Մատչելիության հղումներ

Սիսակյան 3-ի բնակիչները աղոթելով են քնում ու արթնանում


Սիսակյան 3-ի բնակիչները աղոթելով են քնում ու արթնանում
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00

Օրերս Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանի վթարային շենքում հերթական մասնակի փլուզումն է տեղի ունեցել։

Թափվել են շենքի կողային պատերի քարերը։ Եթե տարիներ շարունակ այս շենքի բնակիչներն ահազանգում էին ու պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում 4-րդ կարգի վթարային այս կառուցի վրա՝ հուսալով, որ պետությունն իրենց ավելի շուտ բնակարան կհատկացնի, քան շենքն ամբողջությամբ կփլուզվի, ապա այսօր Սիսակյան 3-ի բնակիչներն արդեն հուսահատ են։

«Աղոթելով քնում ու աղոթելով արթնանում ենք։ Կիսաքուն ենք, որ հանկարծ մի վնաս չլինի։ Զուգարան ենք մտնում վախվորած, որ հանկարծ մեկ էլ տեսար փլվեց մեզ վրա։ Զուգարանում հատակին երկար կարմին որդեր են, որ ջուր լցնեմ, կտեսնեք, որդերը մեկ-մեկ գալիս են։ Հիմա գարուն է, ձմռանը պատերի մեջ գոյացած սառույցը հալչում է ու պատերն ավելի փխրուն են ու փլուզումը տեղի է ունենում օր-օր, ժամ-ժամ»,-«Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Ներսից ոչ միայն ճաքերն են շատացել, այլև պատերն են իրարից հեռացել, պատեր էլ կան՝ արդեն այնքան են կորացել, որ ցանկացած պահի կարող են փլուզվել։

Թեև անցյալ տարվա դեկտեմբերին այդ շենքի 25 ընտանիքների պետությունը բնակարաններ է հատկացրել նորակառույցում, իսկ մնացած 103 բնակարաններում ապրողներին էլ խոստացել խնդիրն ամբողջապես լուծել մինչև 2015 թվականի մայիսը, այդուամենայնիվ, դա բնակիչներին չի մխիթարում։ Երկու տարի շարունակ, աստիճանաբար քանդվող այս շենքում բնակվելը մարդիկ ուղղակի արկածախնդրություն են համարում։

«Մի՞թե այս շենքը կհասկանա այդ ժամանակը։ Շենքին արի բացատրի, թե մի տարի, տարի ու կես քար մի ընկի։ Օգնեք մեզ, մեղք է այս ժողովուրդը, կոտորվեցինք արդեն։ Թող մի բան անեն էլի, խնդրում ենք, մի բան արեք հանեք, մեզ այստեղից։ Հնարավոր չէ ապրել»,- ասացին Սիսակյան 3-ի բնակիչները։

Պատկան գերատեսչությունները բազմիցս փաստել ու փաստում են, որ Սիսակյան երեքից բնակիչներին պետք է տարհանել։ Ավելին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենք արդեն համապատասխան եզրակացությունը տվել են՝ բնակիչներին պետք է տարհանել ու շենքը քանդել և, որ առավել վտանգավոր են հատկապես շենքի ծայրամասերում տեղակայված պատշգամբներն ու սանհանգուցները։

Քաղաքապետարանում ևս փաստում են, որ շենքն ամբողջությամբ վթարային է ու մինչև 2015-ի մայիս բոլորին կտարհանեն, մինչդեռ շենքում մնացած բնակիչներին մեկ տարի այլ տեղում բնակվելու համար անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։ Քաղաքապետարանն այլ առաջարկ, քան նոր շենքի կառուցմանը սպասելն է, չունի։

Հարցին, թե շենքը կդիմանա՞ մինչև 2015 թվականը, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը պատասխանեց.- «Շենքի դիմանալ-չդիմանալու մասին երևի թե մասնագետները կարող են գնահատական տալ, բայց ես ուղղակի մեկ անգամ ևս հաստատում եմ, որ Սիսակյան 3 շենքն այո 4-րդ աստիճանի վթարայնության շենք է, և նման շենքեր Երևանում, ցավոք, դեռ կան։ Իսկ երաշխիքներ վթարային շենքի վերաբերյալ տալը, կարծում եմ, անշնորհակալ գործ է, և որևէ մեկը որևէ երաշխիք դժվար թե կարողանա տալ։ Ես ասեմ՝ 2015-ը վերջնաժամկետ է, սակայն այս պահին Մարգարյան 45 հասցեի շենքում շատ շուտով արդեն կմեկնարկի նոր շենքի շինարարության աշխատանքները և այդտեղ բնակարաններ կստանան նաև Սիսակյան 3-ի բնակիչներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG