Սպիտակ տունը հայտարարել է, որ բոլոր ռուսներին Վլադիմիր Պուտինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելը արդյունավետ միջոց չի համարում: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար շենգենյան վիզաների տրամադրման սահմանափակումներ մտցնելու Եվրամիության ծրագրերի հետ։
Վաշինգտոնը կարծում է, որ ՌԴ կառավարության անդամների, օլիգարխների և Ուկրաինա ներխուժման հետ անմիջականորեն կապված այլ անձանց համար ԵՄ և ԱՄՆ մուտքի անհատական արգելքները արդյունավետ միջոց են դարձել այդ երկրի նախագահ Պուտինի և նրա շրջապատի դեմ, ասել է Քիրբին:
Նա ընդգծել է, որ Արևմուտքն այժմ չի կարող Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել այնպես, կարծես ոչինչ չի եղել, սակայն հասարակ ռուսները չպետք է տուժեն դրա պատճառով։
«Սա չպետք է վերածվի պատերազմի բոլոր ռուսների դեմ»,- ասել է Ջոն Քիրբին։
Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր արևմտյան երկրները սկսել են մուտքի սահմանափակումներ մտցնել ռուս պաշտոնյաների, քաղաքական գործիչների և գործարարների համար։ ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Չեխիան և Լատվիան, դադարեցրել են զբոսաշրջային շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Ներխուժումը սկսելուց մի քանի ամիս անց ԵՄ որոշ երկրներ կոչ արեցին համաեվրոպական արգելք սահմանել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես կոչ է արել սահմանափակել ռուսների մուտքը Եվրամիություն։
Օգոստոսի 31-ին ԵՄ երկրների արտգործնախարարները որոշեցին խզել Ռուսաստանի հետ 2007 թվականին կնքված վիզային համաձայնագիրը, ըստ այդմ՝ չեղարկել ռուսաստանցիներին վիզաների տրամադրման պարզեցված ռեժիմը, ինչը, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով, «կբարդացնի ռուսաստանցիների մուտքը Եվրամիություն»․ կկրկնապատկի վիզայի արժեքը՝ 80 եվրո՝ 35 եվրոյի փոխարեն, կավելանա դիմումի մշակման առավելագույն ժամկետը, Reuters-ի տեղեկություններով՝ շենգենյան վիզա ստանալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներից կպահանջվեն ավելի շատ փաստաթղթեր, կկրճատվի նաև վիզայի գործողության ժամկետը:
Դաշինքի անդամ մի շարք պետություններ, մասնավորապես՝ բալթյան երկրները, Ֆինլանդիան, ավելի կոշտ տարբերակի՝ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին շենգենյան վիզա ստանալու հնարավորությունից զրկելու կողմնակից են՝ պնդելով, որ մինչ Ռուսաստանը ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայում, անթույլատրելի է ռուսաստանցի զբոսաշրջիկներին վիզաների տրամադրումը։ Դրան դեմ են արտահայտվել, սակայն, Եվրամիության առանցքային երկու պետությունները՝ Գերմանիան և Ֆրանսիան։