Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հիմնական մասը լքել է Զապորոժիեի ԱԷԿ-ը, ատոմակայանում մնացել են երկու մասնագետներ, որոնք այնտեղ կլինեն մշտական հիմունքներով, այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է ռուս միջուկային փորձագետ Ռենատ Կարչաան, ով ուղեկցել է պատվիրակության անդամներին։
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սեպտեմբերի 1-ին են ժամանել Զապորոժիեի ԱԷԿ: Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել էր, որ փորձագետները կշարունակեն իրենց աշխատանքը, քանի որ շատ հարցեր ավելի մանրամասն քննարկում են պահանջում։
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։ Ռեակտորների կամ միջուկային թափոնների պահեստների միտումնավոր կամ պատահական թիրախավորումը կարող է հանգեցնել միջուկային համաեվրոպական աղետի: Կողմերը միմյանց են մեղադրում ատոմակայանի շրջանում մարտական գործողություններ վարելու համար: