Մատչելիության հղումներ

Որքանո՞վ են սեյսմակայուն Հայաստանում շենքերը. ըստ փորձագետների, մաշված շենքերը ամրացնելու համար ոչինչ չի արվել


Փետրվարի 13-ի երկրաշարժից բառացիորեն 4 օր առաջ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը նամակ էր գրել վարչապետին՝ ահազանգելով, որ Երևանի գլխին լուրջ վտանգ է կախված։ Պատասխան կառավարությունից առայսօր չկա, մինչդեռ Չինաստանում, Ճապոնիայում աշխատած պրոֆեսորի պնդմամբ՝ 5.2 մագնիտուդով վերջին՝ Սպիտակի երկրաշարժից հետո ամենաաուժեղ ցնցումը ազդանշան էր՝ ժամանակը գնում է, ամեն կորսված վայրկյանը կարող է ճակատագրական լինել։

«Եթե լինի Սպիտակի ուժգնությամբ երկրաշարժ, նույնիսկ դրանից մի քիչ ավելի թույլ, իսկ Երևանի համար մեր սեյսմիկ նորմերով սպասվող երկրաշարժն 9-բալլանոց է, ապա մենք կկորցնենք շենքերի 80 տոկոսը և միանգամից կունենանք 300 հազար զոհ», - ասաց Մելքումյանը:

Հայաստանը ըստ սեյսմիկ վտանգի բաժանված է երեք գոտիների: Երևանը, լինելով ամենախիտ բնակեցված քաղաքը, երկրորդ ամենավտանգավոր գոտում է: Պրոֆեսորի ներկայացրած մտահոգիչ թվերը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Քաղաքաշինության կոմիտեն։ Պետական գերատեսչություններում առավել զգուշավոր գնահատականների կողմնակից են, հորդորում են խուճապ չառաջացնել, այդուհանդերձ, պաշտոնական տվյալներն էլ լավատեսական չեն։

Խորհրդային ժամկետանց շենքեր

Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90 տոկոսը կառուցվել է խորհրդային տարիներին: Այդ շենքերն արդեն հին են, ավելի քան 50 տարեկան, կրել են 1988-ի և հաջորդ երկրաշարժերի ազդեցությունը: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ ցնցումների ուժգնությունը տարածաշրջանում գնահատվում է մինչև 9-10 բալլ, սակայն, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի փոխանցմամբ, մինչ այդ շենքերը նախագծել ու կառուցել են 7-8 բալլանոց երկրաշարժին դիմակայելու համար։

«Երբ որ մենք ասում ենք՝ ունենք բարձր խոցելիություն, այս ամբողջ բազաների հիման վրա է: Երևանում կան բարձր խոցելի շենքեր, բայց համեմատած էդքան շատ չեն: Մենք երբ որ ասում ենք՝ մեր բնակֆոնդը խնդիր ունի, դա մենակ դրանով չի, իհարկե, մեծ գործոն է իր սխալ, ոչ համապատասխան նախագծումը սեյսմիկ վտանգին, բայց շահագործումը սակավ կարևոր չի: Եթե կոյուղաջրերը տարիներով հոսում են, ինչ էլ սարքեն, վերջում հողը լվանում տանում է», - ասաց Մարգարյանը:

Իսկ ի՞նչ է արվել անցած 30 տարիների ընթացքում այս մաշված շենքերն ամրացնելու համար։ Անկախ փորձագետները բարձրաձայնում են՝ մեծ հաշվով՝ գրեթե ոչինչ. «Եթե 1-2 տոկոս կամ 0.1, 0.2 տոկոսը շենքերի ամրացվում է, դա գործնականում ոչինչ է»:

Խորհրդային տարիներից մինչ օրս շինարարական ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող ճարտարապետ Վարդգես Շահբազյանն ասում է՝ տարիներ շարունակ քաղաքաշինության ոլորտում անգամ ամենատարրական քայլը չի արվել՝ գնահատական չի տրվել շենքերի վիճակին, տվյալների բազա չի հավաքվել, թե որ շենքն ինչի կարիք ունի:

