«Օրենքը փողի, ուժի կողմն է». Ջուլիետա Ղուկասյանի դուստրն ու Սաքունցը դժգոհ են դատավարության ձգձգումից

Գյումրիում երեք տարի առաջ դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ գործով դատաքննությունը դոփում է տեղում։ Գործը, որով մեղադրյալ է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողը, արդեն երրորդ դատավորին է փոխանցվում, իսկ նիստեր դեկտեմբերից ի վեր չեն անցկացվել։ Ութ ամիս նիստ չանցկացնելուց հետո անավարտ գործը վերջերս փոխանցվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Արամայիս Ասատրյանին, որը նիստերը Մարալիկում է նշանակել։

Մահացած Ջուլիետա Ղուկասյանի դստեր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը կարծում է, որ խախտվել է դատավարության ողջամիտ ժամկետը. «Ըստ էության, ռուսական բազայի հրամանատարը ռուսական կողմը` մի կողմից, հայկական կողմը` դատավորի փոփոխությամբ մյուս կողմից, հանգեցնում են նրան, որ իրապես գործի քննությունը և գործի քննության ողջամիտ ժամկետները խախտվում են: Ողջամիտ ժամկետում գործի քննությունը խախտված է, ես այդպես եմ գնահատում: Մենք առայժմ արձանագրում ենք դա, որ հետո եվրոպական դատարանում անպայման քննության առարկա կդարձնենք այլ խախտումների հետ միասին»:

Իրավապաշտպանը դատաքննության ձգձգումից բացի, խնդրահարույց է համարում նաև դատավորների հաճախակի փոփոխությունը:

«Ամեն մի նոր դատավոր, որ նշանակվում է, ինքը նորից պիտի սկսի գործի քննությունը, դա է օրենքի պահանջը, դա հենց այդ ողջամիտ ժամկետի խախտման կհանգեցնի անպայման», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հաջորդ նիստին միջնորդելու է, որ ամբաստանյալ Ռազգիլդեևը, որը նիստերին միշտ բազայի տարածքից՝ տեսակապի միջոցով է մասնակցել, հաջորդին բերվի դատարանի դահլիճ։ Սաքունցն ասում է՝ համավարակի ու անվտանգության հետ կապված ռուսական կողմի պատճառաբանություններն անհիմն են:

«Մենք արձանագրում ենք, որ անկախ իրավիճակի փոփոխությունից` կորոնավիրուս, որի հետ կապված հղում էր անում ռուսական բազայի հրամանատարը, որ վտանգ կա, այդ վտանգը չկա, որ Ռազգիլդեևը վարակվելու հետ կապված խնդիր չկա, ՀՀ դատարաններում դատական նիստերը ընթանում են, անվտանգային որևիցե այլ հարց այռավել ևս չկա», - շեշտեց նա:

Նոր դատավորը առաջին դատական նիստը նշանակել էր հուլիսի 26-ին, բայց այն դարձյալ հետաձգվել էր։ Անապահով պայմաններում ապրող Ջուլիետա Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան աշխատանքի գնալիս, նա Գյումրիի փողոցներում մաքրուհի էր աշխատում։ 57-ամյա կինը ստացած ծանր վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում։ Նրա հարազատները բազմիցս են ասել «Ազատությանը»՝ պատկերացում չունեն, թե ինչը կարող էր նման դաժան ծեծի պատճառ դառնալ, քանի որ մահացածը նույնիսկ չէր ճանաչում մեղադրյալին: Այս հարցերի պատասխանները չեն տրվել նաև արդեն երեք տարի ընթացող դատաքննության ընթացքում։

Ղուկասյանի դուստրը՝ Անահիտը պահանջում է, որ դատական նիստերը Գյումրիի նստավայր տեղափոխվեն, քանի որ ամեն նիստին Մարալիկ հասնելու հնարավորություն չունի:

«Ես պահանջում եմ, որ մեր դատարանում լինի: 4 տարի մեր դատարանում են եղել դատերը, հիմա էլ թող լինեն: Ճիշտ է` դժգոհ եմ` հեռավար էր, ռուսին չէին բերել, մի օր էլ դատարան չեն բերել: Այն ժամանակ իբր քովիդն էր, հիմա էլ հո քովիդ ճկա, որ հեռահար են անում: Իր խոսքը ավելի լավ են հաշվի առնում, քան իմ, որ այպիսի վիշտ եմ տեսել: Արդար դատավարությունը մեր դատարանում լինի, գոնե չգնամ, հասնեմ Մարալիկի գյուղերը, փողոցները մնամ: Ֆինանսից բացի, բայց եթե գնամ, հետ գալու մարշուդկա չլինի, ես պիտի մնամ փողոցները կամ ոտքով պիտի հետ գամ Մարալիկից: Դա էլ մեր օրենքի լավությունն է, ամեն կողմից մենք պիտի տուժվենք, ռուսն ավելի արտոնյալ է, քան ես», - ասաց նա:

Դատաքննության ավարտին սպասում էր Ջուլիետա Ղուկասյանի հաշմանդամ մայրը, որը վերջերս է մահացել:

«Ինվալիդ տատիկս այդ վշտից մահացա, առաջին կարգի ինվալիդ էր, անկողնային, չդիմացավ այս վշտին, 3 տարի ինչպե՞ս է դիմացել, դա էլ Աստված գիտի, ամեն օր արցունքն աչքերին, ամեն անգամ դատին գիտեր, թե ինչ-որ բան պիտի լինի, թե մենք օրենք ունենք էլի: Բայց խիստ կասկածում եմ, որ մենք օրենք ունեցել ենք: Օրենքը փողի, ուժի, թիկունքի կողմն է, չեն նայի, որ դու ես տուժել», - նկատեց Ջուլիետա Ղուկասյանի դուստրը:

Առայժմ հայտնի չէ, թե երբ կնշանակվի դատական հաջորդ նիստը։