«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից գրեթե մեկ ամիս է անցել, բայց կիսախարխուլ ու մոխրացած շենքը դեռ կանգուն է։ Տեղում քննիչներն ու տեսչական մարմնի ներկայացուցիչներն են աշխատում, պնդում են Քննչական կոմիտեից ու տեսչականից։ Հենց այս գործողությունների պատճառով էլ շարունակում է միակողմանի փակ մնալ Քրիստափորի փողոցը, որի դիմաց գործում է մեկ այլ՝ «Փեթակ» առևտրի կենտրոնը։
«Փեթակ»-ի աշխատակիցներն այսօր հերթական բողոքի ակցիայով կառավարության շենք էին հասել։ Պահանջում են արագ քանդել հրդեհված շենքը, որ վերականգնվի երկկողմանի երթևեկությունն ու իրենց հաճախորդները կարողանան անարգել շուկա մտնել։
«Տարածքը էնպիսին ա դարձել, որ «Փեթակ» տոնավաճառ ոչ մեկը մուտք չի գործում, այսինքն բոլոր անհատ ձեռներեցները, բոլոր աշխատակիցները անգործության են մատնվում», - նշեց հավաքվածներից մեկը:
Կառավարությունից այսօր նրանց ոչ ոք չհանդիպեց, կարողացան միայն վարչապետին հասցեագրված նամակ փոխանցել:
«Գրավոր դիմում ենք գրել վարչապետին, որ էս հարցին լուծում տա», - նշեց «Փեթակ»-ի աշխատակիցներից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ակցիա «Փեթակի» մոտ․ աշխատողները պահանջում են թույլատրել առևտուրը«Փեթակը» փակվեց օգոստոսի 14-ին՝ հարակից Սուրմալուի՝ առնվազն 16 մարդու կյանք խլած ողբերգական պայթյունի նույն օրը։ Կենտրոնը տասն օր անց բացվեց միայն աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո։ Մոտ 500 տաղավար ունեցող տոնավաճառի տնտեսվարողները դժգոհում են, որ մարդիկ երկար շրջանցումներից խուսափելու համար իրենց առևտրի կենտրոն չեն մտնում, իսկ իրենք վարկեր ու պարտքեր ունեն։
«Սուրմալու»-ի տաղավարները՝ պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա բաց են, իսկ մենք, որ փլատակներից հեռու ենք մի 100 մետրից ավելի, մեր ճանապարհը փակ է միակողմանի և գտնում ենք անիմաստ է դա փակել: Ունենք վարկեր, ունենք հարկեր, որ պետք է վճարենք ու 80 տոկոսով մեր առևտուրն ընկած է», - ասաց մեկ այլ աշխատակից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքապետարանին, ոստիկանությանը ու քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին գրություն է ուղղել և ընդգծել, որ պայթյունից տուժած շենքերը ենթակա չեն վերականգնման ու առաջարկել դրանք ապամոնտաժել, ընդհուպ՝ պայթեցնել։
Այդ պարտականությունը դրված է սեփականատիրոջ ուսերին, որը ողբերգական պայթյունից հետո որևէ մեկնաբանություն չի արել, ոչ էլ առ այսօր հարցաքննվել է։ Նույնիսկ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում լրագրողներին չի հաջողվել նրան տեսնել։
Քաղաքապետարանից, ոստիկանությունից և տեսչական մարմնից պնդում են՝ լիազորություն չունեն սեփականատիրոջը ստիպելու, որ շենքը քանդի։ Քննչական կոմիտեի լիազորություններն էլ են սահմանափակ։
«Պարտադրելու լծակ Քննչական կոմիտեն չունի», - ընդգծեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Առևտրականները չեն հավատում այս բացատրություններին, ասում են, ամեն ինչ էլ կարող են:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհը երկկողմանի կբացվի առավելագույնը մեկ շաբաթից, երբ քննիչները դեպքի վայրում ավարտեն իրենց աշխատանքները։ Տեսչական մարմնից էլ ասացին՝ դեռ անցած տարի էին խախտումներ գտել «Փեթակ» առևտրի կենտրոնում, «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից հետո կրկնակի ստուգմամբ պարզել են, որ դրանք ամբողջությամբ չեն վերացրել։
Առևտրի կենտրոնի տնօրեն Մասիսի Դանիելյանը, սակայն, «Ազատությանն» ասաց. - «Որոշակի խախտումներ են եղել, որոնք մենք հետգրությունով իրանց ուղարկել ենք, իրանք եկել են, նայել են, խախտումները, կարելի է ասել, 90 տոկոս վերացված են, մնացածն էլ ընթացքի մեջ են»:
«Սուրմալու»-ում բազմաթիվ խախտումներ հայտնաբերած, սակայն դրանք վերացնելու հարցում հետևողական չեղած տեսչական մարմինը առաջիկայում որոշում կկայացնի «Փեթակ»-ի հետագա գործունեության հետ կապված։