Մատչելիության հղումներ

Դատախազը «Երևանի պահածոների գործարանի» գործունեությունը դադարեցնելու միջնորդագիր է ներկայացրել


Փրկարարներն ու կամավորները պայթյունի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում, 14-ը օգոտժստոսի, 2022թ․
Փրկարարներն ու կամավորները պայթյունի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում, 14-ը օգոտժստոսի, 2022թ․

Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը «Երևանի պահածոների գործարան» ընկերության գործունեությունը դադարեցնելու միջնորդագիր է ներկայացրել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը նշում է, որ դեռ 2021 թվականին ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտում։ Եվ դեռ այն ժամանակ պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, «ինչը չի թույլատրվում հրդեհային անվտանգության սահմանված կանոններով»։

Օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներ և կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվել, իսկ արձանագրված բազմաթիվ խախտումներն արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել:

Նմանատիպ նոր դեպքերը բացառելու նպատակով՝ Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է նաև սեղմ ժամկետում քննարկել Երևանի խոշոր առևտրի կենտրոններում ստուգումներ իրականացնելու, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքով առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքն արգելելու հարցը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 տարեկան երեխա և հղի կին, ավելի քան վեց տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի 10-րդ օրը որոնողականա աշխատանքները դադարեցվեցին, անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի դին այդպես էլ չհայտնաբերվեց։ «Սուրմալուի» պայթյունից ավելի քան մեկ շաբաթ անց գործով որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա։ Մինչ այս պահը չի հարցաքննվել նաև առևտրի կենտրոնի սեփականատերը։

XS
SM
MD
LG