1991 թվականի օգոստոսին Սովետական Միության ղեկավարության մի խումբ պաշտոնյաներ փոխնախագահ Գենադի Յանաևի գլխավորությամբ փորձեցին հեղաշրջում կազմակերպել Խորհրդային Միության փլուզումը կանխելու նպատակով, սակայն տապալվեցին և հակառակը՝ արագացրեցին Սովետական կայսրության տապալումը և հետխորհրդային 15 պետությունների ստեղծումը։
1991 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, ովքեր համաձայն չէին Միխայիլ Գորբաչովի բարեփոխումների քաղաքականության և Միության նոր պայմանագրի նախագծի հետ, ստեղծեցին Արտակարգ դրության պետական կոմիտե: Կոմիտեի կազմում էին փոխնախագահ Գենադի Յանաևը, վարչապետ Վալենտին Պավլովը, ներքին գործերի նախարար Բորիս Պուգոն, պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, ԿԳԲ-ի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովը և մյուսները:
Երեսուն տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձը դարձավ Խորհրդային Միության տապալման վերջին ակորդն ու պատմության մեջ մտավ որպես «Օգոստոսյան Պուտչ»:
Օգոստոսի 19-ին «Վրեմյա» հեռուստածրագիրը սովետական ավանդույթներին հավատարիմ հայտարարեց, թե Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովը հիվանդության պատճառով չի կարող կատարել իր պարտականությունները և իշխանությունը երկրում Սահմանադրության համաձայն անցնում է փոխնախագահ Գենադի Յանաևվին: Իրականում, իհարկե, ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահը հիվանդ չէր, նա ընտանիքի հետ պարզապես օգոստոսի 4-ին մեկնել էլ Փարոս կղզի հանգստանալու: Պուտչիստները հեռացրել էին իշխանությունից, մեկուսացրել նրան և կտրել կապը երկրի և աշխարհի հետ։
Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն փորձեց պահպանել Սովետական Միությունը, կանխել Գորբաչովի նախաձեռնած ինքնիշխան պետությունների միության ստեղծումը և դադարեցնել երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները: «Վրեմյա» ծրագիրը հայտարարեց, որ օգոստոսի 19-ից ԽՍՀՄ-ում արգելվում է հավաքների և գործադուլների անցկացումը, լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակվում է, և ցանկացած քաղաքական կազմակերպության գործունեությունը, բացառությամբ Կոմունիստական կուսակցության և «Կոմսոմոլի», արգելված է: Բոլոր հեռուստաալիքները հեռարձակման փոխարեն հեռարձակում են լրատվական ծրագրեր և Կարապի լիճ բալետ:
Պաշտպանության նախարար Դմիտրի Յազովի հրամանով զորքեր մտան Մոսկվա: Քաղաքացիները, սակայն, դուրս եկան փողոցներ և կանգնեցնեն այդ տանկերի առաջ: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ընդդիմանում է Արտակարգ իրավիճակների կոմիտեին, միանում Մոսկվայի Սպիտակ տան մոտ հավաքված մարդկանց և կոչ անում դուրս գալ փողոցներ և պաշտպանել դեմոկրատական բարեփոխումները: Տասնյակ հազարավոր մարդիկ արձագանքում են նրա կոչին և սկսում են հավաքվել Սպիտակ տան մոտ` այն պաշտպանելու համար:
Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեին դեմ ցույցեր են անցնում նաև Լենինգրադում [Սանկտ Պետերբուրգ] և այլ քաղաքներում: 1991 թվականի օգոստոսի 21 -ի գիշերը, Մոսկվայում, կոմիտեի հրամանով մայրաքաղաք բերված զինվորականների հետ բախման հետևանքով զոհվեց երեք մարդ:
Մարդկանց բողոքն այնքան տպավորիչ էր, որ օգոստոսի 21-ին զինված ուժերը թողնում են մայրաքաղաքը, Գորբաչովն ընտանիքի հետ վերադառնում է Մոսկվա, Արտակարգ իրավիճակների կոմիտեի անդամները ձերբակալվում են, իշխանությունը երկրում դե ֆակտո անցնում է Ռուսաստան նախագահ Բորիս Ելցինին, իսկ չորս ամիս անց՝ դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարները Բելառուսում ստորագրում են Բելովեժյան համաձայնագիրը և արդեն դե յուրե վերջ տալիս Խորհրդային Միությանը՝ հայտարարելով, որ փոխարենը ստեղծում են Անկախ պետությունների միություն՝ ԱՊՀ ։
Մայրցամաքի մեկ չորրորդ տարածքը զբաղեցնող միջուկային գերտերություն Սովետական կայսրությունը տապալվում է:
2011 թվականի ապրիլին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը BBC- ին տված հարցազրույցում պատմել է, թե Բելովեժյան համաձայնագրերի ստորագրման հաջորդ օրը զանգել է Ելցինի թիմակից Գենադի Բրոբուլիսին և ասել, թե Հայաստանն ուզում է միանալ ԱՊՀ-ին. «Այդ ի՞նչ սլավոնական ակումբ եք ստեղծել: Այն փա՞կ ակումբ է, եթե բաց է, մենք կուզենանք միանալ»։