Մոսկվան միանշանակ այստեղ միջանցք է ուզում, «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ շեշտելով՝ միջանցք չի լինելու ո՛չ Հայաստանն Արցախի հետ կապող հատվածում, ո՛չ Մեղրիում և այդ սցենարը պետք է Հայաստանն իր գործողություններում, դիվանագիտական ջանքերում միշտ նկատի ունենա։
Եթե Ադրբեջանը կտրուկ քայլի գնա՝ համաձայնեցված Ռուսաստանի հետ, Հայաստանը պետք է պատրաստ լինի խնդիրների փոխանակման, ասաց Նավասարդյանը։
«Եթե Ադրբեջանը կտրուկ քայլի գնա՝ համաձայնեցված Ռուսաստանի հետ, բնականաբար, որ դնում է սահմանային կետ Լաչինում, որպեսզի դա չնշանակի, որ ինքը կարող է պնդել նաև Մեղրիի այդ միջանցքի հարցը, մենք պետք է պատրաստ լինենք խնդիրների փոխանակման, և Լաչինի ճանապարհի նոր կարգավիճակի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների, որպեսզի կապը Հայաստանի և Արցախի հետ չկտրվի, այսինքն՝ լինի ճանապարհ Մեղրիով, որը լրիվ համադրվելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանությանն այդ տարածքում, ինչպես նաև դա լինի նաև Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, սակայն երաշխավորված կապ», - ասաց Նավասարդյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է այդտեղից հայկական համարանիշով մեքենան ադրբեջանական անցակետով անցնի, գնա Ստեփանակերտ, Երևանի մամուլի ակումբի նախագահը պատասխանեց՝ հենց այդ երաշխքիների մասին է խոսքը՝ շեշտելով՝ այդ բոլոր տեխնիկական հարցերը պետք է քննարկվեն։
«Ես հիմա չեմ ասում, որ դա ամենաիրատեսական սցենարն է, բայց դա հնարավոր սցենար է և զարգացումներին պատրաստ լինելու առումով դա էլ պետք է նկատի ունենալ և հաշվարկել», - ասաց Նավասարդյանը։
Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Բաքուն Հայաստանից պահանջում է անարգել մուտք դեպի «Զանգեզուրի միջանցք»՝ Լաչինի նմանօրինակով»։ Ստամբուլում էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր ասել, թե Հայաստանը դեռ ստանձնած պարտավորություններ ունի կատարելու՝ այդ շարքում հիշատակելով նաև «Զանգեզուրի միջանցքը»։ «Ադրբեջանը հայտարարում է, որ Լաչինն ու Զանգեզուրը պետք է նույն կարգավիճակն ունենան», - ասել էր Չավուշօղլուն։ Հայկական կողմը հակադարձել էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառը մեկ անգամ է կիրառվում՝ Լաչինի հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Թվիթերի էջում գրել է, թե Բաքուն ամիսներ շարունակ չի արձագանքել Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապն ապահովելու համար սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ Երևանի առաջարկին: Արձագանքելով՝ Բաքուն հայտարարեց, որ «անիրատեսական» է համարում սահմանի անցակետերը բացելու վերաբերյալ Երևանի առաջարկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ-ով միջանցք չի նախատեսում, իսկ նոր ճանապարհներ պատրաստ ենք կառուցել. ՓաշինյանՆավասարդյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․