«Պետք է իմանալ՝ ինչ վիճակում են բարձրահարկ կառույցները, որ հետագայում միջոցներ ձեռնարկվեն դրանք ամրացնելու, թե քանդելու նորը կառուցելու: Չարվեց, որովհետև առաջին պատերազմը 90-ական թվականներին երկրաշարժից հետո, հետագայում շինարարությունը մեծ թափ հավաքեց 90-ականների վերջին, խնդիրն արդեն պետական չէր, մասնավորն էր լուծում, նրան չէր հետաքրքրում այդ ամեն ինչը: Մասնավորին չէր պարտադրվում, որպեսզի հարևան ինչ-որ շենքեր իրացնեն ու կարողանան այդ թաղամասում նորը կառուցեն, հիմնականում որտեղ ազատ հողատարածք կար, այնտեղ էլ կառուցում էին», - ասաց Շահբազյանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո շենքերի վիճակն ավելի է վատթարացել. պետությունը բեռը թողել է բնակիչների ուսերին՝ համատիրությունների հույսով:

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն ընդունում է՝ այս տարիների ընթացքում համակարգված ծրագիր չի եղել, եղել են տեղային լուծումներ, տրվել է այսպես ասած շտապ օգնություն ծայրահեղ վատ վիճակում գտնվող շենքերին։ Իսկ սահմանադրական փոփոխությունների հետևանքով, ըստ պաշտոնյայի, նվազագույն պետական աջակցությունն էլ վերացավ:

«Երբ որ գործում էր մեր նախորդ խմբագրությամբ Սահմանադրությունը, այնտեղ շատ հստակ գրված էր, որ յուրաքանչյուր ոք ունի բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանային նորմալ պայմանների իրավունք, ու պետությունը աջակցում է այդ իրավունքի իրացման հարցում: Ցավոք սրտի, 2018-ին երբ որ ուժի մեջ մտան նոր սահմանադրական փոփոխությունները, այստեղ որևէ պարտավորություն, որ պետությունը աջակցում է այս խնդիրների լուծմանը, տեղ չի գտել: Այս առումով, եթե նայենք՝ ինչ արեց պետությունը, պիտի ասենք, որ պետությունը գործող իրավական դաշտով չուներ պարտավորություն», - ասաց Արզումանյանը:

Փաստացի բնակիչը պետք է տեր կանգնի հին շենքին։ Մի բան, որ, ըստ մասնագետների, գրեթե անհնար է պատկերացնել. «Դա լուրջ պետական ծրագիր է, որովհետև այդ մարդիկ ինչ- որ տեղ պետք է բնակվեն»:

Պատերազմ, երկրաշարժ. անօթևաններին տնով ապահովելը պետության համար դարձավ առաջնահերթություն։ Պետական այրերի արդարացումներից մեկն էլ սա է։ Այս դեպքում առհասարակ դժվար է պատկերացնել՝ ինչպես պետք է շենքի պահպանման ահռելի ծախսն իր վրա վերցներ բնակիչը, սեփականատերը։

Եթե ավելի ուժեղ երկրաշարժի դեպքում վտանգի տակ են Երևանի շենքերի մեծ մասը, սա արդյոք ազգային անվտանգության հարց չէ՞, և արդյոք պետությունը չէ՞ խնդրի անմիջական հասցեատերը։

«Չէ, պետության հիմնական դերակատարությունը ցանկացած իրավահարաբերություններում, այդ թվում նաև բնակֆոնդի հետ կապված, դա պետք է լինի կարգավորիչ և գործուն վերահսկողական մեխանիզմների կիրառման միջոցով: Այսինքն՝ եթե ասեիք ի՞նչ պետք է աներ պետությունը այս տարիների ընթացքում, լիարժեքորեն պիտի աներ դա», - նշեց Տանյա Արզումանյանը:

