Որոնողական աշխատանքները վերսկսվել են, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ նշելով՝ այս պահի դրությամբ կա16 զոհ և երկու անհայտ կորած։
Աշխատանքները գիշերը դադարեցվել էին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Տարածքը 90 տոկոսով մաքրված է, ասաց փոխնախարարը՝ նշելով՝ որոշ հատվածներում այսօր էլ փրկարարական և մաքրման աշխատանքները կշարունակվեն և կմնա միայն կանգուն մնացած շենքի հարցը։ Երեկ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանն ասել էր, որ շենքի փլուզման վտանգ կա և այնտեղ որոնողական աշխատանքներ իրականացնելը խիստ վտանգավոր է փրկարարների համար։
«Այստեղ ավելի լայն ներգրավման քայլեր է նախատեսվում, որը կանենք մեր գործընկեր գերատեսչությունների հետ միասին։ Հիմնականում մեկ հոգուն գտնելու փրկարարական աշխատանքներ են կատարվում, որովհետև մյուս աճյունը, որը գտնվել է և դեռևս չի նույնականացվել, հետևաբար այս պահին խոսում ենք երկու անհայտ կորածի մասին», - այսօր ասաց փոխնախարարը։
Համբարյանի խոսքով՝ իրենց խնդիրն է կիսականգուն շենքի հարակից տարածքների վերջնական մաքրումը և մեկ անհետ կորածին հայտնաբերելը։
«Որոշ մասնագետներ եկել են, երեկ նայել են՝ կարող է որոշ հատվածներում ավելի մոտենալու կամ տեղատեսություն կատարելու հնարավորություն լինի, որը մենք կփորձենք այսօր իրականացնել, բայց, ըստ էության, դժվար է լինելու ինչ-որ բան պարզել շենքի ներսում, մեր խնդիրն է շենքի հարակից տարածքների վերջնական մաքրումը և հասկանալը ենթադրյալ վայրում կա մեկ զոհը, թե ոչ», - ասաց փոխնախարարը։