Մատչելիության հղումներ

«Լավ է շենքը փլվի, քան անարդարության զոհ դառնանք». վթարային շենքից չհեռացողներներ


Երևանի ավագանին միաձայն ու տոնական տրամադրությամբ հաստատեց վթարային երկու շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նախագիծը: Ընտանիքների մի մասը մեկ ամսվա ընթացքում կտեղափոխվի Աջափնյակի նորակառույցներ, մյուս մասը կսպասի վարձով բնակարաններում, որոնց վարձավճարը կտրամադրի քաղաքապետարանը:

«Որպեսզի տեղափոխվեն ժամանակավոր, մինչև Սիսակյան 3-ը հանձնվի շահագործման: Ընդ որում Սիսակյան 3-ը ավելի վաղ է հանձնվելու, քան պլանավորված էր», - նշեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Արցախի 10 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքից 19 ընտանիքներ հրաժարվել են դուրս գալ:

Հայկ Սարգսյան․ - «Պատճառաբանությունները շատ տարբեր և հաճախ մի քիչ ֆանտաստիկ են թվում: Մարդիկ ասում են՝ մենք չենք ուզում մեկ բնակարան, այլ ուզում ենք երկուսը, չենք ուզում մեկ սենյակ, այլ ուզում ենք երկուսը, չենք ուզում վարձով, ուզում ենք հենց հիմա»:

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի փնտրտուքը ժամեր տևեց: Այն մի ամայի վայրում է և միայն բորբոքված բնակիչների ձայներով է հնարավոր գտնել արդեն իսկ փլուզման պրոցեսի մեջ գտնվող շենքը:

Վեճը քաղաքապետարանի՝ դեպի նոր տուն հեռանալու առաջարկն ընդունած ու նույն առաջարկը չընդունած հարևանների միջև է:

Հանրակացարանային շենքի լիազոր Մարիետա Հովհաննիսյանն ասում է, որ շատերին է համոզել հեռանալ-փրկվել, բայց մնացողները անդրդվելի են․ - «Երկու սենյակ են պահանջում: Մարդ կա, երկու սենյակ ա ստանում, երեք սենյակ ա պահանջում: Մարդ կա, ընդհանրապես իրա մամայի մահից հետո ստեղ չի էկել, մինչև հիմա զանգում, կանչում ենք, իրանք չեն գալիս»:

Ժաննա Խաչատուրովան պնդում է, թե դստեր, թոռնիկի, ամուսնացած որդու հետ քաղաքապետարանի առաջարկած երկու սենյականոցով չեն կարող բավարարվել: Մտադիր չէ հեռանալ, թեպետ շենքը իր աչքի առջև է քանդվում․ - «Ավելի լավ ա քանդվի, քան ես էսքան պայքարից հետո, 32 տարի բնակվելուց հետո անարդարության զոհ դառնամ»:

Ավերակների մեջ ապրող Բաղդասարայնները նույնպես մերժել են երկու մեկսենյականոցի առաջարկը: Ընտանիքի հայրը բացատրում է, որ 13 հոգի են, տղաներից մեկը ամուսնացել է, միջնեկը՝ նշանվել, էլի հարս են բերելու, մեծ տուն է պետք:

Նոր տուն տեղափոխվելու քաղաքապետաանի առաջարկը սեպ է դարձել հարևանների միջև։ Գալինա տատիկը վեճին հեռվից էր հետևում, բայց նա էլ մի լավ տրամադրություն չուներ: Գալինա Միքայելյանի տունը տանիքի տակ է, եթե անձրևային եղանակ է, գիշերել հնարավոր չէ, որովհետև պաշտպանող առաստաղը չկա: Քաղաքապետարանը նրան առաջարկել է տեղափոխվել վարձով տուն, մինչև իր բաժին բնակարանի կառուցումն ավարտվի, վարձը կվճարեն: Բայց տատիկը վարանում է․ - «Չգիտես էտի ճիշտ ա, սուտ ա: Մարդկանց մեջ վախ ա մտել․ կարող ա հանեն, ու դուրսերը մնանք»:

Ոչ պակաս վախեր ու անվստահություն ունի տիկին Կաքավը․ - «Ես մնալու եմ շենքում, չեմ գնալու»:

Հանրակացարանային միջանցքում տարեցներ են, բազմաթիվ երեխաներ: Շենքը այնպիսի վիճակում է, որ ամեն օրը այստեղ կարող է վերջինը լինել: Բնակիչների մեծ մասը քաղաքապետարանի առաջարկից նույնիսկ եթե գոհ էլ չեն, հեռանում են փրկվելու համար:

«Ուզում ենք շուտ տեղավորվենք ու գնանք ստեղից: Իրանք մի հատ ստացել են, քանի հատ են ուզում: Իրանց պրոբլեմն ա», - ասաց շենքի բնակիչներից Թագուհի Ենգիբարյանը:

Այս միտքը դուր չեկավ անարդարությունից բողոքող հարևանուհուն ու բռնկվեց մի նոր վեճ:

Իսկ Հովակիմյանները իրերն են հավաքում, ամուսինները, երեք երեխաները ու երկու ոտքերից զրկված հայրը նոր տուն են գնում․ - «Ինչ տան, մենակ գնամ: Իմ էրեխեքը չմնան փլուզման տակ»:

Քաղաքապետարանում չգիտեն, թե ինչպես վարվել վտանգավոր պայմաններից հեռանալ չցանկացող մարդկանց հետ:

Փոխքաղքապետը շեշտում է, որ քաղաքը բնակարանային մեծ ռեսուրսներ չունի, առաջարկում են հնարավորը․ - «Իրենց գրավոր է նաև էդ մասին ծանուցվել, որ շենքը պայթյունավտանգ վիճակում է, կարող է ամեն վայրկյան կփլվել նույնիսկ մի թեթև հարվածից: Այնուամենայնիվ, մարդիկ ունեն իրենց իրավունքները, և մենք առայժմ չենք օգտվի հարկադիր վտարման հնարավորությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG