Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ում դադարեցվեցին որոնողական աշխատանքները, անհետ կորած Վանիկ Ամիրխանյանի մարմինը չի հայտնաբերվել


«Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից 10 օր անց, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր դադարեցրեց որոնողական աշխատանքները։ 16 զոհերի դիերը դուրս բերելուց հետո փրկարարներն անհետ կորած վերջին անձին՝ 55-ամյա Վանիկ Ամիրխանյանին, այդպես էլ չգտան։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասում է՝ վերջին 4 օրերին փրկարարները հենց նրան են որոնել, տղամարդը «Սուրմալու»-ի աշխատակից էր։

«Վերջին օրերին որոնողական աշխատանքները իրականացվել են բուն պայթյունի վայրում, մեզ փոխանցված տեսանյութերի ու քաղաքացիների պնդումների միջոցով տեղորոշվել է այդ վայրը և իրականացվել են որոնողական աշխատանքներ, եղել են հատվածներ տվյալ մասում, որտեղ մենք կրկնակի զննում ենք արել, որպեսզի բացառենք որևիցե մի հատված, որտեղ տեսականորեն կարող էինք բացթողումներ ունենալ: Աշխատանքները իրականացվել են ամբողջ ծավալով, ցավոք, քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել», - ասաց Կոստանյանը:

ԱԻՆ-ի տվյալներով՝ դեպքից հետո՝ 43 ժամվա ընթացքում, փրկարարները փլատակներից 26 քաղաքացու են դուրս բերել, որոնցից 10-ը՝ ողջ, 16-ը՝ մահացած, նրանց թվում էր նաև հղի կինն իր 5-ամայ որդու հետ։

Իսկ ի՞նչ է լինելու պայթյունից տուժածներին փոխհատուցելու հարցը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այս պահին քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից ֆիզիկապես տուժածներին և զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցը։ Այս պահին այլ մանրամասներ նախարարությունը չունի։ Իսկ Քննչական կոմիտեի այս պահի տվյալներով՝ մարմնական վնասվածք է ստացել 56 քաղաքացի։

Կրպակներն ու միլիոնավոր դրամների գույքը կորցրած ձեռնարկատերերին կառավարությունը փոխհատուցում չի տրամադրի։ Կոմիտեի տվյալներով՝ այս պահին այդ վիճակում հայտնված տնտեսվարողների թիվը 36-ն է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ եթե նրանք իրենց գույքն ապահովագրած լինեին, ապահովագրական ընկերությունից կարող էին փոխհատուցում ստանալ։

«Գրագետ բիզնեսները դա անում են, այսինքն, ապահովագրել են իրենց տարածքը, գույքը հրդեհից և այլնից, բնականաբար, այս դեպքում հատուցելի կլիներ: Եթե ինչ-որ մեկը արել է, մարդկանց մի մասն էլ չի արել, ապա կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել՝ փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը, ու եթե գործարարը չի համարել այդ ռիսկը մեծ, ապա այստեղ կառավարությունն անելիք չունի», - նշեց Վահան Քերոբյանը:

«Խորը փակուղում ենք, չգիտենք ինչ անել, ինչպես ապրել»

«Աչքներիս առաջ մոխրացավ մի քանի հարյուր քմ-անոց մեր տարածքը, շուրջ 300 միլիոն դրամի վնաս կրեցինք, այսօր խորը փակուղում ենք, չգիտենք ինչ անել, ինչպես ապրել», - «Ազտության» հետ զրույցում պատմեց Աբրահամ Միքայելյանը, որը «Գոհար Առաքելյան» ԱՁ-ի լիազոր ներկայացուցիչն է։ Ասում է՝ արդեն հերքել են լուրերը, որ պայթյունն իրենց պահեստում է եղել։ Հավելեց, իրենք մանրածախ այլ իրերի հետ ներկրում ու վաճառում են նաև միայն տորթերի վրա դրվող փոքրիկ հրավառ պարագաներ։

Պահեստում եղած արկղերում էլ հենց դրանք են եղել։ Դրանք չէին կարող պայթյունի պատճառ դառնալ, վստահ է նա։ Լսել է, որ կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցել իրենց վնասները, հարցնում է՝ ինչո՞ւ։

«Ներմուծում ունեմ մեծ քանակի, վաճառք ունեմ և մնացորդ, միլիոնավոր մքասատուրք եմ չէ՞ վճարել և ավելացված արժեքի հարկ: Հիմա փորձելու եմ ամեն ինչ անել ու պատրաստ եմ մինչև վերջ գնալու՝ առաջին ատյանի դատարանից սկսած վճռաբեկով վերջացրած: Ես պետությունից պահանջելու եմ գոնե իմ վճարած գումարները, նման օրենք չկա, էդ դեպքում հետ տալ մաքսատուրքը, բայց ես ուզում եմ, որպեսզի ինչ-որ մի բան, մի միջոց պետությունը տուժողների համար կամ չգիտեմ ոնց որ ստացվի, գոնե բացառություն անեն», - ասաց Աբրահամ Միքայելյանը:

«Ազատության» զրուցակցի խոսքով՝ շուկայի մյուս ծայրում է գործում նաև իրենց խանութը, որն էլ անցած տարի եղած հրդեհից էր ամբողջությամբ այրվել։ Տոնավաճառի տնօրինությունը միայն 4 պատ է կանգնեցրել ու մի քանի ամսվա վարձը չի գանձել, մնացածն, ասում է, իրենք են արել։ Վստահ է, որ նույնն է լինելու նաև հիմա, ու կրկին իրենք խոշոր վնասներով են դուրս գալու։

Իսկ ամսական 800 հազար դրամի դիմաց, ըստ Միքայելյանի, գրեթե ոչ մի սպասարկում չեն ստացել, դա պայմանագրում էլ չկար. «Եթե խոսքը գնում ա պայթած շենքի մասին, միայն շենքային տարածք, 4 պատ ու հոսանք լամպչկաներով, ուրիշ ոչ մի բան: Խոսք չի կարող գնալ մաքրման ու սանհանգույցի մասին»:

Տնտեսվարողը վստահ է, որ կառավարությունը պետք է օգնի իրենց ու պատրաստ է այդ հայցով նաև դատարան դիմել։ Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ գործարարները չպետք է ակնկալեն, որ գույքը չապահովագրելու իրենց բացթողումը պետք է կառավարությունը լրացնի։

Մինչ շուկայի վարձակալներն դեռ մտածում են՝ ինչ անեն, ինչպես ապրեն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է՝ պայթյունից վնասված շենքը շարունակում է փլուզման վտանգի տակ մնալ, սակայն դրա ճակատագիրը պետք է սեփականատերը որոշի, պետք է դիմի մասնագիտացված ընկերությունների ու ապամոնտաժի այն։

Սեփականատիրոջը չեն հանդիպել ո՛չ շուկայի աշխատակիցները, ո՛չ ԱԻն նախարարը, ո՛չ փաստորեն իրավապահները։ Դեպքից ավելի քան 10 օր անց նա դեռ չի հարցաքննվել։ Հարցաքննված 100 մարդկանցից 60-ը տուժող է ճանաչվել։ Դեպքից 10-ն օր անց, սակայն, դեռ ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, ոչ էլ ձերբակալված անձ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG