Չնայած պաշտոնական վիճակագրությանը, թե սննդամթերքի թանկացումը օգոստոսին մի փոքր դանդաղել է նախորդ երկու ամիսների համեմատ, Երևանի փողոցներում մարդիկ բողոքում էին գների շարունակական բարձրացումից։
«Ես չեմ իմանում` ամեն ամիս, թե օրական, բայց ահավոր է թանկանում, որ ի վիճակի չենք արդեն: 3 հազար դրամ թոշակ են ավելացնում, 30-ից 60 տոկոս թանկացում է գնում», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Վատ, իհարկե, վատ, աշխատավարձերը չեն բարձրացել, իսկ գները թանկանում են», - նշեց մյուսը:
«Լեհաստանում եմ ապրում, Հայաստանում կաթնամթերքը մինիմում երկու անգամ ավելի թանկ է, քան Լեհաստանում», - ասաց մեկ այլ քաղաքացի:
Վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին ութ ամիսներին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը Հայաստանում թանկացել է 13.5%-ով։ Այս թանկացումն աննշան է զիջում հունիսի ու հուլիսի վերջերին գրանցված գնաճից, երբ առաջին կես տարում և առաջին յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ սնունդը թանկացել էր 13.7%-ով։
Այս տարվա անցած բոլոր ութ ամիսներին սննդամթերքի երկնիշ թանկացումների պայմաններում պետական հատվածի աշխատավարձերը հունվար-հուլիսին բարձրացել են ընդամենը 4.3%-ով։
Հայաստանում գների կայունության պատասխանատուն Կենտրոնական բանկն է։ Գնաճը զսպելու գլխավոր գործիքը, որ կիրառում է կառույցը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, ինչը թանկացնում է դրամը և պետք է որ կանգնեցի գների աճը կամ առնվազն դանդաղեցնի։ Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը տարվա սկզբից շարունակում է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. մոտ մեկ ամիս առաջ էլ այն սահմանվեց վերջին տարիների համար աննախադեպ 9.5%։ Նախորդ տարվա վերջին 7.75% էր։
Կառավարությունը կարող էր արդյունավետ կառավարել գյուղոլորտը, ինչի արդյունքում սննդամթերքի թանկացումն այսչափ չէր լինի. տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով` Հայաստանում սննդամթերքի թանկացման որոշակի դանդաղմանը նպաստել են դրամի արժևորումը և պարենի միջազգային շուկայում իրավիճակի շտկվելը՝ ուկրաինական ու ռուսական ցորենի մուտք գործելուց հետո։ Փորձագետը, սակայն, անբավարար է գնահատում Հայաստանի իշխանությունների քայլերը սննդամթերքի թանկացման դեմն առնելու առումով։
«Սննդամթերքի շուկայում խիստ կարևոր է արդյունավետ գյուղատնտեսական քաղաքականություն ունենալը: Եթե մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում առաջին կիսամյակի ընթացքում 5.5 % անկում, ապա կանխատեսելի է, որ ներքին գործոններով պայմանավորված բանջարեղենի ու մրգի գները մնալու են բարձր, և կառավարության տիրույթում է սա գտնվում, կարող է էլ արդյունավետ գյուղատնտեսական քաղաքականություն վարել», - նշեց նա:
Տնտեսագետի գնահատմամբ՝ սննդամթերքի ներկա բարձր գներն անգամ կարող են էլ ավելի բարձրանալ, եթե որևէ պատճառով դրամը սկսի արժեզրկվել, օրինակ, Հայաստանից ռուսաստանցիների կամ նրանց բերած կապիտալի զանգվածային արտահոսքի հետևանքով։