Ռուսաստանի կողմից 2014 թվականին բռնակցված Ղրիմում գտնվող Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հաստատել է սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ գիշերը քաղաքը ենթարկվել է հարվածային անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև մեկ ծովային անօդաչու սարքի հարձակման։
«Սևծովյան նավատորմի նավերին հաջողվել է հետ մղել հարձակումը, բոլոր անօդաչուները ոչնչացված են։ Քաղաքացիական ենթակառույցները չեն տուժել», - գրել է պաշտոնյան։
Հարձակումը տեղի է ունեցել ժամը 4:30-ի սահմաններում։ Թեև, ըստ ռուսական աղբյուրների, իրադրությունը Սևաստոպոլում այժմ հանդարտ է, այնուհանդերձ, տեղաշարժը քաղաքի որոշ շրջաններում շարունակում է սահմանափակված մնալ, մասնավորաբար՝ փակ են ներքաղաքային լաստանավային երթուղիները։