«Սուրմալու»-ի գործով ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չկա»․ ՔԿ ղեկավար

Շարունակվում են աշխատանքները՝ անհետ կորած քաղաքացուն գտնելու համար

Արմեն Փամբուխչյան

Որոնողական աշխատանքներն ինտեսիվ կատարվում են երկու հատվածներում՝ անհետ կորած քաղաքացուն գտնելու համար, կառավարության նիստի ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Ներկա պահին, նրա խոսքով, կիսականգուն շենքում կատարվում են միայն հովացման աշխատանքներ, քանի որ տարածքից դեռ գոլորշի է դուրս գալիս։

Ամփոփելով չորս օրերին իրականացվածը՝ նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ փլատակներից հանվել է 26 քաղաքացի, 16-ը՝ զոհված։ 10 փրկվածները, Փամբուխչյանի խոսքով, տարհանվել են առաջիկա երկու ժամվա ընթացքում։ Որոնողա-փրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար, կիրառվել է 60 տեխնիկա, ինչպես նաև 2 ԱԹՍ։

«16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկ հոգի կա չնույնականացված։ Ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ մեկ անհետ կորածն է։ Մենք ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավելի տոկոսը և մոտցել ենք բուն էպիկենտրոնային գոտում և այնտեղ ենք իրականացնում որոնողական աշխատանքները», - ասաց Փամբուխչյանը՝ նկատելով՝ հաշվի առնելով, որ նա գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացուն հայտնաբերելը։

Նախարարը նշեց, որ փրկարարական աշխատանքներին մասնակցել է ընդհանուր 382, ինչպես նաև Հայկական կարմիր խաչի ընկերության 201 կամավոր։

4 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցում

Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ամփոփելով՝ ասաց, որ դեպքից հետո ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, 58-ն առողջացումով դուրս է գրվել, այս պահին 4 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցում, նրանց առողջական վիճակն, ըստ նախարարի, բավարար է։

«Առաջիկայում դուրս կգրվեն։ Հիմնականում եղել են կոտրվածքներ, այրվածքներ, քերծվածքներ», - ասաց նախարարը՝ նշելով, որ բուժօգնությունն ու վիրահատությունները կատարվել են պետպատվերի շրջանակում։

Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվել

Արգիշտի Քյարամյան

Վարչապետի հարցին, թե դիտարկվե՞լ են ահաբեկչական գործողության կամ դիտավորության վարկածները, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվել, այդ թվում՝ ահաբեկչության, սակայն ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չկա։

«Քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորության հանցակազմի առկայության վերաբերյալ։ Գործում առկա տվյալներն ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ», - ասաց ՔԿ ղեկավարը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի առնչությամբ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ 50-ից ավելի մարդ արդեն հարցաքննվել է։ Առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։ Հայաստանում երեկ և այսօր սուգ է հայտարարված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվեցին․ կա առնվազն 16 զոհ, մեկ անհետ կորածի դին չհայտնաբերվեց