Մատչելիության հղումներ

Բալահովիտում բնակվող 24 ընտանիք պնդում է՝ իրենց շենքերը «կարող են կրակի բաժին դառնալ կամ փլուզվել»


Բալահովիտում 24 ընտանիք ամեն օր լուսացնում է սեզոնային վախով: Ամբողջությամբ փայտից կառուցված երկու երկհարկանի շենքերն ամռանը կարող են կրակի բաժին դառնալ, խոնավ եղանակին էլ փլուզվել. շենքերը 4-րդ կարգի վթարային են:

«Պատը բոլորովին եկել է առաջ», - ասում է Կարինե Վարդանյանը, ով շենքի 2-րդ հարկում է ապրում, բայց փայտե պատերն այնպես են դեֆորմացվել, որ նրա ընտանիքը կարող է ակամա հայտնվել առաջին հարկում. - «Եթե այս պատը փլվեց, հավանական է՝ էն էլ կիջնի ներքևը, հիմք չկա, հիմքը սա է»:

Առաջին հարկի բնակիչները՝ մայր ու որդի նույնպես տագնապած են՝ պատը գնալով հեռանում է իրենցից, դիմել են գյուղապետին՝ գոնե իրենց բաժին պատը փրկելու հույսով:

«Ինքն ասում է՝ ձեր պատն է, դուք սարքեք», - պատմում է համայնքի բնակիչ Արմեն Ղամբարյանը:

Շենքներն, ըստ բնակիչների, կառուցվել են 90-ականներին, ժամանակավոր՝ զինվորականների համար, հետո անհատույց տրամադրվել բնակիչներին:

«10 տարվա ժամկետով էր սա, ուղղակի արդեն 30 տարի է, որ ձեռք ենք տալիս, արդեն փտած են լրիվ ֆանեռկեքը», - նշում է Համլետ Հախվերդյանը: Իսկ Լեյլի Լազարյանն էլ հավելում է. - «Մենք քնում ենք վախենալով, թե առավոտյան մենք կլուսացնենք, թե չէ, հրդեհից վախենում ենք, հոսանքներն ինչ վիճակի են, դրանից էլ ենք մենք վախենում»:

Անկանոն հոսանքի լարերը փայտե խոնավ շենքում նույնպես սպառնալիք են, սրան էլ գումարած 24-ժամյա ճռճռոցը և փայտերի մեջ բնավորված տարբեր տիպի միջատները: Բնակիչներն ասում են. - «Հրդեհ լինի, փլվի ամբողջը, ասենք էտ կարգի լինի, որ չհասցնենք մենք փախնենք տներից»:

«Սա ապրելու ձև չի, աբորիգենները սենց չեն ապրում»:

Շենքի բնակիչներից Լուսինե Մանուչարյանի բնակարանը, որ 2-րդ հարկում է, նախորդ տարի գարնանային անձրևների շրջանում ավերվեց՝ տանիքն իջավ. - «Կռիշն իջավ, փախել ենք տակից»:

Մի կերպ նորոգել են, հիմա էլ հատակն է սպառնում իջնել, և որպեսզի այդ պահը գոնե հետաձգեն, ներքևի հարևանի տանը մի սյուն են ցցել, 2-րդ հարկի բնակարանը պահվում է այդ մինուճար սյան շնորհիվ:

«Եթե սա չլինի, ուրեմն մենք սիրուն վայրէջք ենք կատարում ներքև, շատ գեղեցիկ ու պատահական, անսպասելի ձևով ենք անելու», - նկատում է Լուսինե Մանուչարյանը:

Փլուզվող փայտե տների բնակիչների հոգսը ծանոթ է Բալահովիտի գյուղապետին: Լուծման մասին գյուղապետ Կամո Գրիգորյանն ասում է. - «Չգիտեմ, համայնքն այդ ֆինանսական միջոցները չունի»:

Այս պատասխանը բնակիչներն իրենք էլ են լսել և անցել առաջ, դիմել են Կոտայքի մարզպետարան:

«Ստացա պատասխան, որ չկա բնակարանաշինական ծրագիր, լինելու դեպքում անպայման ձեր խնդրին կանդրադառնանք», - համայնքի բնակիչ Նելլի Պապյանը մեջբերում է պատասխանը: Հետո դիմել են կառավարություն, ապա Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Բոլոր դիմումները վերահասցեագրվել են Կոտայքի մարզպետարան, և բնակիչները որ հասցեով էլ նամակ են գրում, ստանում են պատասխան Կոտայքի մարզպետարանից:

«Նույնիսկ ինձ նկատողություն են արել, որ նույնաբովանդակ դիմում եք ուղարկել, խնդրում ենք էլ չուղարկել», - ներկայացնում է Պապյանը:

«Ազատությունը» պարզաբանում խնդրեց Կոտայքի մարզպետարանից: Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն ասում է՝ սովորական բյուրոկրատական պատասխաններ են ուղարկել, իրականությունն այն է, որ այս շենքերի հարցը նոր են ուսումնասիրելու, գույքագրելու, որպեսզի հասկանան ՝ փոխհատուցման պարտավորություն պետությունն ունի, թե ոչ. - «Ուսումնասիրում ենք պետության պարտավորությունների մասը այդ բնակիչների հետ կապված, որովհետև նախնական տեղեկություններով՝ այնտեղ կան բնակիչներ, որոնք նախորդ սեփականատիրոջից են դա գնել, կան բնակիչներ, որոնք իրենք առաջնային սեփականատերերն են, և այստեղ պետք է ուսումնասիրվի իրավական առումով պետության պարտավորությունները»:

Բնակիչներից Նելլի Պապյանը հուշում է՝ շենքերը Բալահովիտի համար շատ լավ տեղանքում են, եթե պետական բնակարանաշինական ծրագիր չկա, կարող է գրավիչ լինել նաև մասնավոր ներդրողի համար: 24 ընտանիքի փոխհատուցելը մեծ բեռ չի լինի, փոխարենը փրկություն կդառնա այստեղ ապրողների համար. - «Ամեն բնակարանում գոնե 2 երեխա կա, մանկահասակ ընդ որում»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG