Մատչելիության հղումներ

Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատարանն անցավ իրեղեն ապացույցների զննությանը


Գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական հեռավար նիստը շարունակվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բացակայությամբ:

26-ամյա մեղադրյալ զինծառայողն էլ ռուսական ռազմաբազայի տարածքից է միանում նիստին։ Թեև մահացած կնոջ դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը ևս միացել էր պաշտպանների՝ նիստը բոյկոտելու հայտարարությանը, այնուհանդերձ, այսօր եկել էր դատարան:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանները պնդում են, որ հեռավար նիստ անցկացնելը հակաօրինական է, քանի որ ամբաստանյալը, ըստ Քրեադատավարական օրենսգրքի, պահանջի պետք է դատարանի դահլիճում ներկա գտնվի: Դատավոր Ադրինե Ղուկասյանը պարզաբանեց, որ հեռավար դատական նիստ անցկացնելու իր որոշումը հակաօրինական չէ:

«Դատարանը ամբաստանյալի ներկայությունը ապահովել է դատական նիստին օնլայն տարբերակով՝ հեռավար, իսկ Քերական դատավարության օրենսգիրքը չի արգելում հեռավար դատական նիստ անցկացնել», - ասաց դատավորը:

Այսօր դատարանն անցավ գործում առկա իրեղեն ապացույցների զննությանը: Հասցրեցին փոքր արկղում գտնվող իրեղեն ապացույցները զննել: Դրանցում առկա էին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված քարի կտորներ, որոնց վրա, ըստ դատագենետիկական փորձաքննության, արյան հետքեր են հայտնաբերվել. «Հարգելի դատարան, ուշադրություն եմ հրավիրում՝ արնանման հեղուկի հետքեր, չնայած եզրակացության համաձայն հաստատվել է արյան առկայությունը»:

Իրեղեն ապացույցների զննությունը կշարունակվի դատական հաջորդ նիստին՝ մայիսի 17-ին:

XS
SM
MD
LG