Մենք ոչինչ չենք կորցրել, մեր հիմնական ձեռքբերումը մեր ինքնիշխանության ամրապնդումն է. Պուտին

Նախագահ Պուտինն այսօր պնդել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի, դրան հետևած աննախադեպ պատժամիջոցների պատճառով ոչինչ չի կորցրել, հակառակը՝ ամրապնդել է ինքնիշխանությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին․ «Մենք Ուկրաինայում պատերազմ չենք սկսել»

«Մենք ոչինչ չենք կորցրել։ Եվ մենք ոչինչ չենք կորցնի։ Հիմնական ձեռքբերումը մեր ինքնիշխանության ամրապնդումն է։ Այո, կա որոշակի բևեռացում, բայց կարծում եմ, որ թե՛ աշխարհում, թե՛ երկրի ներսում դա միայն ձեռնտու է։ Որովհետև մերժվելու է այն ամենն, ինչ ավելորդ, վնասակար է ու խանգարում է մեզ առաջ գնալ», - Վլադիվոստոկում հայտարարել է նա։

Սեփական բանակը հարևան երկիր ուղարկելուց ավելի քան կես տարի անց Վլադիմիր Պուտինը նորից պնդել է, թե Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այլ ուզում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է Արևմուտքը 2014-ին։

Պուտինի այս ինքնավստահ հայտարարությունների ֆոնին ուկրաինական պատերազմը լուսաբանող ռուսամետ Telegram ալիքները հայտնեցին, թե ռուսական զորքերը շրջափակման մեջ են հայտնվել Խարկովի մարզի Բալակլեյում։ Հաղորդվում է, որ ուկրաինական կողմին հաջողվել է հակահարձակման արդյունքում ազատագրել քաղաքի տակ գտնվող ռազմական պահեստները։ Ըստ ամերիկացի փորձագետների, տեղում ռուսական կողմի պաշտպանությունը թուլացել էր, քանի որ մինչ այդ ռուսները Խարկովից մի շարք զորախմբեր էին տեղափոխել Խերսոն, որտեղ ուկրաինական կողմը հակահարձակում էր ձեռնարկել անցած շաբաթ։

Կիևի պաշտոնական աղբյուրները առաջխաղացման մասին տեղեկությունները չեն հաստատում։ Փոխարենը Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն այսօր առաջին անգամ ընդունել և պատասխանատվություն է ստանձնել շաբաթներ առաջ Ղրիմում տեղի ունեցած պայթյունների համար, որոնց հետևանքով ռուսական ռազմակամ պահեստներ էին ոչնչացվել։

Ռազմական հարցերով փորձագետ Կոնստանտին Մաշովեցի կարծիքով, իրավիճակը այսօր ռազմական դաշտում ռուսական ուժերի օգտին չէ. - «Ըստ անուղղակի նշանների, իրավիճակն ակնհայտորեն զարգանում է ոչ հօգուտ ռուսական զորքերի։ Կարծում եմ, [ուկրաինացի պաշտոնյաների] զսպվածությունն արդարացված է Ուկրաինայի զինված ուժերի գործողություններին չվնասելու ցանկությամբ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեռախոսազրույց է կայացել Զելենսկու և Թրասի միջև

Մինչ այդ Արևմուտքը շարունակում է անսասան աջակցություն հայտնել Ուկրաինային։ Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Լիզ Թրասը, պաշտոնը ստանձնելուց հետո առաջինը հենց Ուկրաինայի նախագահին է զանգահարել։ Բրիտանական կառավարության հայտարարության համաձայն, Թրասը հաստատել է, որ Կիևը կարող է ակնկալել իր «լիարժեք աջակցությունը», և որ Ուկրաինան երկարաժամկետ հեռանկարում կարող է հույս դնել Մեծ Բրիտանիայի օգնության վրա։

Իսկ Եվրամիությունը, որ պատերազմից ի վեր աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել Կրեմլի դեմ, այժմ քննարկում է ռուսական գազի համար առավելագույն գին սահմանելու առաջարկը։ Անդամ երկրներից, սակայն, ոչ բոլորն են դրան համաձայն։ Եվրամիությունում նախագահող Չեխիան, մասնավորապես, արդեն հայտարարել է, թե դա է'լ ավելի կխորացնի Եվրոպայում սպասվող էներգետիկ ճգնաժամը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում ապառազմականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ ահազանգում է Զապարոզժիեի ատոմակայանում ստեղված չափազանց վտանգավոր իրավիճակի մասին։ Անտոնիո Գուտերեշը այսօր կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում անվտանգության գոտի ստեղծելու և աղետից խոսւափելու համար։ Մտահոգություններն ավելի են սրվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ երեկ երեկոյան հրապարակած զեկույցից հետո։

«Ես խիստ անհանգստացած եմ Զապորոժիեի կայանի և հարակից տարածքում ստեղծված իրավիճակով, այդ թվում՝ վերջին հրետակոծության մասին հաղորդումներով: Եկեք ասենք այնպես, ինչպես կա. ցանկացած վնաս, լինի դա միտումնավոր, թե ոչ, Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին կամ որևէ այլ ատոմակայանին Ուկրաինայում կարող է աղետ լինել ոչ միայն մերձակայքի, այլև տարածաշրջանի համար և նրա սահմաններից դուրս: Պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը նման սցենարներից խուսափելու համար», - ասել է Գուտերեշը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱԷՄԳ-ի` Զապորոժիեի ԱԷԿ-ը մի քանի հարված է կրել, և տեղում անվտանգությունը կայուն չէ

Անցած շաբաթ Զապորոժիե կատարած այցից հետո աԱտոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները երեկ հայտարարեցին, որ ատոմակայանի ռմբակոծությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների ինչպես Ուկրաինայի, այնպես էլ հարևան երկրների համար։ Զեկույցում նշվում է, որ ԱԷԿ-ում խախտվել են «միջուկային անվտանգության բոլոր յոթ հիմնասյուները», ներառյալ՝ օբյեկտների ֆիզիկական ամբողջականությունը։ փորձագետները, սակայն, չեն նշել, թե կողմերից որն է պատասխանատու։ Մոսկվան ու Կիևը հրետակոծության մեջ միմյանց են մեղադրում։

Ուկրաինայի նախագահը, արձագանքելով զեկույցին, պնդել է, թե գործակալությունը պետք է ավելի լայն մանդատ ունենա և ստիպի Ռուսաստանին ապառազմականացնել ատոմակայանի տարածքը և վերադարձնել կայանի վերահսկողությունը Ուկրաինային։

Your browser doesn’t support HTML5

Մենք ոչինչ չենք կորցրել, մեր հիմնական ձեռքբերումը մեր ինքնիշխանության ամրապնդումն է. Պուտին