«Մեր ազգաբնակչության 42 տոկոսը ապրում է Երևանում, այդ հսկա թիվը անտեսո՞ւմ ես: Քո քաղաքականությունը ի՞նչ է, ո՞ւմ վրա ես գցում, չէ՞ որ դու պետությունից գումարներ ես ծախսում», - ասաց Միքայել Մելքումյանը:

Պրոֆեսոր Մելքումյանը հին շենքերը փրկելու իր գյուտն է առաջարկել Քաղշինին։ Այն ենթադրում է շենքի անջատումն իր հիմնական մասից և արանքում շերտավոր ռետինամետաղական հենարանների տեղադրում, որոնք, ըստ նրա, երկրաշարժի ժամանակ էներգիան կկլանեն. «Հասարակ բան է, բայց ներկայացրել եմ կառավարություն, արձագանք չկա»:

Պրոֆեսորի պնդմամբ՝ այսօր քաղաքաշինության ոլորտում քաոս է, և գիտական առաջարկները տեղ չունեն։ Պետական այրերի մոտեցումն այլ է. խնդրի լուծումը ոչ թե գիտությամբ, այլ նախ օրենսդրական փոփոխություններով, ներդրումային ծրագրերի միջոցով են պատկերացնում։

«Մտածում ենք համակարգային ծրագրերի միջոցով, որը 24 թվականից, ըստ կառավարության ծրագրի, կմեկնարկի, աստիճանաբար, փուլային եղանակով գնանք բնակֆոնդի թարմացման», - ասաց Տանյա Արզումանյանը:

107 երրորդ կարգի և 12 չորրորդ կարգի վթարային շենք՝ Երևանում

Իսկ կդիմանա՞ն արդյոք մինչև այդ առավել վատ՝ վթարային վիճակում գտնվող շենքերը։ Դրանցում բնակվող մարդիկ, համենայնդեպս, չեն կարծում, որ մինչև 24 թվականը շենքը կանգուն կմնա։

Ճիշտ մեկ տարվա տարբերությամբ՝ 2021 և 2020 թվականներին փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժերի ընթացքում Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի պատշգամբից քարեր էին թափվել, դրանցից մեկն էլ երեխայի գլխին էր ընկել։ Շենքը 4-րդ կարգի վթարային է և անգամ ոչ մասնագետի աչքով երևում է՝ ինչ վտանգավոր հետևանքներ կունենա ևս մեկ ցնցումը մաշված ու քայքայված այս շինության համար։

Մայրաքաղաքում կա 107 երրորդ կարգի և 12 չորրորդ կարգի վթարային շենք։ Քաղաքապետարանից միայն այս տվյալները տրամադրեցին՝ հրաժարվելով հարցազրույցից և պատճառաբանելով, թե քաղաքային իշխանությունն առանց կառավարության չի կարող միլիարդավոր ծախսերի հետ կապված խնդիր լուծել։

Քաղշինում էլ հորդորում են մի փոքր էլ սպասել։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով՝ կանխատեսումներ այս հարցում գրեթե անհնարին են, մի բան, սակայն, ակնհայտ է՝ որքան հեռանում ենք 88-ի ուժգին երկրաշարժից, հավանական նոր հզոր ցնցումը մոտենում է։

«Երևանի համար առավել վտանգավոր են այս երկու խզվածքները՝ մեկը Երևանյան խզվածքն է, որ գտնվում է Երևան քաղաքից դեպի հարավ-արևմուտք, և Գառնիի խզվածքը: Երբ ասում ենք՝ ուժեղ երկրաշարժ, ամենավատթարագույն սցենարն էլ ենք դիտարկում, միջին սցենարն էլ ենք դիտարկում և այլն, բայց ընդհանուր, իհարկե, պիտի փաստենք, որ ունենք խոցելիության և բարձ ռիսկի խնդիր», - ընդգծեց Մարգարյանը:

Մասնագետը երկրաշարժերից պաշտպանվելու դեղատոմս չունի, միակ խորհուրդը դրան պատրաստ լինելն է։ Շտապում է հանգստացնել՝ թեև այս ոլորտում գուշակությունները տեղ չունեն, սակայն նոր շենքերը, նրա խոսքով, արդեն նոր վտանգներին դիմակայելու հաշվարկով են կառուցվում։

