Հայաստանը շարունակում է գտնվել բավականին բարձր գնաճային միջավայրում, «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Նարեկ Կարապետյանը՝ նշելով՝ թանկացումների տեմպը դանդաղելու նշաններ ցույց չի տալիս, ընդհակառակն՝ ավելանում է։
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ընդհանուր՝ բոլոր տեսակի ծառայությունների ու ապրանքների գնաճը գրեթե տասը տոկոս է կազմել։ Ընդ որում, պաշտոնական վիճակագրության համաձայն, գները բարձրացել են նաև վերջին մեկ ամսվա ընթացքում։
Փորձագետները բարձր գնաճը բացատրում էին մի շարք գործոններով, դրանց թվում՝ առանանձացնելով ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների ներհոսքի հանգամանքը։
Նարեկ Կարապետյանը հիշեցնում է՝ ծառայությունները սկսեցին թանկանալ մարտից։
«Ռուսաստանցիների ներհոսքը, որը մարտ ամսից սկսած տեղի է ունենում, վստահաբար, իր նպաստն ունի գնաճային զարգացումներում և սա հատկապես ճիշտ է ծառայութնների համար, ու ամենալավ օրինակն անշարժ գույքի ծառայություններն են, բնակարանների վարձավճարները, որոնք բավականին բարձր աճի տեմպեր ունեն նախորդ տարվա նկատմամբ», - ասաց տնտեսագետը։
Մասնակի զորահավաք սկսելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից անմիջապես հետո դեպի Հայաստան ու Ռուսաստանի հետ ազատ վիզային ռեժիմ ունեցող այլ երկրներ նոր ներհոսք սկսվեց, բազմաթիվ ռուսաստանցիներ են եկել Երևան, թեև նոր ժամանածների թիվը դեռ միգրացիոն ծառայությունը չի հրապարակել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում Ռուսաստանի 40 հազար քաղաքացի է հաստատվել։
Տնտեսագետն ընդգծում է՝ այս նոր ներհոսքը դեպի Հայաստան առաջիկայում նույնպես իր ազդեցությունը կունենա գնաճի վրա։
«Հիմա մեր գները բավականին զգայուն են, այսինքն՝ առանց այն էլ ընդհանուր առմամբ բարձր գնաճային միջավայր կա ու էս բարձր գնաճային միջավայրի պայմաններում ցանկացած նոր ազդեցություն ավելի շատ է զգացնել տալիս, որովհետև կան նաև գնաճային սպասումներ և այդ գնաճային սպասումների պայմաններում գնաճը էլ ավելի զգայուն է դառնում», - ասաց Նարեկ Կարապետյանը։
Անցած տարի գնաճը Հայաստանում 7.7 տոկոս էր կազմել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2021-ին Հայաստանում գնաճը կազմել է 7,7 տոկոս