Մատչելիության հղումներ

Ջուլիետա Ղուկասյանի գործով դատական նիստում ցուցմունքներ են տվել Անդրեյ Ռազգիլդեևի հորաքույրն ու նրա ամուսինը


Գյումրիում մոտ 3 տարի առաջ դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի գործով դատական նիստում այսօր ցուցմունքներ տվեցին ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի հորաքույրն ու նրա ամուսինը: Ռուսական ռազմաբազայի զինծառայողի հորաքույր Օլգա Կուզնեցովան պատմեց, որ 12 տարեկանից ինքն է մեծացրել մահացած եղբոր որդուն: Գյումրիում հենց իրենց վարձակալած բնակարանում էլ ապրել են միասին:

Կուզնեցովան պատմեց, որ դեպքի օրը, թե որ ժամին չի հիշում, Անդրեյն ընկերների հետ զբոսնելու է դուրս եկել, հետո հիշեց, որ ծառայակիցներից մեկի զորացրումն են նշել: Երբ է վերադարձել չգիտի, քանի որ ամուսինն է տան դուռը բացել: Հաջորդ առավոտ հորաքույրը արտառոց ոչինչ չի նկատել Անդրեյի պահվածքում՝ ուժեղ խումհար նրա մոտ չկար, պատասխանելով դատավորի հարցին ասաց Կուզնեցովան, բայց դեմքը փոքր ինչ այտուցված էր: Միասին նախաճաշել են ու թե երբ է տնից դուրս եկել չի նկատել: Հետո պատմեց Ռազգիլդեևի զանգի մասին:

«Նոր տանը վերանորոգում էի անում, տուն վերադարձա զանգեց զարմիկս, խնդրեց, որ լվանամ իր բաճկոնը: Նոյեմբերի էի լվացել իր բաճկոնը, և ես ասացի նրան՝ ինչո՞ւ նորից լվանամ, այն մաքուր է: Լվանալ չհասցրեցի, մինչ ես Անդրեյի բաճկոնը լվացքի մեքենա գցեցի, խուզարկությամբ եկան, ամեն ինչ անջատեցին», - պատմեց Օլգա Կուզնեցովան:

Հորաքույրն ասաց, որ եղբոր որդին զինվորական պոլիգոնից է զանգել իրեն ու խնդրել, որ բաճկոնը լվանա: Խուզարկությամբ Կուզնեցովաների բնակարանից առգրավվել են լվացքի մեքենայից հանված Անդրեյ Ռազգիլդեևի բաճկոնը, սպորտային կոշիկները և նույնիսկ անկողնային սպիտակեղենը: Ռազգիլդեևի պաշտպանը վկայից հետաքրքրվեց, թե բաճկոնի վրա արյան հետքեր եղե՞լ են, ցեխո՞տ էին, ինչին Կուզնեցովան բացասական պատասխան տվեց: Անդրեյի ձեռքերին արյան հետքեր ու քերծվածքներ էլ չի նկատել: Կուզնեցովայի ամուսինը՝ Ալեքսանդր Կուզնեցովը ևս 102-րդ ռազմաբազայի զինծառայող է և Գյումրիում է 2016 թվականից: Անդրեյ Ռազգիլդեևի հետ զորամասում է եղել, երբ նրան տարել են:

«Հաջորդ օրը Անդրեյին տարան զինմասից: հետո ասացին, որ իբր ինչ-որ մեկին է ծեծելու մեջ է մեղադրվում», - ասաց հորաքրոջ ամուսինը:

Դեպքից հետո մեղադրյալի առջև տան դուռը բացած Ալեքսանդր Կուզնեցովից մեղադրող դատախազ Արամ Եդիգարյանը հետաքրքրվեց՝ վերադարձին ի՞նչ վիճակում էր՝ սթա՞փ էր, թե՞ հարբած։ Վկան պատասխանեց՝ հարբած էր։

Ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը, որ Գյումրիի փողոցներում մաքրուհու աշխատանք էր կատարում, դաժան ծեծի էր ենթարկվել վաղ առավոտյան՝ աշխատանքի գնալիս։ Նրան առաջին բուժօգնության ցուցաբերած շտապբուժօգնության բժշկուհի Էլիզաբեթ Խումհարյանը շատ մանրամասներ չէր հիշում: Որոշ դրվագներ, սակայն, պատմեց։

«Բերանից արյան արտահոսք կար, դժվարությամբ էր բացում-փակում, ցավեր ուներ ծնոտի շրջանում։ Էս պահին չեմ հիշում արտաքինից ծնոտը վնասված էր, թե չէ, բայց հիշում եմ, որ բերանից արյունային արտադրություն կար։ Ինքը բավականին վատ վիճակում էր, մենակ ասում էր, որ սաստիկ ցավեր ունի, հստակ չէր ասում, թե իր հետ ինչ է կատարվել, մազերն արյունոտված էին, կեղտոտ էին, բայց գույնը չեմ հիշում», - պատմեց Խումհարյանը։

Գործով մի վկա մահացել է, կան նաև Հայաստանից բացակայողներ, որոնց ներկայությունը նիստին ապահովել հնարավոր չէ: Դատարանում կհրապարակվեն նրանց նախաքննական ցուցմունքները։ Նոյեմբերի 3-ի նիստին հարցաքննվելու է 26-ամյա ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը:

XS
SM
MD
LG