Մատչելիության հղումներ

ԱԻՆ աշխատանքները կդադարեցվեն, երբ կա՛մ կհայտնաբերվի որոնվող անձը, կա՛մ որոշում կկայացվի, որ այլևս անիմաստ են որոնումները. նախարար


Ներկա պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկրարական աշխատանքները շարունակվում են, ունենք հայտնաբերված 16 դի, այսօր մեկ անձը նույնպես նույնականացվեց, կա մեկ անհետ կորած, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Որոնողափրկրարական աշխատանքները շարունակվում են

«Ներկա պահին որոնողափրկրարական աշխատանքները շարունակվում են, ունենք հայտնաբերված 16 դի, այսօր մեկ անձը նույնպես նույնականացվեց, այսինքն` ունենք 16 զոհ, կա մեկ անհետ կորած», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ապամոնտաժման հետ կապված ԱԻՆ աշխատանքները կդադարեցվեն այն պահին, երբ կա՛մ կհայտնաբերվի որոնվող անձը, կա՛մ որոշում կկայացվի, որ այլևս անիմաստ է իրականացնել որոնողափրկրարական աշխատանքներ, այդ դեպքում այդ հարցերը պետք է հավելյալ քննարկվեն, և հասկացվի, թե որ գերատեսչությունը կամ գուցե մասնավորը պետք է իրականացնի այդ ապամոնտաժումը», - նշեց նա:

«Ներկա պահին կա դեռ 40-50 քառակուսի մետր մակերեսով հատված, որտեղ ենթադրում ենք, որ նաև այդտեղ կարող է հայտնաբերվել, և այդ աշխատանքներն իրականացնում ենք: Վաղը ամբողջությամբ այդ հատվածը նույնպես մենք կիրականացնենք զննում, մաքրման աշխատանքներ են գնում, և եթե չհայտնաբերվի, այդ պարագայում մենք պետք է կայացնենք որոշում», - հավելեց նախարարը:

«Մենք ընդամենը նշել ենք ոչ մի վայրկյան դադար, այդ թեզն իրականություն է եղել»

Օգտատերերը բացի շնորհակալական խոսքերը, նաև հարցադրում էին արել, թե ԱԻՆ-ը ուշ է ժամանել դեպքի վայր:

«Մենք ահազանգը ստացել ենք 13:23, և մեր մարտական հաշվարկները 13:30 արդեն տեղում են եղել, ես զանգը ստանալուն պես, ինչպես նաև մյուս ղեկավար կազմը, որոնք տեղեկացել են ահազանգի, դեպքի մասին, մենք մինչև 20 րոպե հետո եղել ենք դեպքի վայրում:

20 րոպեում մենք ենք հասել, բայց 7 րոպեում հասել են {փրկարարները, հրշեջները}, որը մեր բոլոր ստանդարտներով հենց այդքան էլ նախատեսված է, որ մինչև նշված դեպքի վայրը հասնելու համար այդ 7 րոպեն նախատեսված է», - պատասխանեց Փամբուխչյանը:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ֆեյսբուքյան գրառմամբ PR է արել, նա ասաց` հուզական գրառումներ չի արել. «Մենք ընդամենը նշել ենք ոչ մի վայրկյան դադար, այդ թեզն իրականություն է եղել, չի եղել PR: Մենք 4 օր առանց դադարի աշխատել ենք»:

«Նշված հատվածը, որտեղ եղել է Տիգրան Ավինյանը կամ մեր մյուս ՔՊ-ական գործընկերները, թույլատրելի տարածք է եղել»

Մեկ այլ հարցին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, այդ թվում` նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեպքի վայր են այցելել` այս դժբախտ պատահարը որպես PR օգտագործելով, այս նույն քաղաքական ուժի ներկայացուցիչն արձագանքեց. «Նշված հատվածը, որտեղ եղել է Տիգրան Ավինյանը կամ մեր մյուս ՔՊ-ական գործընկերները, թույլատրելի տարածք է եղել, և եթե լրագրողը հարց է ուղղում, թե Դուք ինչո՞ւ եք այստեղ, արդյոք դուք թեկնածուն եք և այլն, ազնիվ պատասխանում է, որ ՔՊ վարչոթյունը ունի որոշում, որ առաջադրի Տիգրան Ավինյանի թեկնածությունը Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին: Մեր մյուս գործընկերները, ում ես հանդիպել եմ այնտեղ, իրենց օգնությունն են առաջարկել, եկել են իրենց աջակցությունը հայտնելու, եթե որևէ հարցում պիտանի լինեին, մենք նաև հենվեինք իրենց վրա»:

«Եթե ներկա պահին ճանապարհը միակողմանի բացվի, մեր աշխատանքներին չի խոչընդոտի»

«Փեթակի» աշխատողներից մեկի հարցին, թե ե՞րբ է բացվելու առևտրի կենտրոնը, ինչպես նաև ճանապարհը, ԱԻ նախարարն ասաց. «Մենք այսօր կատարել ենք վերլուծություն, որ ներկա պահին ճանապարհը միակողմանի բացվի, մեր աշխատանքներին չի խոչընդոտի, բայց մեզանից բացի, այնտեղ նաև նախաքննական գործառույթներ են իրականացվում»:

Նա հավելեց, որ շուտով աշխատանքային խումբը որոշում կկայացնի այս հարցով:

Նաև օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչու էին փրկարարներն առանց ռեսպիրատոր դիմակի և համապատասխան հագուստի:

«Հրշեջ փրկարարները, որ հենց գործում էին ծխապատ գոտում, իրենք ունեն համապատասխան հագուստ, նաև թթվածին և բնականաբար ապահովված են բոլոր այդ միջոցներով, իսկ այն մեր փրկարարները, որոնք իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ կամ նախապատրաստվում էին որոնողափրկարարական աշխատանքներին, իրենք սովորական դիմակներով են եղել, չեն ունեցել համապատասխան հագուստ, որովհետև միջազգային ստանդարտներով եթե շարժվենք, մինչև չի հեռացվում այդ ծխապատ գոտին, մինչև չի մարվում հրդեհն ամբողջությամբ, չեն իրականացվում այդպիսի ծավալով որոնողափրկարարական աշխատանքներ: Մենք, նաև հաշվի առնելով մեր հայրենակիցների էմոցիոնալ բարձր ֆոնը, իրավիճակը, զուգահեռ սկսել ենք այդ աշխատանքներն իրականացնել, և բնականաբար, այդ ծխահարումները առողջությանը լուրջ վնաս չեն ներկայացրել», - հավաստիացրեց Փամբուխչյանը:

Դիտարկումները, թե ինքը պետք է հրաժարական ներկայացնի, նախարարը չմեկնաբանեց:

«49 ժամ հետո տվել ենք մեկուսացում և 53 ժամ անց տվել ենք ամբողջական մարում»

«Մենք պատշաճ իրականացրել ենք ... 49 ժամ հետո տվել ենք մեկուսացում և 53 ժամ անց տվել ենք ամբողջական մարում: Մենք 44 ժամվա ընթացքում կարողացել ենք փլատակներից դուրս բերել 16 դի, և առաջիկա երկու ժամերի ընթացքում փրկել 10 քաղաքացու կյանք: Եվ եթե այս ստանդարտները ոչ պատշաճ իրականացվեին, այն երկու քույրերը, որոնք փրկվեցին, բոլոր այդ ստանդարտներով եթե շարժվեինք, և ոչ սրտացավ մոտեցում լիներ, իրենց այդ հատվածում իրականացնելու որոնողափրկարարական աշխատանքները պետք է գրեթե բացառվեին, բայց մենք մոտավոր գիտեինք իրենց գտնվելու վայրը, գնացել ենք այդ ռիսկին և իրականացրել ենք, և բարեբախտաբար մենք իրենց փրկել ենք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG