Մատչելիության հղումներ

«Արտատարածքային միջանցքի» մասին խոսքը չկա և չի կարող լինել. Ալեքսեյ Օվերչուկ


Եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին խոսքը չկա և չի կարող լինել, Այսօր "Российская газета" օրաթերթին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող խմբի գրեթե երկու տարվա աշխատանքի արդյունքում կողմերն ունեն երթուղիների տեսլական, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն, ըստ Օվերչուկի, ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն ժամանակ, երբ կողմերը հստակ կորոշեն երկրների միջև սահմանի հատման իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկության կարգը։

Օվերչուկը, մասնավորապես, ասել է. «Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն այսպես է հնչում. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհը անցնում է»։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական ճանապարհով՝ ադրբեջանական։

Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ հետևում է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումներին։ Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա և չի կարող լինել»։

Ըստ Ռուսաստանի փոխվարչապետի՝ գործնականում այդ սկզբունքի իրագործումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Հայաստան մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային և անձնագրային հսկողության այնպիսի միջոցներ, ինչպիսիք, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողությունը կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս։

Օվերչուկի այս հարցազրույցից երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 16 -ին Սամարղանդում Ալիևը հենց Պուտինի ներկայությամբ խոսեց Հայաստանի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցքի» մասին, առանց հակազդեցության հանդիպելու։

«Զանգեզուրի միջանցքի գործարկումը էլ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային կարողությունը», - ասել էր Ադրբեջանի առաջնորդը, չնայած նրան, որ Ռուսաստանցի պաշտոնյան այժմ պնդում է, որ «արտատարածքային միջանցքի» մասին եռակողմ հանձնաժողովում խոսքը չկա։

Եռակողմ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից այսօր ապաշրջափակման քննարկումների շուրջ որևէ նոր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում էր հայտարարել, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ է ուզում, մինչդեռ եռակողմ փաստաթղթերում այդ մասին որևէ խոսք չկա։

«Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ», - հայտարարել է վարչապետը։

Ընդդիմադիր «Պատվի ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ այսպիսով ռուսական կողմը ընդգծում է, որ իր համար միջանցքային տրամաբանությունը ընդունելի չէ։ Ի՞նչ է փոխվել ռուսական կողմի դիրքորոշման մեջ, հետաքրքրվեցինք պատգամավորից:

«Չեմ կարծում, որ որևէ բան է փոխվել ռուսական քաղաքականությունում գոնե այս թեմայով, ուղղակի խնդիրն այն է, թե դու ինչ մակարդակում և ինչ տոնայնությամբ ես դա ներկայացնում: Ես դա ավելի շատ կապում եմ ռուսական կողմի գործադրած քաղաքական միջոցների շարքում, որով փորձ է արվում կանխել միջանցքի գոյությամբ կամ չգոյությամբ պայմանավորված հնարավոր ռազմական բախումները, քանի որ Ադրբեջանը շատ հստակ հայտարարում է, որ եթե բանակցությունների միջոցով հնարավոր չեղավ հասնելու միջանցքի իրագործմանը, ապա դա կարվի ուժի կիրառման միջոցով: Ռուսական կողմի հայտարարությունը ես ավելի շատ դիտարկում եմ զսպման գործառույթների շրջանակներում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Աբրահամյանը համաձայն չէ Հայաստանում հնչող այն գնահատականների հետ, թե Հայաստանի տարածքով անցնող միջանցքը շահեկան տարբերակն է նաև Ռուսաստանի համար, որը այդպիսով ևս մեկ վերահսկող լծակ կստանա։ Լաչինի միջանցքի դեպքում, օրինակ, ճանապարհի այդ հատվածում հսկողություն է իրականացնում ռուսական կողմը։

XS
SM
MD
LG