Ռուսական տակտիկա՝ սարսափ տարածել խաղաղ մարդկանց շրջանում
Կիևը վաղ առավոտյան ենթարկվել է հռթիռակոծության: Առավոտյան պատկերն էր՝ պայթյունների որոտ, ծուխը քաղաքի վրա: Թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքն է:
Մոտ 350 հազար բնակարանների լույսն անջատվել է: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Տելեգրամ-ալիքով հայտնել է, որ քաղաքի մոտ 80 տոկոսի ջրամատակարարումը խափանվել է: Չի գործում նաև բջջային կապը:
Նախապատերազմյան Կիևում բնակիչների թիվը մոտ 2 միլիոն 900 հազար էր: Ռուսները թիրախավորել են նաև այլ բնակավայրեր: Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի ղեկավար Իգոր Տերեխովն ասել է, որ երկու հրթիռ հարվածել են կարևոր ենթակառուցվածքներին:
Երկրի կենտրոնում գնտվող Վիննիցան, ըստ նահանգապետ Սերգեյ Բորզովի, հրթիռների կրակի տակ է հայտնվել: Ռուսները հարվածել են Պոլտավայի և Կիրովոգրադի շրջաններին:
«Պարտվող ռուսները քաղաքացիական հիմնարկներ են թիրախավորում»,- Տելեգրամ-ալիքում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը:
«Ռազմաճակատում կռվելու փոխարեն ռուսները խաղաղ բնակչության դեմ են պատերազմում»,- հայտարարել է արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան:
Սա, ըստ փորձագետների, ռուսական տակտիկա է՝ ձմռան շեմին հնարավորինս մեծ վնաս հասցնել լույսի, գազի, ջրի, ջեռուցման և կապի համակարգերին, ահուսարսափ տարածել, կոտրել մարդկանց կամքը և դիմադրելու ունակությունը:
Ուկրաինացիները պնդում են, թե տեղի չեն տա: Երեկ նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական գիշերային ուղերձում հայտնել է, որ Չոպ քաղաքից բանակին միացած սահմանապահների ստորաբաժանումը կարողացել է ետ մղել ռուսների կատաղի գրոհները Դոնեցկի շրջանում:
«Մեր սահմանապահները փայլուն են գործել»,- ասել է Զելենսկին:
Այս պատերազմը նաև ակամա է տարածվում հարևան երկրների վրա: Ուկրաինայի ՀՕՊ-ը փորձում է ոչնչացնել ռուսական հրթիռները:
Այսօր առավոտյան ուկրաինացիները վայր են գցել մի ռուսական հրթիռ, որն ընկել է Վիննիցայի շրջանի հարևանությամբ գտնվող Նասլավչա մոլդովական բնակավայրի տարածքում: Պայթյունից մարդիկ չեն տուժել, բայց մի քանի տներում պատուհանները ջարդուփշուր են եղել:
Ռուսները միառժամանակ դուրս են եկել «հացահատիկի գործարքից»
Անցած շաբաթ օրը Մոսկվան հայտնել է ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ ամիսներ առաջ ուկրաինացիների հետ կնքած «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին: Այդ գործարքով ռուսների կողմից արգելափակված Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներում գտնվող ցորենի, բուսական յուղի և այլ մթերքի միլիոնավոր տոննաներ պետք է բեռնատար նավերով ապահով դուրս հանվեն և փոխադրվեն հասցեատերերին:
Ռուսներն ասել են, թե դուրս են գալիս գործարքից, քանի որ ուկրաինական անօդաչուները Սևաստոպոլում հարվածներ են հասցրել Սևծովյան նավատորմին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սևաստոպոլը ենթարկվել է անօդաչուների հարձակման«Երբ Ռուսաստանն ասում է, որ ծովի տվյալ հատվածում անհնարին է երաշխավորել նավերի երթուղու անվտանգությունը, դա նշանակում է, որ գործարքը հնարավոր չէ շարունակել, այն նոր՝ շատ ավելի վտանգավոր բնույթ է ստանում, շատ ավելի ռիսկային և առանց երաշխիքների»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
218 ապացույց, որ ռուսները իրական գործարք չեն ուզում
Իր վերջին ուղերձում Ուկրաինայի ղեկավարն էլ է խոսել հացահատիկի արտահանման հիմնախնդրի մասին: Նա ասել է, որ գործընկերները փորձում են «աշխարհը շանտաժի ենթարկող ահաբեկչական պետություն Ռուսաստանին համոզել՝ վերականգնել մասնակցությունը գործարքին: Բայց արդյո՞ք դա հնարավոր է»:
Զելենսկու փոխանցմամբ, այսօրվա դրությամբ ռուսները միայն մեկ բան են ապացուցում՝ այն, որ շարունակելու են առճակատումը: Եվ հացահատիկի միջանցքի վիճակը դրա հերթական վկայությունն է:
«Այնտեղ կա 218 ապացույց, որ ռուսները չեն ուզում իրական գործարքներ: 218 նավեր կամ պատրաստ են դուրս գալ Ուկրաինայի նավահանգիստներից, կամ հասնել նավահանգիստներ ու բեռնել պարենը, շաբաթ առ շաբաթ ռուսները սահմանափակել են այդ միջանցքը և հիմա այն ընդհանրապես փակել են»,- ասել է Զելենսկին:
Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը «շանտաժ և անպատասխանատու» որոշում են անվանել Մոսկվայի այդ քայլը:
Մինչդեռ, ՄԱԿ-ը Թուրքիան և Ուկրաինան հայտնել են, որ համաձայնեցրել են հոկտեմբերի 31-ին հացահատիկային միջանցքով նավերի երթևեկության ուղիները և ժամանակացույցը:
Թուրքիան կշարունակի մասնակցությունը գործարքին
«Եթե նույնիսկ Ռուսաստանը վարանի, քանի որ նույն օգուտը չստացավ, մենք վճռականորեն կշարունակենք մարդկությանը ծառայելու ջանքերը»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, եթե ուկրաինական պարենը չհասնի Մերձավոր Արևելք և Աֆրիկա, այդ տարածաշրջանում տասնյակ միլիոնավոր մարդիկ սովի կմատնվեն: