Բաքուն Երևանին մեղադրում է «առճակատման գնալու» մեջ և սպառնում:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե հույս ունեն` Երևանը կդրսևորի կառուցողականություն և կմիանա բանակցություններին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում` Բայրամովը այս նույն ամբիոնից Հայաստանի վարչապետի ելույթը որակել է որպես «ապացույց նրա, որ հայկական կողմը մտադիր է նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը «չի գնում իր նախորդների ճանապարհով՝ միտումնավոր ևս մեկ անգամ փակելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հնարավորությունների պատուհանը»։
Հայաստանի ղեկավարը ՄԱԿ-ում հայտարարել էր` պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Բաքուն էլ ճանաչի Հայաստանինը՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Ընդ որում, այս հայտարարությունը նա առաջին անգամ չէր անում:«Մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան ու ժողովրդավար պետության կողքին», - ասել էր նա երկու օր առաջ։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս խոսել է տարածքային ամբողջականության մասին, սակայն սպառնալով, որ իր երկիրը ճնշելու է և «հաստատակամ է հետագայում էլ հետ մղել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք», ավելին` կոչ է արել Հայաստանին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից: Ապա վերստին հավաստիացրել է, թե Բաքուն պատրաստ է «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններ սկսել:
Նրա խոսքով` սեպտեմբերի 12-14-ի մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանը 80 զոհ ունի, շուրջ 300 վիրավոր, ինչպես նաև «զգալի վնաս է կրել ռազմական ենթակառուցվածքը»։
Հայկական կողմը վերջին արյունալի մարտերից հետո հայտնել է 207 զոհի ու անհետ կորածի մասին: 7600 հոգի տեղահանվել է: Ավելին, Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ում պնդում էր, որ Բաքուն մտադիր է Հայաստանից նորանոր տարածքներ գրավել:
Բայրամովն ասել է, որ սեպտեմբերի 14-ին հրադադար է հաստատվել երկու երկրների միջև ուղիղ կապի ուղիներով: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի երևանյան այցի ժամանակ Հայաստանի խորհրդարանի խոսնակը երախտագիտություն էր հայտնել ԱՄՆ-ին` սեպտեմբերի 14-ին Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված «փխրուն զինադադարի համաձայնության համար»։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ հիշատակել է հայկական կողմից մերժվող այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքը»:
«Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային ցանցի մաս կազմող Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա։