Քաղաքագետ Արեգ Քոչինյան համաձայն չէ ձևակերպման հետ, թե Հայաստանը պատրաստվում է զիջումների գնալ։
Այս պահի դրությամբ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արցախ չկա, որպեսզի Հայաստանն ինչ որ բան զիջի կամ չզիջի, «Ազատության» հետ զրույցում շեշտեց քաղաքագետը՝ նկատելով՝ 44-օրյա պատերազմում Արցախից ինչ որ գրավեց հակառակորդը, գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի վերհսկողության ներքո, ինչ որ չգրավեց, գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, սահմանազատման, սահմանագծման հարցերին, ապա Քոչինյանի համոզմամբ, այդ թեմաները պետք է հնարավորինս բաժանվեն մասերի, առանձնացվեն միմյանցից և քննարկվեն առանձին-առանձին։
«Եվ այդտեղ ժամանակը և հետագա գործողությունները ցույց կտան, թե ինչքանն է Հայաստանը զիջում կամ կարողանում պահպանել», - ասաց քաղաքագետը։
Պետք է մի բան ունենաս, որ հանձնես, իր հերթին նկատում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
«Եթե դու այնտեղ գեթ մեկ զինվոր չունես Բերձորում, ի՞նչ է նշանակում Բերձորը հանձնեցին, Բերձորը վաղուց արդեն ռուսներն էին նայում», - ասաց սոցիոլոգը։
Նրա համոզմամբ, Արցախի հիմնախնդրի լուծումն ամբողջությամբ արցախցիների ձեռքում է։
«Արևմուտքը, մեծ հաշվով, առաջարկում է Հայաստանին և արցախահայությանը որպես առանձին միավոր և ամբողջ հայությանը դիտարկել Կոսովոյի սցենարի ինչ-որ մի նմանություն, այսինքն՝ խոսել այն մասին, որ Արցախում բնակվող հայությունն ունի իրավունքներ և այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն և դրանից նորից սկսել», - ասաց Սարգսյանը։
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․