ու բնակիչներին դուրս կհրավիրեն։ Հիմա դա չեն անում, որովհետև, ասաց, բարի կամք են դրսևորում։

«Ծրագիրն իրականացվում է 2003 թվականից, 14-15-ին էդ 44 բնակարանի խնդիրն առաջացավ, որ արդեն վերջնաժամկետն էր, ստիպված մտան դատարան ու տունն անցել է «Լոքալին», «Լոքալը» չի դիմել վտարելու խնդրանքով, ծրագիրը կավարտվի, եսիմ, 2-3 տարի հետո, ասում են՝ դե ազատի, 15 տարի ապրեցիր: Դատարանի վճիռը քանդելու մասին չի, դատարանի վճիռը օտարելու և պետությանը հանձնելու մասին է», - ասաց Սիրունյանը:

Փաստաբանի խոսքով՝ կառուցապատող ընկերությունը կատարում է գույքն օտարելու կառավարության պատվերը, հիմա հերթը կառավարությանն է, թող որոշի՝ ի՞նչ է անելու. «Ես տանտերերի հետ խնդիր չունեմ, ինձ պետությունն ասել է՝ «գնա էս շենքը առ», ես շենքի 80 տոկոսն առել եմ, «Լոքալ Դիվելոփրսը» պետության հանձնարարությունն է կատարում, դիմում ես դատարան, դատարանը ոնց կորոշի, դրան զուգահեռ մարդիկ ասում են՝ «եթե գնի խնդիր կա, արի գին որոշենք», ասում է՝ «չէ, չեմ ուզում», «տուն կա կողքի շենքում», ասում է՝ «էդ էլ չեմ ուզում»: Եղբայր, բա կլինի՞ ես կա՛մ պետական ծրագիրն իրականացնեմ, էլ ոչ մեկի հետ չզրուցեմ, կա՛մ պետական ծրագիրը վերացրեք, մարդիկ էլ իմ անունը չտան»:

«Գերակա շահը 15 տարի՞ է տևում»,- հարցնում են բնակիչները, որ մինչև այսօր պատասխան են փնտրում՝ իրենց շենքերի փոխարեն երկրի համար խիստ անհրաժեշտ օդակայա՞ն են կառուցելու, թե՞ երկաթգիծ են անցկացնելու։ Օրենքում կարդացել են՝ դա է գերակա շահը։ Պնդում են՝ ներպետական ատյանները սպառեն՝ ՄԻԵԴ են հասնելու։ Ի դեպ, միջազգային այդ դատարանում Երևանի կենտրոնի կառուցապատման գործերով 19 վճիռ կա, փոխհատուցումները Հայաստանի բյուջեից կազմել են 2 միլիոն եվրո։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG