Մեկ ամիս առաջ սուր քննադատելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, սակայն օրերս Պուտինի հետ հանդիպմանը բարձր գնահատելով նրանց գործունեությունը՝ վարչապետ Փաշինյանը չի հստակեցնում՝ արդյո՞ք հաջողվեց Կրեմլի հետ ճշգրտել ռուսական խաղաղապահ առաքելության պարտականությունները, թե՞ իրավիճակը շարունակում է մնալ պաշտոնական Երևանի համար անընդունելի՝ ինչպես կառավարության նիստում հայտարարել էր Հայաստանի ղեկավարը։
Այս օգոստոսի 4-ին՝ Արցախում ռազմական գործողությունների հաջորդ օրը, որոնց հետևանքով հայկական կողմը երկու զոհ և մոտ երկու տասնյակ վիրավոր տվեց, գործադիրի նիստում վարչապետը հայտարարեց, թե 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Արցախում ադրբեջանական զինուժը գրավել է բնակավայրեր և գերել հայ զինծառայողների՝ ռուս խաղաղապահների թողտվությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հաղորդել են զոհերի մասին. Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի գրավումն ու հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես ու հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը», - հայտարարել է վարչապետը:
Այդ օրը Փաշինյանը ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով՝ եթե Լեռնային Ղարաբաղի շփման գծի անվտանգությունը եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափով չի ապահովվում, հարկավոր է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների գործարկման մասին։ Վարչապետը, սակայն, չհստակեցրեց՝ ի՞նչ նկատի ունի՝ խոսելով լրացուցիչ միջազգային մեխանիզմների մասին։
Այս ամենից հետո՝ երկու օր առաջ Վլադիվոստոկում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը հակառակը՝ բարձր գնահատեց ռուս խաղաղապահներին, թեև հավելեց՝ Արցախում անվտանգության ապահովման նրբություններ կան, որոնք պետք է քննարկել։
«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Պուտինի հետ բանակցությունների ավարտից ժամեր անց՝ հանդիպելով Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Փաշինյանն ասաց, որ Արցախում ռուս խաղաղապահների առաքելության հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ, բայց թե Արցախի անվտանգության համար առաջնային այդ հարցում ի՞նչ արդյունքների են հանգել, լռեց։
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված հարցեր, ես իմ բարձր գնահատականն եմ տվել ռուս խաղաղապահների առկայությանը և գործունեությանը, բայց նաև նկատել եմ, որ լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցեր կան», - նշել է Հայաստանի վարչապետը:
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Ադրբեջանն է ցայսօր հրաժարվում ստորագրել խաղաղապահների գործունեության մանդատը։ Այնինչ, Հայաստանն ու Ռուսաստանը այս հարցով առանձին փաստաթուղթ են կնքել, սակայն ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ է այն ենթադրում` Փաշինյանի կառավարությունը շարունակում է լռել։
Միջազգային ճգնաժամային խումբը դեռ մեկ տարի առաջ էր որոշ մանրամասներ հրապարակել դռնփակ բանակցություններից։ Ըստ այդմ` Բաքուն ռուսներից պահանջել է հստակ ամրագրել, որ խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանի տարածքում, ինչին դեմ են եղել Երևանում ու Ստեփանակերտում։ Արդյունքում, ադրբեջանական կողմը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը։
Օգոստոսին Արցախում վերսկսված ռազմական գործողությունները այս տարվա ընթացքում միակը չէին։ Մարտին Փառուխ գյուղի շուրջ մարտերի ժամանակ ադրբեջանական զինուժը դարձյալ գրոհել էր Պաշտպանության բանակի դիրքերը, հայկական կողմը երեք զոհ և մեկ տասնյակից ավելի վիրավոր տվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ներխուժումից երկու ամիս անց էլ ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխի մոտ