«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատողներն այսօր առավոտից հավաքվել էին «Փեթակի» շենքի մոտ՝ պահանջելով թույլատրել վերսկսել առևտուրը։
Նրանք ասում են՝ վարկեր ունեն, աշխատել է հարկավոր վարկերը ժամանակին փակելու համար։
«Ազատության» հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ գուցե անվտանգության հարցեր առաջանան, ակցիայի մասնակիցներից մեկը պատասխանեց․ - «Տոնավաճառի տնօրինությունն անվտանգային պայմանները ստեղծել է, մաքրել են սաղ ինչ կա չկա, անվտանգ է, ոչ մի նյութ չկա, ինչ կա հանել են, 100-տոկոսանոց բան եմ ասում, նայել ենք մի քանի հրավառ բաներ կային, հանել թափել են՝ սաղ։ Մենք չենք գնա նենց տեղ մտնենք, որ մեր մեր ժողովրդին վնաս լինի, եթե անվտանգությունը չպահենք, ո՞նց կբացենք»։
Արձագանքելով առևտրականների պահանջին, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի, ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է՝ «այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»։
«Փեթակ» առևտրի կենտրոնը փակ է օգոստոսի 14-ին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից հետո։ Պայթյունի հետևանքով16 մարդ զոհվեց, 2 մարդ համարվում է անհետ կորած։ «Փեթակը» գտնվում է «Սուրմալուի» հարևանությամբ, թե ինչո՞ւ է դեպքից 7 օր անց «Փեթակում» արգելվում առևտուրը, դեռևս պաշտոնական պարզաբանում չկա։
Մանրամասներն՝ ավելի ուշ