Մատչելիության հղումներ

Մոսկվան և Երևանը վճռական են դաշնակցային հարաբերություններն ամրացնելու հարցում


Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Լեռնայի Ղարաբաղում մնում է խաղաղության ապահովման առանցքայի գործոնը, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25-ամյակի ուղերձում։

Երկրի արտաքին գերատեսչությունը նշում է, որ Մոսկվան «առանցքայի դաշնակցի դիրքից» կշարունակի օգնել Երևանին՝ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների անվտանգության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։

«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ճանապարհն անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանմամբ », - ասված է հայտարարությունում։

Գերատեսչությունը շեշտել է՝ «անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումն ամբողջությամբ համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»։

Մոսկվան հայտնում է, թե անկեղծորեն գնահատում է բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական է տրամադրված ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններն ամրացնելու՝ երկու երկների բարգավաճման համար։

Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակի առթիվ ուղերձ է տարածել նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ մեծապես արժևորելով «եղբայրական Ռուսաստանի հետ բարեկամությունը», վճռականություն հայտնելով՝ էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման։

Երևանն իր երախտագիտությունն է հայտնել «ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար»։

Շեշտելով, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս շեշտել է․ - «Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է»։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն, սակայն, պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Օգոստոսի սկզբին Արցախում իրավիճակը սրվել էր, բախումներ տեղի ունեցան Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, երկու կողմերից եղան զոհեր և տուժածներ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունների արդյունքում օրեր անց իրավիճակը համեմատաբար կայունացավ:

Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատություն հնչեցրեց ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին՝ ուղիղ հայտարարելով՝ Հայաստանն ակնկալում է զսպել Ադրբեջանին։ Հիշեցնելով ադրբեջանցիների կողմից Խծաբերդի ու Հին Թաղերի, Փառուխի գրավումները՝ վարչապետը շեշտեց՝ իրադարձությունները զարգացել են ռուս խաղաղապահների ներկայությամբ ու նրանց թողտվությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի խախտումները, Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը, որոնք անընդունելի էր համարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG