Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարված՝ առավոտից տասնյակ մարդիկ ծաղիկներ են բերում առևտրի կենտրոնից քիչ հեռու, որտեղ չորս օր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Դեպքի վայրին մոտենալ հնարավոր չէ․ փրկարարները շարունակում են աշխատանքը:
«Շենքի անմիջական շրջակայքում կան փլատակներ, հիմա մենք որոնողական աշխատանքներ փորձելու ենք իրականացնել այդ փլատակների շրջակայքում և փլատակների տակ: Մասնագետներ ենք հրավիրել նախարարության սեյսմիկ ծառայությունից, ինչպես նաև մասնավոր ընկերությունից, խորհրդատվություն ենք իրականացնում, թե ինչպես կատարենք որոնողական աշխատանքները, որ հավելյալ վնասներ չպատճառենք, նաև մեր մասնագետները չտուժեն որևէ կերպ», - ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը:
Մոտ 3000 քառակուսի մետր տարածքով եռահարկ շինության պայթյունի հետևանքով երկու քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում։ 16 Զոհերից մեկի անձը, սակայն, դեռ չի նույնականացվել, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ենթադրում է՝ այդ քաղաքացին հենց անհետ կորածներից մեկն է:
«Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար, ունենք մեկ անհետ կորած քաղաքացի», - նշեց Գրիգորյանը:
Վնասված տարածքի շուրջ 70 տոկոսն արդեն մաքրվել է, տեղեկացրեց փոխնախարարը։ Որոնողական աշխատանքներից հետո էլ շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։ Ողբերգական պատահարից ընդհանուր 62 քաղաքացի էր տուժել։ 7-ը դեռ շարունակում են բուժումը տարբեր հիվանդանոցներում։