Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում, այսօր առավոտյան կրկին արթնացել են ռուսական հրթիռների ձայնից: Այս անգամ թիրախում է հայտնվել կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկը, առնվազն երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 73-ամյա մի կին: Հարևանների խոսքով` նա ռումբերի ձայնն ուղղակի չէր լսել ու չէր հասցրել ապաստարան տեղափոխվել։
«Վստահ չեմ, որ նրան կարողացան տարհանել, նա խուլ ու համր էր, կանգնած էր աստիճաններին», - ասել է բնակիչներից մեկը:
Զապորոժիեի շրջակայքում մարտերը շարունակվում են
Չեն դադարում մարտերը նաև Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ Զապորոժիեի շրջակայքում։ Ռուսական կողմը պնդում է, թե Ուկրաինայի բանակը կրկին հրետանային հարվածներ է հասցրել, արկերից մեկը պայթել է կայանի մերձակայքում, ինչի հետևանքով Էներգոդար քաղաքն ամբողջովին զրկվել է հոսանքից ու ջրից։
«Ռադիացիոն վիճակը գնահատվում է նորմալ», - հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը` շարունակելով. «Կիևի վարչակազմը շարունակում է սադրանքները՝ տեխնածին աղետ առաջացնելու համար։ Անցած մեկ օրում արձանագրվել է հրետանու 15 հարված Էներգոդար քաղաքի և Զապորոժիեի ատոմակայնի տարածքում»։
Ուկրաինական կողմը, իր հերթին, ռուսներին է մեղադրում սադրանքների մեջ։ Որևէ երրորդ, անկախ մարմին այս պնդումները չի հաստատել, չկան հստակ տվյալներ, թե անցած կես տարում ռուսների վերահսկողության տակ անցած կայանը ինչ կորուստներ է կրել և որ կողմի մեղքով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները միայն անցած շաբաթ կարողացան այցելել Զապորոժիե, և ակնկալվում է, որ այսօր երեկոյան առաջին զեկույցը կհրապարակեն։
«Հուսով ենք՝ գնահատականները օբյեկտիվ կլինեն», - գիշերը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` հավելելով. «Կարծում եմ՝ այն, ինչ անում է ռուսական կողմը, ավելի քան խոսուն է։ Ատոմակայանի հրթիռակոծումը զեկույցի հրապարակման նախօրեին, ցույց է տալիս, որ ահաբեկչական այդ երկիրը արհամարհում է՝ ինչ է միջազգային այդ կառույցն ասելու, արհամարհում է նաև միջազգային համայնքի որոշումը»։
ԱՄՆ-ն չի պատրաստվում Ռուսաստանը համարել ահաբեկչական երկիր
Արդեն կես տարի է՝ Կիևը կոչ է անում Արևմուտքին Ռուսաստանը համարել ահաբեկչական երկիր։ Երեկ լրագրողները Միացյալ Նահանգների նախագահին կրկին հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք Վաշինգտոնը գնալ այդ քայլին և Ռուսաստանը դասել Կուբայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի շարքում։
«Ո՛չ», արձագանքել է Սպիտակ տան ղեկավարը։ Պետքարտուղարն ավելի վաղ պատճառաբանել էր, թե Վաշինգտոնը փորձում է բաց պահել հաղորդակցությունը Մոսկվայի հետ կենսական նշանակության, օրինակ՝ միջուկային անվտանգության ոլորտում։
«Մենք արդեն իսկ աննախադեպ պատժամիջոցներ ենք սահմանել այդ երկրի նկատմամբ և մտադիր ենք շարունակել»,- օրեր առաջ հայտարարել էր Էնթոնի Բլինքենը։
«Մենք պետք է մեծացնենք այն գինը, որ Պուտինը վճարում է սրա համար, և խստացնենք միջազգային ճնշումը նրա ու նրա աջակիցների նկատմամբ, մինչև որ կհարգվեն Ուկրաինայի և այդ երկրի քաղաքացիների իրավունքները», - շեշտել էր նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ 2007-ին կնքված վիզային համաձայնագրի գործողությունըԱՄՆ հետախուզությունը պնդում է, թե այդ պատժամիջոցների հետևանքով ռուսական կողմը ստիպված է արդեն Հյուսիսային Կորեայից հրետանային զինամթերք գնել, գրել է New York Times-ը։ Թե կոնկրետ ինչ զինամթերքի մասին է խոսքը, թերթը չի մանրամասնում։ Ավելի վաղ արևմտյան մամուլը գրել էր, թե ռուսական կողմը սկսել է նաև իրանական անօդաչուներ օգտագործել։ Սա վկայում է, որ Արևմուտքի սահմանափակումներն արդյունք են տալիս, New York Times-ին ասել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները։
Հունգարիան պահանջում է «սև ցուցակից» հանել Պուտինի սիրելի և մերձավոր երեք օլիգարխների
Միաժամանակ հստակ չէ՝ կկարողանա արդյոք Արևմուտքը միասնական մնալ այդ հարցում, հատկապես, որ առջևում ձմեռ է՝ էներգակիրների անխուսափելի թանկացմամբ։
«Այդ պատժամիջոցների հետևանքով Եվրոպայի ժողովուրդն է հիմա տուժում, գնաճը հասել է ծայրաստիճան բարձր ցուցանիշների ողջ Եվրոպայում, էներգակիրները՝կտրուկ թանկացել։ Հունգարիայում ոչ մասնավոր հատվածը էլեկտրականության ու գազի համար ութ անգամ ավելի բարձր գին է վճարում։ Չգիտենք՝ վերջն ինչ է լինելու, բայց հստակ է, որ Եվրոպայի ժողովուրդը չի ուզում այսպես ապրել», - ասել է Հունգարիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տհուրմեր Գյուլան:
Նրա այս տեսակետը երկրում շատերն են կիսում, այդ թվում՝ իշխանական վերնախավում։ Մինչ Բրյուսելն ու Կիևը հորդորում են դաշնակիցներին դիմակայել դժվարություններին հանուն արժեքների, Բուդապեշտը սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էներգետիկ ճգնաժամին զուգահեռ Եվրոպայում աճում է նաև սոցիալական լարվածությունըԲրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ Հունգարիան պահանջում է «սև ցուցակից» հանել Պուտինի սիրելի և մերձավոր օլիգարխներ Ալիշեր Ուսմանովին, Պետր Ավենին և Վիկտոր Ռաշնիկովին։
Կկարողանան միության մյուս անդամները համոզել Բուդապեշտին, թե տեղի կտան՝ պարզ կդառնա վաղը. հարցը կքննարկվի Եվրամիության դեսպանների նիստում, վերջնական որոշումը պետք է հրապարակվի մինչև սեպտեմբերի 15-ը։
Մինչ քննարկումները հստակ է, որ հունգարական կողմն այս վերջնագիրը ներկայացնելուց օրեր առաջ հանդիպումներ էր ունեցել ռուսների հետ։
«Մենք երաշխավորել ենք մեր էներգետիկ անվտանգությունը», - այդ բանակցություններից հետո՝ անցած շաբաթ, հայտարարել էր երկրի վարչապետ Պետեր Սիյարտոն, մանրամասնելով՝ Ռուսաստանը խոստացել է Հունգարիային հավելյալ գազ մատակարարել առաջիկա ամիսների ընթացքում։