Մատչելիության հղումներ

Գորբաչով. Քանի դեռ կան զանգվածային ոչնչացման զենքերը, վտանգն ահռելի է


ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ
ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ

Նախկին Խորհրդային Միության վերջին առաջնորդ, 88-ամյա Միխայիլ Գորբաչովը BBC-ի այսօր հրապարակած հարցազրույցում ծայրահեղ վտանգավոր է համարել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ներկայիս լարված հարաբերությունները:

«Քանի դեռ կան զանգվածային ոչնչացման զենքերն ու առաջին հերթին միջուկային զենքերը, վտանգն ահռելի է: Բոլոր երկրները պետք է հայտնեն, որ միջուկային զենքը պետք է ոչնչացվի, բոլորը: Դրանով մենք կփրկենք մեզ ու երկրագունդը», - ասել է նա:

Գորբաչովի իշխանության տարիները համարվում են երկրի ներսում բարեփոխումների փորձեր կատարելու, դրսի հետ հարաբերություններում Մոսկվայի ու Արևմուտքի միջև լարվածությունն էապես թուլացնելու, նվազեցնելու ժամանակաշրջան: Այդ ժամանակ էր, որ վերջ դրվեց «սառը պատերազմին», քանդվեց Բեռլինի պատը, որին հաջորդեց երկու Գերմանիաների վերամիավորումը: Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ Գորբաչովը ստորագրեց սպառազինությունների մրցավազքը սանձելու, ատոմային զենքերն ու հրթիռները կրճատելու, վերահսկելու պայմանագիրը: Դա 1987 թվականն էր:

Այս տարի ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դուրս եկան միջին հեռահարության միջուկային հրթիռների վերահսկման պայմանագրից: Հարցին, թե Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներկայիս հակամարտությունն ինչպես է բնորոշում Գորբաչովը, նա պատասխանել է. «Սառեցված, բայց պատերազմ: Տեսնում եք՝ այս ու այնտեղ բախումներ են տեղի ունենում, գնդակահարություններ, այն իրավիճակը չէ, որ պետք է լիներ»:

Գալիք նոյեմբերին լրանում է Բեռլինի պատը քանդելու 30 տարին, որին հաջորդեց Երկրորդ աշխարհամարտի հետևանքով տարանջատված Գերմանիաների վերամիավորումը: Պատի փլուզման մասին խոսելով՝ Գորբաչովն ասել է, որ դա գերմանացիներին, Եվրոպային, ամբողջ աշխարհին առնչվող հարց էր ու տեղի ունեցավ անարյուն: «Մենք հայտարարեցինք, որ չենք միջամտի», - նշել է նա:

1990 թվականին Միխայիլ Գորբաչովին է շնորհվել Նոբելյան խաղաղության մրցանակ՝ երկու հակամարտ ճամբարների միջև թշնամությունը վերացնելու համար:

Գորբաչովը լավ հարաբերություններ ուներ նաև Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի հետ: BBC-ի լրագրողի խնդրանքին, թե «Բրեքզիթ»-ի հարցով ի՞նչ խորհուրդ կտար ներկայիս քաղաքական գործիչներին, Գորբաչովն արձագանքել է. «Մտածեք, խելոքներ, անգլիացիներ, ես ձեզ խորհուրդ չեմ տա, դուք որոշեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG