Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքները դադարեցվել են, կշարունակվեն լույսը բացվելուն պես. ԱԻՆ խոսնակ


«Սուրմալու» առևտրի կենտրոնում այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Այն տեղանքը, որտեղ եղել է ենթադրյալ պայթյունը, այդ հատվածում մենք ունենք վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, ու շատբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն: Լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն», - նշեց ԱԻՆ խոսնակը:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել ընդհանուր թվով 26 քաղաքացու, որոնց 16-ը՝ մահացած: Զոհերից մեկի անձը դեռ չի նույնականացվել, մի քանի օր է պետք՝ ինքնությունը պարզելու համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ենթադրում է՝ այդ քաղաքացին հենց անհետ կորածներից մեկն է:

Այս պահին որոնվում է մեկ անհետ կորած, ով, ըստ Կոստանյանի, այդ պահին գտնվել է պայթյունի գոտում:

«Երբ որ կգտնենք քաղաքացուն, այդքանով ԱԻՆ-ի աշխատանքները կավարտվեն դրանից հետո հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից, կարծում եմ, շենքի ապամոնտաժման հարցը կլուծվի», - հայտնեց խոսնակը:

Գիշերվա ընթացքում կլինի հերթապահություն, որպեսզի եթե նորից կրակ լինի, իրականացվեն հովացման աշխատանքներ, ընդգծեց Հայկ Կոստանյանը:

XS
SM
MD
LG