Միխայիլ Գորբաչովը, ում համարում են Խորհրդային Միության փլուզման ճարտարապետը, ով օգնել է վերջ դնել «սառը պատերազմի»՝ ահով լի տասնամյակներին, ով վաստակել է Նոբելյան Խաղաղության մրցանակն ու միլիոնավոր ռուսաստանցիների տևական ատելությունը՝ աշխարհի խոշորագույն տերության տապալումից հետո ստեղծված քաոսի պատճառով, մահացել է: Նա 91 տարեկան էր:
Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ի երեկոյան՝ երկարատեւ և ծանր հիվանդությունից հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վախճանվել է Միխայիլ ԳորբաչովըՌուսաստանի գյուղերից մեկում՝ հողագործ ծնողների ընտանիքում ծնված Գորբաչովը դարձել էր 20-րդ դարի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ արժանանալով միջազգային մրցանակների միջուկային աղետի սպառնալիքի նվազեցման գործում ունեցած ավանդի և միլիոնավոր մարդկանց իր երկրում ու դրա սահմաններից դուրս խորհրդային բռնաճնշումներից ազատելու համար:
Խորհրդային Միության վերջին առաջնորդը նաև սուր քննադատության թիրախում էր միլիոնավոր համերկրացիների կողմից, որոնք մեղադրում էին նրան ճակատագրական փոփոխությունների՝ տնտեսական և սոցիալական ցնցումների համար, որ տեղի էին ունենում հսկայական կայսրության փլուզմանը զուգահեռ, կայսրություն, որ սփռված էր 11 ժամային գոտիներով՝ Բեռլինյան պատից ու Բալթիկ ծովից մինչև Բերինգի նեղուց ու Միջին Ասիա:
Դա Գորբաչովի պարադոքսն էր. նրան սիրում և ատում էին այն գործընթացի համար, որի մեկնարկը տվել էր և որի վերջնարդյունքը շատ քչերն էին կանխատեսում, և ամենաքիչը թերևս հենց ինքն էր սպասում նման վերջաբան:
Հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն իշխանության եկավ Գորբաչովի հրաժարականից տասը տարի չանցած, ԽՍՀՄ փլուզումը կանվանի «20-րդ դարի խոշորագույն աշխարհքաղաքական աղետ»: Պատմաբանները կշարունակեն բանավեճերը, թե որքանով էր կանխամտածված Գորբաչովի հեղափոխությունը, որն ազատեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպան գրեթե կեսդարյա կոմունիստական իշխանությունից և ի վերջո հանգեցրեց նաև Սովետական Միության փլուզմանը:
Ինքը Գորբաչովը հստակ հասկացրել է, որ երբեք չէր պատրաստվում քանդել երկիրը, անընդհատ աղոթքի պես կրկնելով՝ «Միությունը հնարավոր էր պահպանել»: Հետագայում՝ արդեն հետահայաց, Խորհրդային Միության փլուզումից տասնամյակներ անց, Գորբաչովն ամեն դեպքում պնդեց, որ այդ կարևորագույն փոփոխությունները գիտակցված և շատ անձնական որոշում էին:
«Այլ մարդիկ կարող էին գալ իշխանության և կարող էին ոչ մի բան էլ չանել, որ երկիրը տանեին դեպի հումանիստական, ազատ և ժողովրդավակական զարգացում»,- ասել է Գորբաչովը 2003 թվականին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում՝ հավելելով. - «Ես կարող էի մնալ Գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչ օրս, եթե ցանկանայի»:
«Խորհրդային Միությունը հասել էր իր վախճանին, և ո՛չ մի Գորբաչով, ո՛չ մի թիմ այն պահել չէր կարող»
Մտածող մարդկանց մոտ տպավորություն էր, որ Խորհրդային Միությունը հասել է մի սահմանագծի, որ այդպես շարունակել արդեն հնարավոր չէ․ և՛ ներքին կյանքում, և՛ արտաքին կյանքում պետք է փոփոխություններ լինեին, և այդ փոփոխությունները կատարելը բաժին հասավ Գորբաչովին, «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյան։
Քայքայված տնտեսություն, անհույս և երկարատև պատերազմ Աֆղանստանում, Արևմուտքի հետ ակնհայտ պարտության տանող առճակատում, այս ամենից ելնելով, ըստ իրավապաշտպանի, Գորբաչովն ու իր թիմը գնացին այդ հարկարդրված փոփություններին։
«Նրանց այս քայլը շատ դրական բաների բերեց, օրինակ՝ դրեց սառը պատերազմի վերջակետը, որը շատ վտանգավոր էր ամբողջ աշխարհի համար, օրինակ՝ տվեց ազատություններ խորհրդային մարդուն՝ և՛ տնտեսական, և՛ խոսքի, վերջին հաշվով, հանգեցրեց մեր հանրապետությունների անկախացմանը», - ասաց Հարությունյանը։
1985-ին հայտարարություններ եղան, որ փոփոխություններ են լինելու տնտեսության մեջ, բացախոսության բնագավառում, ազատամտության բնագավառում, իսկ 86-ից դրանք կյանքի կոչվեցին, հիշում է Հարությունյանը՝ նկատելով՝ Խորհրդային մամուլում արդեն հետաքրքիր հոդվածներ էին տպագրվում, որոնք կա՛մ փակ էին, կա՛մ արգելված։
Նրանց խնդիրը, ըստ իրավապաշտպանի, Խորհրդային Միությունը քայքայելը չէր, նրանք ուզում էին բարեփոխել Խորհրդային Միություն կոչվող արհեստական պետությունը, բայց բարեփոխման ճանապարհին տապալեցին այդ երկիրը։
«Տապալման փուլում շատ բացասական դերակատարություն ունեցան նրանք՝ մի դեպքում հրահրեցին ազգամիջյան բախումներ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Միջին Ասիայում, մի դեպքում, եղած հակասություններն օգտագործելով, փորձում էին կառավարել այդ հակասությունները և պահպանել իրենց Խորհրդային Միություն կոչվող երկիրը, բայց այն, ըստ էության, հասել էր իր վախճանին և ո՛չ մի Գորբաչով, ո՛չ մի թիմ այն պահել չէր կարող», - ասաց իրավապաշտպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միխայիլ Գորբաչով. «Ես առաջարկում էի Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ»