Մատչելիության հղումներ

Փրկարարները շարունակում են որոնել անհետ կորած Վանիկ Ամիրխանյանին


Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում «Սուրմալու» առևտրական կենտրոնի փլատակներում։ 17-ը օգոստոսի, 2022 թ.։
Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում «Սուրմալու» առևտրական կենտրոնի փլատակներում։ 17-ը օգոստոսի, 2022 թ.։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից 8 օր անց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անհետ կորած Վանիկ Ամիրխանյանին գտնելու համար։

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը թեև թերահավետ է, այդուահնդերձ ասում է, որ փրկարարներն առաջ են գնումէ բացառելով բոլոր հնարավոր վայրերը։ Ըստ մասնագիտական վերլուծության, ջերմաստիճանը տեղում հասել է մինչև 1000 աստիճանի։

Եմիշյանի խոսքով, առայժմ ավելի քան մեկ մետր բարձրությամբ մոխիր են միայն հայտնաբերել. - «Տեղերում, էդ հարկերի մեջ մետր-մետրուկես մոխիր ա եղել։ Էդ մոխրի մեջ մենք ման էինք գալիս մասունքներ, ոչ թե ամբողջական մարմին։ Եվ դա էլ չենք կարողացել գտնել էն հատվածում, որտեղ որ պիտի լիներ»։

Տարածքի մեծ մասն արդեն իսկ ուսումնասիրվել է։ Հստակ չեն նշում, թե երբ կավարտեն որոնողական աշխատանքերը, չեն բացառում՝ գուցե նաև վաղը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Խոսքը Գագիկ Կառլենի Կարապետյանի մասին է։

Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգակական պայթյունը խլեց 16 մարդու կյանք, նրանք բոլորն արդեն նույնականացված են։

«Սուրմալուի» տարածքում այսօր տեխնիկայի կիրառմամբ շարունակվում են նաև պայթյունից կիսափլուզված շենքից կախված բեկորներն առանձնացնելու աշխատանքները։

«Էս պահին փլուզման վտանգ չկա», - վստահեցրեց Եմիշյանը։

«Սուրմալու»-ի պայթյունից 8 օր անց գործով անցնող մեղադրյալներ դեռ չկան. իրավապահները ո՛չ կասկածյալների շրջանակ են պարզել, ո՛չ էլ հարցաքննել են առևտրի կենտրոնի սեփականատերերին։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ տարածքում քննչական աշխատանքները շարունակվում են։ Թե երբ կավարտվեն դրանք և վստա՞հ են արդյոք, որ այս ընթացքում պատասխանատուները չեն լքի երկիրը, իրավապահ մարմինները չեն մանրամասնում։

Փրկարարների աշխատանքին զուգահեռ այսօր պայթած շենքի հարևանությամբ բողոքի ակցիայի էին դուրս եկել «Սուրմալու»-ի դիմացի մայթին գործող «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները։ Պայթյունից հետո այս առևտրի կենտրոնը ևս փակ է։ Վրդովված առևտրականներն ու վաճառողները պահանջում էին հանել սահմանափակումները։

Անհատ ձեռներեց Սարգիս Ղազարյանը մտահոգ է. առևտրի կենտրոնի փակ լինելու պատճառով տնտեսվարողները ֆինանսական վնասներ են կրում. - «Բոլորս ցավում ենք։ Մեր սիրտը ցավում ա դրանից։ Ժողովուրդ ջան, հասկացեք։ Բայց պետք ա ապրեն էլ չէ՞ ժողովուրդը... Ստեղ ում տենում եք, սաղ վարկի տակ են»։

«Ազատության» հարցին, թե մտավախություն չունեն, որ գուցե անվտանգության նկատառումներով է «Փեթակը» փակ, առևտրականներն արձագանքում էին, թե տոնավաճառի տնօրինությունն անվտանգային պայմաններն ապահովել է. - «Հարյուր տոկոսանոց ձեզ բան եմ ասում։ Մենք ամեն ինչը նայել ենք։ Մենք չենք էթա նենք տեղ մտնենք, որ մեր ժողովրդին էլ վնաս ըլնի։ Եթե անվտանգությունը մեր չպահենք, մենք ո՞նց կասենք բացենք, ինչ-որ էս ժողովուրդը աշխատի»։

Տնօրինությունից, այդուհանդերձ, այդպես էլ չցանկացան շփվել լրագրողների հետ և պազաբանել՝ կան արդյո՞ք այս տարածքում հրավտանգ նյութեր, որոնք, ըստ նախնական վարկածի, պայթյունի պատճառ դարձան դիմացի մայթին։

«Փեթակի» աշխատակիցներից Արմեն Եսայանը «Ազատության» այս հարցին հակադարձեց. - «Իսկ մեկ շաբաթվա ընթացքուն ո՞վ է իրավապահ տեսել հենց «Փեթակի» ներսում։ Մի շաբաթվա մեջ ի՞նչ են արել։ Ոչ մի բան էլ չեն արել, ոչ մեկը ելումուտ չի ունեցել»։

ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ ելքեր են փնտրում։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ առևտրի կենտրոնը կբացվի այն ժամանակ, երբ տարածքում ավարտվեն քննչական գործողությունները։ Հարցը, թե երբ, անպատասխան մնաց։

XS
SM
MD
LG