Սիսակյան 4 և Արզումանյան 8Ա շենքերի բնակիչները սարսափի մեջ են՝ եղանակների ցրտելուն պես կսառեն տներում, իսկ ձյան ու անձրևի հետ՝ կհաշվեն պատերի նոր ու լայնացող ճեղքերը։
Աջափնյակում գտնվող Սիսակյան 4-ը խիտ բնակեցված նախկին հանրակացարան է։ Բնակիչներն ասում են՝ իրենց խնդիրները լսելու ու տեսնելու համար կոստյումներով մարդիկ քիչ են գալիս, հիմնականում՝ հատուկ առիթներով։
«Էս շենքը մշտական մոռացված է եղել, միայն այստեղ եղել են իրենց ընտրությունների ժամանակ, 400-500 հոգի բնակիչ ենք, մենակ էդ ժամանակ մենք իրենց պետք ենք եղել, որպեսզի գնանք իրենց ընտրենք, որ իրենք նստեն իրենց գահին», - ասաց բնակիչներից մեկը։
Վերջերս բնակիչները Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին են հանդիպել ու պատմել, որ այս շենքում ապրելը վտանգավոր է՝ քարերը թափվում են, շքամուտքերում հաճախ կեղտաջրեր են հոսում ու լցվում իրենց տներ, իսկ նկուղը ավերակ է, ընդհանուր պատշգամբներում վախենում են կանգնել, կփլվի։
Ավինյանը լսել է ու ասել՝ տեղյակ է, խնդիրն ուշադրության կենտրոնում է։
Բնակիչները պատմածը նաև մեզ ցույց տվեցին․ - «Անընդհատ էդ տրուբաները պայթում են, կեղտը լցվում է շենքի տակ։ Մենք զանգում ենք թաղապետարան, համապատասխան մարմիններ, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, նորից մենք մեր ուժերով՝ ընդհանուր գումարով, նորից վերանորոգում ենք, տարիներ շարունակ այսպես կրկնվում է»։
Փոխքաղաքապետի հետ հանդիպումից հետո տևական ժամանակ է անցել, դեռ նրանք սպասում են, որ գոնե մի պաշտոնյա կգա շենք։
Օրինակ՝ 64-ամյա Հեղինե Անտոնյանը, եթե պաշտոնյաներից մեկին տեսներ, ցույց կտար, որ իր խոհանոցն ու սանհանգույցը միասին են՝ 4 քառակուսի մետր տարածքում, արդեն շուրջ 40 տարուց ավելի։ «Բայց գոնե դա անվտանգ լիներ, ամեն րոպե փլուզման վտանգ ենք զգում», - նեղսրտեց կինը։
Վերջին անգամ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս շենքի տեխնիկական վիճակը վեց տարի առաջ է գնահատել, եզրակացությունը՝ 3-րդ կարգի վթարային։
Բնակիչները մինչդեռ պնդում են՝ իրենց շենքը 4-րդ կարգի է եղել, չգիտեն ինչպես ու ինչ մութ պայմանավորվածություններից հետո է դարձել 3։ Շենքում ամենամեծ սենյակը 28 քառակուսի մետր է, բոլորն էլ կիսավեր։ Բնակիչները մեկ երազանք ունեն՝ որ 21-րդ դարում մարդավայել շենքում ապրեն, սա էլ քանդեն, նորոգելն, ասում են, անիմաստ է։
Եթե Սիսակյան 4-ի բնակիչները տեղափոխվելու հույս չունեն, ապա մի փոքր հեռվում՝ Արզումանյան 8Ա-ի բնակիչները 2020-ից այդ հույսով են ապրում։
Ըստ քաղաքապետարանի՝ սա 4-րդ կարգի վթարային է։ «Կահույքը բերել ենք առաջ, որովհետև շատ վտանգավոր է․ քամի է լինում, կարծես երկրաշարժ լինի։ Վախենում ենք նույնիսկ ապրել, գիշերները չենք քնում, որովհետև ահավոր վտանգավոր է ապրելը», - ասաց բնակիչը։
