Մատչելիության հղումներ

Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու գործով նիստում հրապարակվեցին արձանագրությունները


Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու համար մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական հեռավար նիստում այսօր շարունակվեցին հրապարակվել արձանագրությունները։ Վայրը, որտեղ ավելի քան երկու տարի առաջ տեղի էր ունեցել այս ահասարսուռ դեպքը, մոտ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանը։

Նրա տնից առգրավվել են արտաքին տեսախցիկների տեսագրությունները. «Արտաքին տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչ հանդիսացող իրը` սարքը, որի հիշողության մեջ պարունակված տեսանյութերի զննությամբ պարզվեց, որ 02.12.2018 թվականի ժամը 06:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունները գործով հետաքրքրություն են ներկայացնում»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին հայտարարեց, որ տեսանկարահանող սարքն օրենքի խախտմամբ է առգրավվել։ Փաստաբանը հետագայում կմիջնորդի, որ այն ապացույց չհամարվի: Հրապարակվեց նաև տեղանքի զննության մեկ այլ արձանագրություն, երբ տարածքի բնակիչներից մեկը առավոտյան ծխախոտ գնելու է դուրս եկել, տարօրինակ ձայներ է լսել, շրջվել է, և նրա վրա հարձակում է եղել. «Տարածքի զննությամբ մտել է, Հակոբջանյան փողոցով դեպի հյուսիս` 100 մետր, Մայակովսկի փողոցով դեպի Շահումյան փողոց, տեսագրությունները վերցվել են դեպքի վայրի զննությամբ: Զննության մասնակից Ռուբեն Ասկյանը, մատնացույց անելով Մայակովսկի փողոցի տան դիմացի ճանապարհահատվածը, հայտարարեց, որ նշված տեղում լսել է մարդու կողմից հնչեցված տարօրինակ ձայներ, հետ շրջվելով` տեսել է մարդու, ում նմանեցրել է Ռազգիլդեևին: Նշված տեղում այդ անձը հարձակվել է իր վրա, ինքը պաշտպանվելու նպատակով ոտքով հարվածներ է հասցրել այդ երիտասարդի ոտքերին և դիմել է փախուստի, ընթացել դեպի Շահումյան փողոց», - ներկայացվեց նիստի ժամանակ:

Խուզարկվել է նաև ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի հորաքրոջ՝ Օլգա Կուզնեցովայի տունը, որտեղ էլ բնակվել է ամբաստանյալը։ Խուզարկությամբ հայտնաբերված մի շարք իրեր որպես ապացույց առգրավվել են, նույնիսկ լվացքի մեքենայում գտնված հագուստը։

«Լվացքի մեքենայի մեջ հայտնաբերվել է թաց վիճակում սև գույնի վերարկուն, ըստ Կուզնեցովայի հայտարարության` նշված վերարկուն պատկանում է իր եղբորորդուն` Անդրեյ Ռազգիլդեևին, լվացքի մեքենայի կողքից հայտնաբերվել է մեկ զույգ մոխրագույն, սպորտային կոշիկներ, որոնց վրա առկա են արնանման նյութի հետքեր...»:

57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան աշխատանքի գնալիս, ստացած ծանր վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում։ Նրա հարազատները բազմիցս են ասել «Ազատությանը»՝ պատկերացում չունեն, թե ինչը կարող էր նման դաժան ծեծի պատճառ դառնալ, քանի որ մահացածը նույնիսկ չէր ճանաչում մեղադրյալին։ Անցած դատական նիստին հրապարակվել էր դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի ռուսական ռազմաբազայի զինծառայողը մեղսունակ է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին։

XS
SM
MD
LG