Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ Լիզ Թրասին:
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը, իր ուղերձում ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Թրասի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ երկու երկրների բարգավաճման և բարեկամ ժողովուրդների բարօրության։
Ընդգծելով, որ Հայաստանը, որպես ժողովրդավար երկիր, առանցքային տեղ է հատկացնում լայնածավալ բարեփոխումներին՝ միտված օրենքի գերակայության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է՝ այս համատեքստում բարձր է գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ հասարակությանը։
«Կարծում եմ, որ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ, ինչի վերհանման և իրագործման հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության նոր կառավարության հետ՝ ուղղված հայ-բրիտանական օրակարգը նոր նախագծերով հարստացնելուն», - իր ուղերձում, մասնավորապես, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Լիզ Թրասը հաղթեց պահպանողականների ընտրություններում և դարձավ Բրիտանիայի նոր վարչապետը։ 47-ամյա Թրասի օգտին քվեարկել է կուսակիցների ավելի քան 57 տոկոսը։ Այսպիսով՝ Թրասը դարձավ պահպանողականների չորրորդ վարչապետը 2015 թվականից ի վեր և Մեծ Բրիտանիայի երրորդ կին վարչապետը Մարգարեթ Թետչերից և Թերեզա Մեյից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիզ Թրասը` Մեծ Բրիտանիայի վարչապետ