Դատախազությունը միջնորդում է` քննարկել «Սուրմալու» առևտրի կենտրոնը փակելու հարցը, մինչև այն շահագործող ընկերությունը կվերացնի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները: Դեպքից ավելի քան տասն օր անց՝ այսօր, Դատախազությունը հաղորդագրություն է հրապարակել՝ փաստացի կրկնելով այն տեղեկությունները, որոնք անցած օրերին շրջանառվել էին մամուլում պաշտոնյաների կողմից։ Մասնավորապես, որ Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ անցած տարի «Սուրմալուի» տարածքում հրդեհային անվտանգության նորմերի 16 խախտում է հայտնաբերել ու վերացման ժամկետ տվել։
«Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում` համաձայն տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հրամանով: Քրեական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել», - հայտնում է Դատախազությունը։
Այն, որ տեսչականը վերստուգման չէր գնացել, կառույցի խոսնակը հայտնել էր պայթյունից անմիջապես հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ում նախորդ տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը վերստուգում դեռ չէր արելՓոխարենը մութ է մնում հարցը, թե ինչու մինչ օրս չի հարցաքննվել տարածքի սեփականատերը։ Չկա գործով որևէ կասկածյալ ու մեղադրյալ։ Արդեն հայտնի փաստերի մասին տեղեկացնելուց բացի, ի՞նչ ուղղությամբ են աշխատում իրավապահ մարմինները ողբերգական պայթյունից հետո: Համենայն դեպս, Դատախազության այսօրվա հայտարարությունից հնարավոր չէ կռահել, նկատում է փորձագետ Բաբկեն Պիպոյանը։
«Դատախազությունն ինչի մասին որ պիտի խոսեր, դեռ չի խոսել: Ես չգիտեմ` ինչ կա հարուցած, որովհետև մենակ ռելիզով չեմ կարող ասել, կարող է այնտեղ աշխատանք է տարվում մեղադրանքի հետ կապված: Չի բացառվում` ինչ-որ մեկն այնտեղ ցուցմունք է տվել: Ես կարող եմ ասել` Դատախազությունն այսօր հասարակությանը պետք է ասի ավելի շատ բան, քան ասել է այսօր, իսկ եթե այլ բան չունի ասելու, դա նշանակում է, որ չի գնում այն ուղղությամբ, որով պիտի գնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Տեղի ունեցածը դժբա՞խտ դեպք էր, թե՞ կան մեղադրանքի հստակ ուղղություններ, փորձագետն ասում է` առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունից մոտ 2 շաբաթ անց Դատախազությունը հենց այս հարցերի պատասխանը պետք է տար. «Թե ըստ էության որտեղից է սկսել, ինչ է եղել, ովքեր են եղել ներգրավված, ինչ մարդիկ են, այլ մարդիկ են եղել ներգրավված, որովհետև մենք գիտենք, որ կան բազմաթիվ հրդեհային խնդիրներ, բայց որն է եղել ի վերջո պատճառը, սրա մասին չկա` քննությունը պարզո՞ւմ է, չի՞ պարզում»:
Դատախազությունը նաև սեղմ ժամկետում առաջարկում է քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում ստուգումներ անելու հարցը, ինչպես նաև առաջարկում է պարզել՝ արդյո՞ք երկրի տարածքի մյուս առևտրի սրահները, որտեղ կան հրագործական արտադրատեսակներ, պահպանում են արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հրամանի պահանջները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից հետո առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվելՍպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետն ասում է՝ այս մասին Դատախազության փոխարեն պետք է խոսեր կառավարությունը, ընդ որում դեպքից անմիջապես հետո. «Մենք ունեցել ենք ողբերգական դեպք, և ամբողջ համակարգը պետք է լծվեր այս գործին, անգամ չքննարկվեց, որ պետությունը հասկանա` իր մեղավորության չափը որքան է, աշխատանքային խումբ անեն, հասկանան` ոնց են անելու, որ վաղը, մյուս օրը մյուս տեղերում այս խնդիրը չլինի: Սրա հետ կապված որևէ քննարկում կառավարությունը չունեցավ:
Մենք ունենք 15-16 զոհ, և պետությունը չի քննարկում անվտանգության համակարգի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հարց»:
Պայթյունից օրեր անց կառավարության նիստին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում անվտանգության կանոնների պահպանության գործում պետք է գնալ նոր չափանիշների, և այս հարցում չպետք է լինեն փոխզիջումներ, խոստովանելով, որ խնդիրները կաթիլ-կաթիլ կուտակվում են ու ի վերջո պայթում։ Այս հայտարարությունից հետո առայժմ հայտնի չէ, թե ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ կառավարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարկավոր է կոշտ կառավարում իրականացնել, հակառակ դեպքում նման աղետներ լինում են ու լինելու են․ Լևոն ԲարսեղյանԴատախազության այսօրվա հայտարարությունից հետո տեսչական մարմնից ասացին, որ ստուգումներ դեռ մինչև Դատախազության միջնորդությունը արդեն սկսել էին խոշոր առևտրի կենտրոններում, այդ թվում` «Փեթակում» և Ոսկու շուկայում։
«Նախատեսում էինք «Սուրմալու» առևտրի կենտրոնում նորից ստուգումը, արդեն մեր սահմանած ժամանակացույցից առաջ ավելի շուտ իրականացնել վերստուգումը, ու ըստ այդմ կասեցման գործընթաց միջնորդությունը մենք ներկայացնեինք», - ասաց տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնն այժմ փակ է, որոնողափրկարարական աշխատանքներն այնտեղ դադարեցված են։