Ապահո՞վ են արդյոք նորակառույց շենքերը

Սպիտակի երկրաշարժից հետո սկսեցին շենքերը նախագծել և կառուցել 9-10 բալլանոց երկրաշարժերին դիմանալու համար։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը վստահեցնում է՝ դրանք ունեն ավելի բարձր սեյսմակայունություն։ Պնդում է՝ միաձույլ կոնստրուկցիաներով հավաքված շենքերն ավելի ապահով են։

«Թույլատրվող վնասվածքները մենք սահմանում ենք թեթև և չափավոր, ասում ենք՝ հնարավոր է շենքում որոշակի վնասվածքներ առաջանան, բայց որը կապված չէ մարդու կյանքի, առողջության հետ», - ասաց Գրիգորյանը:

Սեյսմամեկուսացման տեխնոլոգիայի կողմնակից պրոֆեսոր Մելքումյանը, այդուհանդերձ, հակադարձում է՝ Հայաստանում այսօր շատ ավելի ապահով է կառուցել ճկվող հիմքով շինություններ։ «Ինքը ճկվում է, սահքի է ենթարկվում, թույլ չի տալիս, որ երկրակեղևի տատանումների էներգիան գնա, անցնի շենք», - ներկայացրեց պրոֆեսորը:

Մինչ աշխարհն այսօր գիտության վրա է հենվում, Մելքումյանի պնդմամբ, Հայաստանում տեխնոլոգիական զարգացումները տեղ չունեն. «Ձեռնտու է, որ թանկ շինարարություն կատարվի, որպեսզի բոլորի գրպաններում ինչ-որ գումարներ նստեն: Սա է խնդիրը, դուք պետք է մարդկանց ասեք, եթե քաղաքականություն եք վարում, մարդկանց պետք է ասեք, որ կա այսպիսի տեխնոլոգիա»:

Սոցցանցում մեր հարցումները ցույց տվեցին, որ ֆինանսական հնարավորության դեպքում շատերն են հակված նորակառույցներում բնակարան գնելու։ Մտահոգություններ, բայցևայնպես, կան. արդյոք պաշտոնյաների խոսքն ու գործը համընկնո՞ւմ են, արդյոք 90-ականներից նոր թափ հավաքած շինարարական բիզնեսում չե՞ն խախտվել ու խախտվում շինարարական նորմերը։ Ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում մի դաշտ, որ տարիներ շարունակ, տարբեր փորձագետների, քաղաքական գործիչների պնդմամբ, ամենաեկամտաբեր և կոռուպցիոն ռիսկերով հարուստ ոլորտն է եղել։

Իսկ թե ինչպիսին է իրականում առհասարական շինարարական վերահսկողությունը մայրաքաղաքում, ճարտարապետը պարզապես առաջարկում է մի փոքր զբոսնել քաղաքում ու տեսնել՝ ինչպես է ձևախեղվել Երևանը վերջին 30 տարիներ ընթացքում. «Եթե տանիքից նայենք՝ էդ բակերում ինչ է կատարվում արդեն կենտրոնում, դա խայտառակ բան է, ո՞վ է թույլ տվել, ինչ-որ մեկը թույլ է տալիս, չէ՞»:

Պետական մարմինները պատասխանատվությունը միմյանց վրա են գցում, հիմնական մեղավորին արդեն գտել են՝ երևանցին է։ Իսկ թե ո՞վ պետք է բռներ երևանցու ձեռքը սեյսմիկ վտանգավոր այս գոտում մայրաքաղաքը հավելյալ ցնցումների չենթարկելու համար, պատասխան չկա։ Այս ընթացքում շենքերի տանիքների վրա հարկեր են բուսնում, նկուղներն ավելի են խորանում, պատշգամբներն էլ մետաստազի պես տարածվում շենքով մեկ՝ ավելի հյուծելով արդեն իսկ մաշված ու քայքայված բնակֆոնդը։

XS
SM
MD
LG