Մատչելիության հղումներ

Գորբաչովի համոզմամբ՝ Ռուսաստանին պետք են լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ


Ռուսաստան - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նշում է ծննդյան 89-ամյակը, Մոսկվա, 3-ը մարտի, 2020թ.
Ռուսաստան - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նշում է ծննդյան 89-ամյակը, Մոսկվա, 3-ը մարտի, 2020թ.

Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը երեկ ասել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ են լավ հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:

«Հետաքրքրությունն ամերիկյան նախագահական ընտրությունների վերաբերյալ շատ մեծ է ամբողջ աշխարհում, դա բխում է համաշխարհային քաղաքական ասպարեզում ԱՄՆ-ի զբաղեցրած տեղից: ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները կարևոր են բոլոր երկրների, այդ թվում Ռուսաստանի համար», - ասել է Գորբաչովը:

Նրա համոզմամբ, Ջո Բայդենը կցանկանա վերականգնել վստահությունը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև:

Գորբաչովը նշել է, որ տարբեր առիթներով բազմիցս հանդիպել է Բայդենի հետ, երբ նա զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:

«Իմ տպավորությունն այն էր, որ Բայդենը գիտակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը, հուսով եմ, որ նա կկարողանա նպաստել մեր երկու երկրների կապերի բարելավմանը, դա բխում է թե՛ Ամերիկայի և թե՛ Ռուսաստանի շահերից», - ասել է Միխայիլ Գորբաչովը:

Նրա խոսքով, Բայդենի նախագահության օրոք ավելի դյուրին կլինեն սպառազինությունների կրճատման բանակցությունները:

«Իհարկե, դեմոկրատները զգուշավորություն են դրսևորելու, մենք էլ, բայց այդ զգուշավորությունը չպետք է խոչընդոտի սպառազենի կրճատման բանակցությունները», - նշել է Գորբաչովը:

Ուշագրավ է, որ աշխարհի տասնյակ մեծ ու փոքր պետությունների ղեկավարներ երեկվանից շնորհավորում են Ջո Բայդենին, սակայն Կրեմլն առնվազն նոյեմբերի 8-ի երեկոյան ժամը 10-ի դրությամբ որևէ կերպ չի արձագանքել նրա հաղթանակին:

Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում կասեն, թե դա ընդունված միջազգային գործելակերպ է՝ սպասել ընտրությունների արդյունքների պաշտոնական վավերացմանը և նոր շնորհավորել հաղթողին, ինչը սոսկ ֆորմալ տեսակետից անխոցելի բացատրություն է:

XS
SM
MD
LG