Գյումրեցի կնոջը ավելի քան երկու տարի առաջ դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու համար մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական հեռավար նիստին դատարանը հասցրեց 3 ապացույց հետազոտել:
Քանի որ ապացույցները նաև ռուսերեն են թարգմանվում, ռուսական ռազմաբազայից նիստին միացող ամբաստանյալը միջնորդեց, որ դրանք չթարգմանվեն, քանի որ թարգմանություններն իր ձեռքի տակ կան, և դատարանին միջնորդեց, որ հաջորդ նիստերը ավելի շուտ նշանակվեն, որպեսզի ավելի շատ ապացույցներ հրապարակվեն:
Դատական այսօրվա նիստում հրապարակվեց ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի հեռախոսային խոսակցությունների գաղտնազերծման մասին արձանագրությունը: Հեռախոսազրույցներն արձանագրվել են տղամարդու և կնոջ միջև 2018 թվականի դեկտեմբերի 5-ին՝ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դաժան ծեծից երեք օր անց.
«Տղամարդ. - Ինչպե՞ս են գործերը:
Կին. - Ոչինչ, նորմալ:
Տղամարդ. - Դուք չե՞ք հիշում ես ժամը քանիսին եմ վերադարձել:
Կին. - Ե՞րբ:
Տղամարդ. - Դուք հիշո՞ւմ եք՝ ես երբ եմ վերադարձել կիրակի օրը:
Կին. - Ժամը 6-ի, 7-ի կողմերը:
Տղամարդ. - Եթե կարճ ասած՝ ես արդեն 6-ին տանն եմ եղե՞լ:
Կին. - Դե, հա»:
26 րոպե անց երկրորդ հեռախոսազրույցն է արձանագրվել. «Տղամարդ. - Ամեն ինչ կարգի՞ն է:
Կին. - Հա:
Տղամարդ. - Դուք այդտեղ նայեք, կարճ ասած, գիտեք ինչ է կատարվել, տեսախցիկերն են նայել, ինչ-որ մեկը կռիվ է արել, չգիտեմ:
Կին. - Որտե՞ղ նայեմ։
Տղամարդ. - Իմ բաճկոնը նայեք, դրա վրա հո ինչ-որ բան չկա՞:
Կին. - Ես նայում եմ, իսկ դու այն չլվացի՞ր:
Տղամարդ. - Դուք ուղղակի նայեք ու հետ զանգեք»:
2 րոպե անց արդեն 3 զանգն է եղել. «Կին. - Մեղվաբնի նման բաճկոնը քեզ մո՞տ է:
Տղամարդ. - Գցեք մեքենան ու լվացեք:
Կին. - Բայց դու այն լվացե՞լ էիր:
Տղամարդ. - Ոչ, ես լվացել եմ:
Կին. - Դե հասկանալի է, որ հայերի հետ կռիվ եք արել:
Տղամարդ. - Ո՞վ հասկանա, այնտեղ ինչ-որ մեկը տեսախցիկում տղա է տեսել, այնտեղ մերոնցից մեկին պարզապես բռնել են, դու բաճկոնը նայիր:
Կին. - Ամեն ինչ պարզ է»:
Ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը բնակվել է հորաքրոջ՝ Օլգա Կուզնեցովայի տանը։ Այնտեղից խուզարկությամբ հայտնաբերված մի շարք իրեր, այդ թվում՝ լվացքի մեքենայում գտնված հագուստը որպես ապացույց են առգրավվել։ Ըստ արձանագրության՝ լվացքի մեքենայի մեջ հայտնաբերվել է թաց սև գույնի վերարկու, ըստ Կուզնեցովայի հայտարարության` այդ վերարկուն պատկանել է իր եղբորորդուն` Անդրեյ Ռազգիլդեևին։ Լվացքի մեքենայի կողքից հայտնաբերվել են մոխրագույն, սպորտային կոշիկներ, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր:
Դատական նիստում հրապարակվեցին նաև «Աուրա» գիշերային ակումբի 2 աշխատակիցների՝ Անդրեյ Ռազգիլդեևին ճանաչելու վերաբերյալ արձանագրությունները: Գիշերային ակումբի աշխատակիցները Ռազգիլդեևին ճանաչել են դեպքի վայրի զննությամբ՝ Մայակովսկի 39 տան տեսախցիկների արձանագրած տեսանյութում:
Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 5-ին: