Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի 22 ընտանիքներ առավոտյան ժամը 8-ից փակել էին գյուղի դպրոցի մուտքը՝ պահանջելով հրատապ լուծել իրենց հարցը:
Բնակիչները պնդում են, որ շենքը քանդվում է իրենց վրա և չեն կարող վտանգավոր այդ պայմաններում ապրել։
Դպրոցի մուտքն ի վերջո բացվեց ոստիկանների միջամտությամբ, ցուցարարներն էլ ուղևորվեցին մարզպետարան։
Այս պահին մարզպետը փակ հանդիպում է ունենում բնակիչների հետ։ Սա մարզպետի հետ առաջին հանդիպումը չէ։ Վթարային շենքի բնակիչների հետ ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ առաջարկ էր եղել տեղափոխվել Լենուղի գյուղի ամբուլատորիայի տարածք, բնակիչները, սակայն, մերժել էին՝ պնդելով, որ այնտեղ կոմունալ պայմաններ չկան, և տարածքը փոքր է 22 ընտանիքի համար։ Մարզպետն էլ առաջարկել էր տեղափոխվել այլ համայնք, այս առաջարկը ևս մերժվել էր։