Կառավարության երկու տարի առաջ է որոշել, որ տարածքը տնօրինող կառացապատողը վթարայինը կքանդի, նոր շենքեր կկառուցի՝ դրանցից մեկում տեղավորելով Արզումանյան 8Ա-ի բնակիչներին։
«Պայմանը սենց էր՝ վերանորոգելու էին այս բնակարանները, նոր մենք պետք է տեղափոխվեինք ու իրենք այդ շենքը քանդելու էին։ Ոչ վերանորոգեցին, ոչ էլ տեղափոխեցին», - ասաց բնակիչը։
Կառուցապատող «Նոբբի» ընկերության տնօրեն Գեղամ Կիրակոսյանը հակադարձում է՝ ոչ բոլորն են համաձայնել դուրս գալ շենքից ու տեղափոխվել նորակառույց։ Նա ընդգծեց՝ սկզբից համաձայնել են, հետո մի քանիսը լրացուցիչ պահանջներ դրել։ Նորակառույցի բոլոր՝ 120 բնակարաններն, ասաց, արդեն վաճառել են։
«Ֆիզիկապես ուղղակի չէինք կարող բնակարանները պահել, մենք էլ մեր հարցերն ու պարտավորություններն ունենք, վարկեր ունենք։ Ստացել ենք 39 բնակարանից 28-ինը, 30-ինը, 32-ինը, բայց ոչ բոլորինը, ինչը որ արձանագրվել է հա՛մ մեր կողմից, հա՛մ բնակիչների կողմից՝ գրավոր, լրացուցիչ պահանջներ։ Ժամանակին մենք մարդկանց առաջարկել ենք, որ պատրաստ ենք էդ գործողությունն անել, էդ ծրագիրն իրականացնել, այն պայմանով, որ ով, ինչ ունի, դրանից ոչ պակաս՝ մինչև 10 քմ ավելի պատրաստ ենք փոխհատուցում տալ մեր նոր կառուցվող շենքում։ Սկզբում բոլորը համաձայն էին, ընթացքում լրացուցիչ պայմաններ առաջացան, տարատեսակ մարդիկ հայտնվեցին, որոնք ունեն էդտեղ տարածքներ, պադվալներ, գարաժներ։ Ինքը ընդհանուր մի մեծ ծրագիր է, որը որ կիսատ է մնացել էս պահին», - ասաց Կիրակոսյանը։
Հիմա նույն կառուցապատողն առաջարկում է բնակիչներին՝ տալ իրենց համաձայնությունը, որ դեռ չքանդված վթարային շենքի դիմացի հատվածում նոր շենք կառուցեն, ավարտից հետո այնտեղ տեղափոխվեն։
Հարցն ասաց՝ արդեն մի քանի անգամ քննարկվել է քաղաքապետարանում բնակիչների ու կառուցապատողի ներկայացուցիչների հետ, որոշում դեռ չկա։ Եթե նորից չհամաձայնեն, երկու կողմն էլ կտուժի, ասաց տնօրենը։ Բնակիչներն էլ ասում են՝ պատրաստ չեն նույն առուն նորից ոտք դնել։
«Մարդիկ հիմար չեն, մենք մի օրվա մեջ բոլոր ստորագրությունները հավաքեցինք, որ բոլորը համաձայն են տեղափոխվելու կողքի շենք, բայց իրենք արդեն վաճառել էին», - ասաց բնակիչներից մեկը։
Երևանում 4-րդ կարգի վթարային 12 շենք կա, 3-րդ կարգի՝ շուրջ 125։ Շենքերի անվտանգության երաշխավորը պետությունն է, պետք է կա՛մ ամրացնի, կա՛մ քանդի, նորը կառուցի։
Փոխքաղաքապետ Ավինյանը, վերջերս Աջափնյակի այլ վթարային շենքերի բնակիչների հետ հանդիպման ժամական, ասել է՝ որպեսզի այսպիսի խնդիրներ չառաջանան, գերակա շահի գործիքներից կօգտվեն, մեկ-երկու բնակչի պատճառով ծրագրեր չեն տապալվի, քաղաքապետարանը հարկանդրանքի միջոց կկիրառի ու կքանդի շենքը՝ նորը կառուցելու պարտավորվածությամբ։
Մինչ հնչում են հերթական խոստումները, Արզումանյան 8Ա-ի ու Սիսակյան 4-ի բնակիչները շարունակում են ահ ու դողով ապրել իրենց տներում, որ խոնավությունից պատերն իրարից ավելի չհեռանան, իսկ առջևում ձմեռ է։