Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ի պահեստում մոտ չորս տոննա պայթուցիկ նյութ է եղել. հայտարարում են նախարարն ու իշխող ուժի ներկայացուցիչը


ԱԻ-ի նախարարը դեպքի վայրում, օգոստոսի 14, 2022թ., Երևան
ԱԻ-ի նախարարը դեպքի վայրում, օգոստոսի 14, 2022թ., Երևան

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստում մոտ չորս տոննա պայթուցիկ նյութ է եղել։ Արտակարգ իրավիճակների նախարարի երեկ հայտնած այս թիվը այսօր կրկնել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, ով այսօր դեպքի վայրում է եղել, ինչպես ինքն է հայտարարել, որպես իշխող ուժի քաղաքապետի թեկնածու։

«Մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ մի տեղ և մեկ փոքր կայծը նմանատիպ հետևանքների կարող է բերել, և ես կրկին ասում եմ, որ հիմնական մեր խնդիրը նմանատիպ նյութերի պահպանումն ու օգտագործումն է», - ասաց նա։

Այս տեղեկությունը երեկ երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտնել էր ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ պայթուցիկ նյութերի մասին է խոսքը, ինչ պայմաններում և ինչու են պահվել այդ տարածքում, և որտեղից այդ հաշվարկները։

ԱԻՆ-ից լրացուցիչ ինֆորացիայի համար հորդորեցին դիմել Ոստիկանություն։ Ոստիկանությունը հղում է կատարում Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին, ՔԿ-ից պարզաբանում են՝ գործը նախաքննության փուլում է, և այս փուլում ավելին քան արդեն ասվել է, փոխանցել չեն կարող։

Ավինյանի այսօրվա ճեպազրույցում այն շեշտադրումն էր, որ խոսքը հենց հրավառություների համար նախատեսված պայթուցիկ նյութերի մասին է. «Շատ սթափեցնող և ցավալի բան էր, որը տեղի ունեցավ, և ես վստահ եմ, որ նաև սա առիթ է տալու՝ մտածելու նմանատիպ նյութերի պահպանման վերաբերյալ, մեր մշակույթում մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառության օգտագործման վերաբերյալ»։

Ըստ Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության՝ անցած տարի Հայաստան է ներմուծվել 7 մլն հատ հրավառելիք, 2020-ին, մինչդեռ, ներմուծումը հինգ անգամ ավելի շատ է եղել՝ շուրջ 40 մլն հատ։ Այս վիճակագրության մեջ են մտնում բենգալյան կրակից մինչև տոնակատարությունների ժամանակ կիրառված մեծ հրավառությունների համար նախատեսված ճայթուկները։ Այս տարվա տվյալները դեռ ամփոփված չեն։ Եթե անգամ ներմուծված հրավառելիքի մեծ մասը չի իրացվել և պահեստավորված է եղել «Սուրմալուի» տարածքում, կարո՞ղ էր այդ թիվը հասնել 4 տոննայի։ Եթե խոսքը նախորդ տարիներից մնացած խմբաքանակների մասին էր, ժամկետանց լինելու խնդիր չի՞ առաջանում արդյոք, պատկան մարմինները այս հարցերին չեն պատասխանում։ Անպատասխան են մնում նաև հարցերը, թե տարածքում այլ տեսակի պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքավորումներ եղե՞լ են, որոնք կարող էին հանգեցնել նման մասշտաբի պայթյունի։

XS
SM
MD
LG