Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր կրկին հայտարարել են, թե պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ընդ որում, Ադրբեջանի արտգործնախարարն այս մասին խոսելիս նորից հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտությունը, Թուրքիայի արտգործնախարարն էլ` ընդգծել, որ Անկարան իր քայլերը համակարգում է Բաքվի հետ։ Հայտարարությունները հնչել են Տաշքենդում, որտեղ եռակողմ հանդիպում էր՝ Ուզբեկստանի արտգործնախարարի մասնակցությամբ։
«Ադրբեջանն առաջարկել է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է Բայրամովը, ում խոսքով` դա է Հարավային Կովկասում անվտանգության, կայունության ու բարգավաճման հասնելու բանալին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյո՞ք Հայաստանը լուրջ զիջումների է պատրաստվում. քննարկումԱդրբեջանի արտգործնախարարը, սակայն, չի խոսել այս հարցով Հայաստանի ներկայացրած առաջարկների, մասնավորապես, Ղարաբաղի կարգավիճակն ու այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու մասին։ Փոխարենը ծավալուն անդրադարձ է արել տարածաշրջանային ճանապարհների բացման հեռանկարին։
«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը, ներառյալ «Զանգեզուրյան միջանցքը», կծառայեն միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը` այդ կերպ օժանդակելով տարածաշրջանում խաղաղության և զարգացման հետագա ամրապնդմանը», - հավելել է նա:
Թուրքիայի արտգործնախարարն էլ իր ելույթում պնդել է, թե 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ի հայտ եկել։ Ընդ որում, Չավուշօղլուն ընդգծել է, որ այս իրավիճակից կշահեն այն երկրները, որոնք կողմ կլինեն «կայունությանն ու համագործակցությանը»։
«Կոչ ենք անում բոլորին օգտագործել այս հնարավորությունը: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության, սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում», - շեշտել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կշարունակի խրախուսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումըՉավուշօղլուն նաև ասել է, թե Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները դաշնակցային մակարդակի են բարձրացել Շուշիի հռչակագրով, որը երկու երկրների առաջնորդները ստորագրեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Այսօր էլ Բաքուն և Անկարան հռչակագիր են ստորագրել Ուզբեկստանի հետ, որի նպատակն է ստեղծել եռակողմ համագործակցության հարթակ։
Տաշքենդյան այդ հռչակագրի տեքստը դեռ չի հրապարակվել, սակայն ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե փաստաթղթի 11-րդ կետով կողմերն ընդգծում են Արևելյան Զանգեզուրը և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միացնող «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար։
Ինչ վերաբերում է եռակողմ համագորկացությանը և եռակողմ այս նոր ձևաչափին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքով` այն կբարձրացնի թյուրքական աշխարհի բարեկեցությունը և կամրապնդի թյուրքալեզու պետությունների հարաբերությունները:
Թուրքիան, Ադրբեջանը և Ուզբեկստանը՝ ընդհանուր 130 միլիոն բնակչությամբ, Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներ են։
Կազմակերպությունում առանցքային դեր է միշտ ունեցել Թուրքիան, իսկ 44-օրյա պատերազմից հետո բարձրացել է նաև Ադրբեջանի դերն ու հեղինակությունը այս կազմակերպությունում։