Զապորոժիեի ատոմակայանին մոտ հրետակոծությունների հետևանքով Էներգոդար քաղաքում անջատվել են էլեկտրաէներգիան ու ջրամատակարարումը։
Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կայանի վեց ռեակտորներից վերջինը ցանցից անջատվել էր մեկ օր առաջ: Դեռ պարզ չէ՝ այս անջատումը վտանգավոր է, թե՝ ոչ։
Հրետանային գնդակոծությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի ատոմային վերահսկող մարմինը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու միջազգային հանրությանը զեկույց ներկայացնել ատոմակայանի անվտանգության իրավիճակի մասին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներն անցած հինգշաբթի էին ժամանել կայանի տարածք՝ ուսումնասիրելու Ռուսաստանի սկսած պատերազմի հետևանքով տեղում ստեղծված իրավիճակը։
Կիևն ու Մոսկվան տևական ժամանակ է՝ իրար են մեղադրում ատոմակայանի շուրջ հրետակոծությունների ու սադրանքների համար։ Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել պատերազմի առաջին օրերին՝ մարտից։ Սակայն այն մինչ այս պահը միացված է Ուկրաինայի էլեկտրական ցանցին ու ղեկավարվում է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության կողմից։