Մատչելիության հղումներ

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները բոյկոտում են հեռավար դատական նիստերը


Տուժողի իրավահաջորդն ու իրավահաջորդի ներկայացուցիչները բոյկոտել են ու չեն մասնակցի գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական հեռավար նիստերին։

Մահացած կնոջ դստեր ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասում է՝ դատարանը ամբաստանյալի ներկայությունը այդպես էլ չի ապահովում, ինչը Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից է։ Ռուս զինծառայողը հեռավար նիստերին մասնակցում է ռուսական ռազմաբազայի տարածքից։

«Մենք չենք մասնակցելու այլևս այդ դատական նիստերին, ինչո՞ւ՝ որովհետև չի ապահովվում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, և գործով մեղադրյալը չի ներկայացվում դատարանի դահլիճ։ Սա լուրջ ընթացակարգային խախտում է, քանի որ հեռավար կարգով մեղադրյալը, արդեն նույնիսկ պաշտպանն էլ հեռավար կարգով՝ սկզբում գոնե պաշտպանը կողքին էր լինում մեղադրյալի, իսկ հիմա նա էլ առանձին, նման իրավիճակում արդյունավետ և օբյեկտիվ դատավարություն իրականացնել հնարավոր չէ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաքունցը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատավոր Ադրինե Ղուկասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում են ներկայացրել Արդարադատության նախարարությանը: Այստեղից պատասխանել են, թե դատավորի արարքին գնահատական տալ հնարավոր է միայն վերջնական դատական ակտից հետո։

Արթուր Սաքունցը համարում է, որ դատական իշխանությունը և արդարադատությունը ենթարկվել են ռուսական ռազմաբազայի հրամանատարի կամայական որոշմանը․ - «Հայաստանի արդարադատությունը ենթարկեցվեց ռուսական բազայի հրամանատարի կամայականությանը։ Ռուսական բազայի հրամանատարի կամայական որոշմամբ մեղադրյալը չի ներկայացվում Հայաստանի Հանրապետության դատարան, և Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ հանձինս դատական իշխանության, հանձինս Արդարադատության նախարարության, բացարձակապես որևէ գործողություն չեն կատարում՝ ապահովելու օրենսդրական պահանջը, այն է՝ մեղադրյալի անմիջական ներկա գտնվելը դատական պրոցեսին»։

Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու համար ռուսական կողմը նախ նրա կյանքի համար անվտանգության գրավոր երաշխիքներ էր պահանջել, հետո էլ մատնանշելով կորանավիրուսի համավարակը՝ հրաժարվել մեղադրյալին դատարան բերել: Բազայի հրամանատարի ներկայացրած հիմնավորումները, ըստ Սաքունցի, հակասում են օրենսդրությանը:

«Այդ ամենը ներկայացվում էր որպես հիմնավորումներ, որոնք ամբողջությամբ հակասում են Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին։ Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը չերաշխավորեց մինչ այժմ օրենքի պահանջի հիման վրա դատաքննության իրականացումը, որի պայմաններում մենք չենք կարող մասնակցել նման ապօրինության», - հայտարարեց Ջուլիետա Ղուկասյանի դստեր ներկայացուցիչը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պատրաստվում են այս հարցերով Եվրադատարան դիմել։ «Հիմա ազգային մակարդակով [այլ տեղ բողոքարկելու] չունենք, բնականաբար՝ միակ մակարդակը մնացել է Եվրոպական դատարանը՝ հարցը բարձրացնելու», - նշեց Արթուր Սաքունցը։

Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 10-ին: Դատարանն ավարտել է գրավոր ապացույցների հրապարակումը, հաջորդ նիստին իրեղեն ապացույցներ են զննվելու:

XS
SM
MD
LG