Եթե մեկ ամիս առաջ 1 դոլարը Կենտրոնական բանկի փոխարժեքով արժեր 472 դրամ, 15 օր առաջ՝ 448 դրամ, ապա այսօր օրվա առաջին կեսին 426 դրամ էր, երեկոյան արդեն՝ 421։ Հայաստանում դրամի համեմատ արժեզրկվում է նաև եվրոն։ Ընդ որում, առևտրային բանկերում դոլարը վաճառվում է նշվածից ավելի ցածր գնով։
Արտարժույթի սրընցած գահավիժումը տնտեսության մի շարք ճյուղերի, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար վատ նորություն է։
«Չենք հասցնում։ Այսինքն՝ մինչև հասցնում ենք հաշվել, արդեն փոխված է լինում», - ասում է Զավեն Նաղաշյանը:
«Նաղաշյան Սոլյուշնս» ընկերության ղեկավարը բացատրում է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել իրենց ոլորտում։ IT ընկերությունների մեծ մասը արտահանում են ծառայություններ, որոնց դիմաց վճարվում են դոլարով ու եվրոյով։ Հայաստանում աշխատողներին, ըստ պայմանագրերի, աշխատավարձը վճարում են դրամով, հարկերը՝ նույնպես դրամով։ Միջին կամ փոքր՝ մոտ 100 հազար դոլարի շրջանառություն ունեցոող ընկերությունը դրամի տատանումներից վերջին մեկ ամսվա ընթացքում կորցրել առնվազն 5 միլիոն դրամ, մեծ ընկերությունները՝ շատ ավելի մեծ գումարներ։
«Եթե մի քանի ամիս այսպես շարունակվի, արդեն սկսելու է հետևանքներ թողնել։ Որովհետև ընկերությունների մեծ մասը ունեն վարկեր, ինչ-որ ներդրում են արել և այլն, և այլն», - նշեց նա։
Նաղաշյանի խոսքով, փորձում են լուծումներ փնտրել։ Աշխատավարձերը կրճատելը բարդ է, ծառայությունները թանկացնել այլևս չեն կարող, որովհետև հասել են արևելաեվրոպական երկրների գներին։ Ոլորտի ներկայացուցիչներից շատերը կարծում են, որ պետությունը փորձում է իրենց նման բարեխիղճ, հարկեր վճարող ու Հայաստան արտարժույթ բերող ընկերությունների հաշվին զսպել գնաճը, սակայն ավելացնում են, որ իրենք էլ անսպառ ռեսուրս չունեն։
«Մենք ընկերություններ ենք, որոնք աշխատում են Հայաստանում և շահույթը ստանում են Հայաստանում։ Մենք այստեղ շահութահարկ ենք վճարում։ Կան ընկերություններ, որոնք դրսի ընկերությունների մասնաճյուղեր են, և հիմա իրենց համար ամեն մի աշխատող պահելը շատ ավելի թանկ է ստացվում։ Ինչու պիտի, ասենք, ամերիկյան ընկերությունը շարունակի Հայաստանում պահի, եթե կարող է գնալ Ուկրաինայի արևմտյան հատվածները, կամ գնա Լեհաստան», - ասում է Նաղաշյանը։
Արդյոք Հայաստանի կենտրոնական բանկն ունի գործիքներ զսպելու դրամի արժեվորումը, սակայն չի անում
Երեկ Էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանն ակնարկեց, որ ունեն. - «Կենտրոնական բանկը ունի լայն գործիքակազմ։ Իրենք ունեն էն գործիքակազմը, որը կարող է էնպես անի, որպեսզի ավելի հավասարակշռված փոխարժեք ունենանք։ Ամեն դեպքում առողջ երկխոսությունը շարունակվում ա, բայց Կենտրոնական բանկն անկախ մարմին է»։
Էկոնոմիկայի նախարարը տնտեսության երկու ճյուղեր է հատկապես կարևորում՝ մշակվող արդյուանբերության արտահանում և IT։ Նրա խոսքով, երկուսն էլ խիստ տուժում են։
Դրամի արժեվորումից տուժում է տնտեսության մի ոլորտ, շահում մի ուրիշը, հակադարձում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Նա գյուղմթերքի օրինակն է բերում. ռուբլու համեմատ դրամը կայուն է, Ռուսաստանն էլ պատժամիջոցների տակ է, արտահանման հիանալի պայմաններ են ստեղծվել. - «Ռուսական ռուբլու համեմատ մենք ունեցել ենք արժեզրկում, սա շատ կարևոր գործոն է՝ մոտ տասներեք տոկոսով արժեզրկվել է։ Այսինքն՝ միանշանակ պետք չէ գնահատել, թե ինչ հետևություն կունենա արտաքին առևտրի և այլն, և այլն... էս գործոնների վրա։ Որովհետև կա Ռուսաստան, իսկ Ռուսաստանը մեր արտաքին առևտրի հիմնական պարտնյորն է, ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին»։
Դրամի արժեվորումը պայմանավորված է առաջին հերթին ռուբլու տատանումներով. ԿԲ նախկին նախագահ
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, և' նախարարի, և' մյուսների սպասելիքները Կենտրոնական բանկից ուռճացված են, քանի որ դրամի արժեվորումը պայմանավորված է առաջին հերթին ռուբլու տատանումներով, ինչպես նաև Հայաստան ուղղվող արտարժույթային փոխանցումներով՝ այդ թվում ռուսների կողմից. - «Եթե ուզում ենք հասկանանք, թե արդյոք սա Հայաստանով պայմանավորված գործոն է, ինչ-որ էլեմենտներ կան, հատվածներ կան, որ պայմանավորված է, և ուզում ենք հասկանալ, թե ինչքան, համեմատենք մեզ մեր հարևանների հետ։ Վրաստանի հետ կամ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ։ Կտեսնենք, որ դրամը նույն վարքագիծը ունի, ինչ, ասենք, վրացական լարին»։
Կենտրոնական բանկն այնուամենայնիվ մեկ գործիք միանշանակ ունի՝ պարբերաբար բարձացնում է վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպաստելով դրամի արժեվորմանը։
Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը սակյան որևէ մեկին չպետք է զարմացնի, ասում է Ասատրյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ունի միջազգային պարտավորություններ ու վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն. - «Սա էն քաղաքականությունն է, որը մեր տիպի տնտեսության համար, ճեղքվածքներ ունեցող տնտեսության համար փրկության միջոց է»։
Այլ միջամտւոթյուններ ԿԲ-ն չպետք է փորձի անել, պնդում է մասնագետը։
ԿԲ-ն իր հերթին հայտարարել է, որ դրամի արժեվորմանը մասին մտահոգություններին կանդրադառնա առաջիկա օրերին։