Մատչելիության հղումներ

«Մենք պետք է սկսենք նախագծի շուրջ քննարկումները՝ առանց նախապայմանների ու արհեստական ձգձգումների». Ալիև


«Ո'չ Հայաստանը, ո'չ էլ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունեին», - այսօր Սամարղանդում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Այն, որ ռազմական բախումները տևել են ութ ժամ և արդեն երկու օր է հրադադար է, խոսում է այն մասին, որ ո'չ Հայաստանը, ո'չ էլ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունեին», - ասել է նա։

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինի օպերատիվ միջամտության համար, իսկ Ռուսաստանի նախագահը, չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերի ռազմական բախումների հետևանքով հարյուրավոր զինվորներ են զոհվել երկու կողմերից ու քաղաքացիական անձինք զոհվել ու վիրավորվել են հայկական կողմից, հայտարարել է, թե լավ է, որ համակարգված ջանքերով հաջողվել է կանխել էսկալացիան Բաքվի և Երևանի միջև՝ հավելելով, որ իրավիճակը լարված է մնում։

Ավելի վաղ Պուտինը, Ալիևը, Էրդողանը, ինչպես նաև Իրանի նախագահը մասնակցել են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի նիստին այսօր ևս խոսվել է հայ-ադրբեջանական հակամարտությունից։

Ադրբեջանի նախագահն այսօր փաստացի հայտարարել է, թե Բաքուն մերժում է Հայաստանի ներկայացրած առաջարկները խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում՝ Իլհամ Ալիևը կրկին Հայաստանին է մեղադրել սահմանային վերջին սրացման համար։

«Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման վրա։ Հիմա մենք պետք է սկսենք նախագծի շուրջ քննարկումները՝ առանց նախապայմանների ու արհեստական ձգձգումների», - ասել է նա։

Մինչ այդ պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներից բացի, խաղաղության պայմանագիրը պետք է անդրադառնա նաև Արցախի ժողովրդի անվտանգությանն ու իրավունքների պաշտպանությանը։

Ալիևը այսօր կրկին հայտարարեց, թե պայմանագիրը պետք է ստորագրվի առանց նախապայմանների։ Ավելին, ելույթի հենց սկզբում Ալիևը խոսեց Հայաստանի համար անընդունելի մյուս կետի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ընդ որում, եթե մինչև այժմ Պուտինի ներկայությամբ Ադրբեջանի առաջնորդը այդ արտահայտությունը չէր օգտագործում, ապա այսօր հստակ ասաց այդ մասին՝ շեշտելով, թե միջանցքի գործարկումը կավելացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտայաին կարողությունը. - «Զանգեզուրի միջանցքի գործակումը է'լ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային կարողությունը»։

Ալիևը չի խոսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախօրեին կայացած նիստից, սակայն դժգոհել է միջազգային որոշ կառույցների ոչ արդյունավետ աշխատանքից ու կրկին հիշատակել է 1993 թվականի ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնք քսանյոթ տարի չեն կատարվել։ Ադրբեջանը ինքնուրույն է կարգավորել ղարաբաղյան խնդիրը ռազմաքաղաքական ճանապարհով, ընդգծել է Ալիևը տարածաշրջանի խոշոր դերակատարներ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահների ներկայությամբ։

Իրանի նախագահը ևս անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ ընդգծելով, որ պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը, ուստի պատրաստ է միջնորդել երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները կարգավորելու հարցում. - «Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն մերժելը։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերը ու անվտանգությունը և տարածաշրջանը, նա նաև հայտարարում է այս երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները լուծելու իր պատրաստակամության մասին»։

Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահն այսօր արդեն հանդիպել է Թուրքիայի նախագահի և այս պահին հանդիպում է Ադրբեջանի նախագահի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG